Հայաստանի գիտության կոմիտեն փաստորեն սպասարկում է Թուրքիայի շահերը
Փորձենք հիմնավորել այս կասկածը:
Յուրաքանչյուր աշնանը Հայաստանի գիտությունների ակադեմիան և գիտությունների կոմիտեն «գիտություն, գիտություն» գոռալով, մի փոքր գումար են «պոկում» Հայաստանի աղքատիկ բյուջեից: Իսկ հետո այդ գումարը հաճույքով բաշխում են գիտական կազմակերպությունների միջև` բնական է, իրենց ևս չմոռանալով (հայկական տարբերակով): Իսկ հետո մեր մասնագետները, բավարարվելով այդ չնչին գումարներով, ստեղծում են բավականին լուրջ արդյունքներ: Հետո գիտության կոմիտեն հավաքում է նրանց տարեկան հաշվետվությունները, իսկ հետո՝ ոչինչ:
Նկարագրվածը կրկնվում է ամեն տարի: Ես հավատացնում եմ, որ գիտության համար նախատեսված գումարները չեն նպաստում ՀՀ-ի զարգացմանը: Գիտության համար նախատեսված ծախսերի արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է, որ գիտության կոմիտեն կատարի իր հետևյալ ակնհայտ պարտականությունները.
1. Սահմանի պետ. բյուջեով աշխատող գիտական կազմակերպությունների նպատակները, որոնք պետք է լինեն միայն և միայն հետևյալները`
ա) նպաստել ՀՀ պաշտպանության մակարդակի բարձրացմանը,
բ) ՀՀ տնտեսության զարգացմանը,
գ) հայագիտության զարգացմանը:
2. Կազմակերպել ՀՀ պաշտպանության և բարդ տեխնոլոգիաների նախարարությունների հետ համատեղ ՀՀ-ում գործող գիտական կազմակերպությունների արդյունքների ներդրման աշխատանքները:
3. Որպես գիտական կազմակերպությունների արդյունավետության չափանիշ հիմք ընդունել միայն վերը նշված նախարարությունների կողմից տրված տեղեկանքները, որտեղ պետք է նշվեն կատարված կամ սպասելիք ներդրումների արդյունավետության քանակական պարամետրերը (սպասելիք տնտեսական էֆեկտի գնահատականները դոլլարով կամ ՀՀ պաշտպանողունակության բարձրացման գործակիցների գնահատականը):
4. Ստեղծել փորձագիտական հանձնախմբեր, որոնք թույլ կտան գնահատել ստացված արդյունքների գաղտնիության աստիճանը և միայն դրանից հետո թույլատրել գիտական խմբերի աշխատանքի արդյունքների տպագրում գիտական բաց մամուլում:
5. Բացառել գիտական խմբի աշխատանքի արդյունավետության գնահատումը մամուլում տպված գիտ. հոդվածների քանակով, քանի որ շատ նշանակալի պետական կարևորություն ունեցող տեղեկություններ տպվելով բաց մամուլում՝ այդպիսով մատչելի են դառնում մեր թշնամի երկրներին: Ստացվում է, որ գիտության պետական կոմիտեն կատարում է ծախսեր, սակայն ունակ չէ գնահատել իր կատարած ծախսերով ստացված արդյունքները: Այն գնահատում են օտարները՝ ըստ իրենց համար օգտակարության չափանիշի: Իսկ այն հիմնավորումները, թե պետգիտկոմը նպաստում է համաշխարհային գիտության զարգացմանը, համամարդկային գիտական առիթների ստեղծմանը ինձ համար ընդունելի չէ, քանի որ այդ ծախսերը կատարվում են մեր թոշակառուների հաշվին: Իսկ եթե ուզում են ստեղծել համաշխարհային արժեքներ, դրա համար կան միջազգային գրանտներ: Եվ ընդհանրապես պետք է հիշել, որ եթե մի որևէ բան չունի արժեք, այն չի կարող ունենալ գիտական արժեք:
6. Զուտ գիտական արժեք ստեղծելու պլանը չպետք է լինի ՀՀ պետ. բյուջեով աշխատող գիտական խմբի նպատակը: Խրախուսել, որ այդպիսի արժեքներ ստեղծվեն միայն միջազգային գիտական գրանտներով:
Փաստենք, որ վերը նշված 6 կետերը ներկայումս չեն իրականացվում գիտական կոմիտեի կողմից: Իսկ եթե գիտական կոմիտեն պետք է իրականացնի միայն գումար բաշխելու գործառույթը, հիշենք, որ այն նախկինում հաջողությամբ իրականացնում էր կրթության եւ գիտության նախարարությունում գործող 4-5 աշխատակցից բաղկացած բաժինը: Չի հասկացվում ինչու է պետք ներկայումս գործող գիտության կոմիտեն իր հսկա ապարատով (ղեկավարություն, 2 վարչություն, 8 բաժին) և մեծ տարածքով (ամբողջ 2 հարկ բարձրահարկ շենքում), տնտեսական մեծ ծախսերով:
Վերը նկարագրածում մոռացա նշել մի փոքր մանրուք: Գիտության կոմիտեն հավաքում է հաշվետվությունները ոչ միայն թղթային տարբերակով, այլ նաև մագնիսական կրիչների վրա: Սկզբից չէի հասկանում, թե ինչու՞ են պահանջում այդ հաշվետվությունները մագնիսական կրիչներով: Իսկ հետո հասկացա, որ այսպիսով ստեղծում են հնարավորություն Հայաստանի ողջ գիտական տարեկան միտքը մկնիկի մի կտոցով առաքելու համացանցով դեպի… օրինակ Ադրբեջան: Չէ՞ որ Հայաստանում վխտում են թշնամի երկրի գործակալները, նրանց համար բացարձակ խնդիր չէ մոտ 100 դոլլարով շահագրգռել այս հաշվետվություններն ընդունող տեխնիկական աշխատակցին իրականացնել այդ փոքր ծառայությունը:
Գիտությունների սովետական դոկտոր պրոֆեսոր Էդուարդ Մանուկյան
Կարծիքներ