Ծանր դուռ

Ծանր դուռ

2021 թվականի քաղաքական տարին Հայաստանի համար մեկնարկում է նույն կետից, ինչով ավարտվել էր նախորդ տարին: 2021-ի քաղաքական տարվա համար Հայաստանում դարձյալ երկու հարց դառնում-մնում է գերիշխող. 1. ղարաբաղյան հիմնախնդիրը, որը դարձյալ հառնելու է ողջ սրությամբ՝ դառնալով ներքաղաքական ցնցումների պատճառ, 2. իշխանության խնդիրը՝ իշխանապահպանման ձգտումներով, հրաժարականների պահանջներով, հեղաշրջման փորձերով, հասարակական անհնազանդության դրսեւորումներով, դառնալու է նոր՝ 2021թ. քաղաքական տարվա անբաժան մասը: 

Այս երկու՝ ղարաբաղյան եւ իշխանության խնդիրները Հայաստանում տասնամյակներ շարունակ քաղաքական օրակարգի անբաժան մաս են կազմել՝ դառնալով քաղաքական քարտեզի փոփոխման պատճառ: Միաժամանակ, ակնհայտ է, որ քաղաքական այս երկու խնդիրները, որոնք թեպետ լինելու են հիմնական երկու ազդու գործոնները Հայաստանի 2021թ. քաղաքական տարվա համար, սակայն ընթանալու են առանց դրանց շուրջ քաղաքական առաջարկների, ծրագրերի եւ քննարկումների:

Եվ մինչ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու փոխարեն հերթական անգամ Տիզբոն՝ Մոսկվա է մեկնում, մինչ Լոնդոնից Երեւան անհայտ ժամկետով հանգրվանած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հռչակած եւ այդպես էլ չկայացած «Նոր Հայաստանի» փոխարեն առաջարկում է ստեղծել «Չորրորդ հանրապետություն»՝ փաստացի առանց Ղարաբաղի, Հայաստանն ապրում է խորքային քայքայման, մեծ անկայունության, անկախ պետականության հանձնման, տարածքային կորուստների ահասարսուռ ժամանակներ:

Եվ թեպետ Նիկոլ Փաշինյանն իր աղետաբեր ստորագրությամբ հանձնել է Ղարաբաղը եւ այժմ Հայաստանի հարավային սահմաններն է նաեւ ներառել ռուս-թուրքական դավադրության հաշվեմատյանում, մինչ Վազգեն Մանուկյանը հայրենիքի փրկության ծրագիրը բացառապես ռուսական ծիրում է տեսնում, մինչ Արմեն Սարգսյանը բանդագուշանքի հանգույն համարակալում է Հայաստանի Հանրապետությունը, մինչ Հայաստանում իշխանության այս երեք կրողներն ու հավակնորդները սեփական տարակուսելի կետից են փորձում սկսել կործանված Հայաստանի վերարթնացումը, ահա՝ քաղաքական այս անհեռանկար հարահոսում եւ աշխարհաքաղաքական շահերի խառնարանում դարձյալ հառնելու է ղարաբաղյան հիմնախնդիրը, որն այժմ ադրբեջանական, թուրքական, ռուսական գերակտիվ վտանգավոր մասնակցությամբ ոչ միայն տեւտոնիկ անկայունության, այլեւ նոր պատերազմի ահռելի լիցքեր է պարունակում: 

Եվ թեպետ Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ի հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը, նկատի ունենալով Ղարաբաղի անհայտ կարգավիճակը, հուսահատ պնդում էր, թե ղարաբաղյան հիմնախնդիրը դեռ չի լուծվել, սակայն Ղարաբաղի ազատագրված տարածքները հանձնելով՝ նա հույս ուներ, որ Ղարաբաղի հարցի այս դավադիր լուծմամբ հայ ժողովրդի մի քանի սերունդների ազատել է խնդրի դժնդակ բեռից՝ սեփական կարճամտությանը զոհաբերելով ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Հայաստանի անկախ պետականությունը:

Ղարաբաղի եւ ազատագրված տարածքների պահպանումը Հայաստանի եւ հայ ժողովրդի համար եղել է պատմաքաղաքական բացառիկ նշանակության խնդիր. այն ոչ միայն Ղարաբաղի հայության ֆիզիկական անվտանգության ապահովման խնդիր է, ոչ միայն հայ ժողովրդի ազգային արժանապատվության հարց, այլեւ Ղարաբաղի պահպանումը, իր կարեւորությամբ, դարձել է հայոց անկախ պետականության պահպանման կարեւոր հենասյուն: Իրականում, Ղարաբաղն ու Հայաստանն այս երեք տասնամյակների ընթացքում միավորված են եղել, այդ իսկ պատճառով բաժանելու բոլոր փորձերն ու առաջարկները պարունակել են հայոց անկախ պետականության փլուզման վտանգ: 

Ղարաբաղը հանձնելով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սասանեց հայոց պետականության պահպանման այդ հիմնասյունը: Այդ իսկ պատճառով Հայաստանի ինքնիշխանությունը, մեր երկրի տարածքային ամբողջականությունն այսօրինակ տեւտոնիկ ցնցումների մեջ են հայտնվել՝ դրվելով ռուս-թուրքական դավադրության սեղանին: 

Հետհեղափոխական 2 տարիների ընթացքում, ՀՀ բացակա արտաքին քաղաքականությամբ, հրահրվող ներքին բախումներով Փաշինյանը մոտեցրեց Ղարաբաղի պարտությունը: Ղարաբաղի հանձնումը դեռ կդրվի քաղաքական հետաքննության եւ դատաքննության սեղաններին: Սա ժամանակի խնդիր է: Այն էլ՝ մոտ ժամանակի:

Միաժամանակ, առաջիկա ամիսներին, ներքաղաքական պայքարի ծավալմանը զուգահեռ՝ ղարաբաղյան հիմնախնդիրը դարձյալ դառնալու է օրակարգային թեժ կետ: Իհարկե, հիմնախնդրի քննարկման ձեւակերպումը հայաստանյան ընդդիմությունն ու իշխանությունն այլակերպել են՝ քննարկելով ոչ թե Ղարաբաղի եւ ազատագրված տարածքների վերադարձի հնարավորությունները, այլ երկուստեք ասպարեզ են նետել այլ հարցադրումներ. դրանք են՝ «Հնարավո՞ր էր, արդյոք, խուսափել պատերազմից», կամ՝ «Ինչո՞ւ ծագեց պատերազմը»: Այս հարցադրումները թեպետ կարեւոր են, եւ դրա պատասխանները դեռ չկան, սակայն Ղարաբաղի խնդիրը խաղաղության եւ պատերազմի տիրույթում վերատեղադրելը դարձյալ նշանակում է հայ ժողովրդի համար պարտողականությունը փորձել դարձնել անշրջելի:

Մինդեռ հիմնական հարցադրումը, որ պետք է դառնա օրակարգային, հետեւյալն է՝ ինչպես վերադարձնել Ղարաբաղը եւ ազատագրված տարածքները: Ղարաբաղի հիմնախնդրի հետ անհրաժեշտաբար պետք է քննարկել Հայաստանի ինքնիշխանության վերականգնման խնդիրը, որի արծարծումը գիտակցաբար եւ ցուցադրաբար անտեսում են իշխանության համար պայքարող Ն. Փաշինյանը, Վ. Մանուկյանը, Ա. Սարգսյանը: ՀՀ ինքնիշխանության խնդրի հետ, օրինաչափորեն, առաջանալու են նաեւ ռուս-թուրքական դավադրության վերածնման, դատապարտման եւ այն քանդելու հարցերը, հարցեր, որոնք հիշյալ երեք գործիչների քաղաքական բառապաշարում, ծրագրերում իսպառ բացակայում են: Սրանք արգելված թեմաներ են այսեւայլ գործիչների համար: 
Մինչդեռ ղարաբաղյան խնդիրը հարկ է քննարկել ռուս խաղաղապահների դուրսբերման, Հայաստանը ռուսական պոլիգոնի վերածվելու վտանգը կանխելու համատեքստում: Ժամանակը գալու է, երբ Ղարաբաղը պետք է ազատագրել ոչ միայն ադրբեջանցիներից եւ թուրքերից, այլեւ՝ ռուսներից: 

2021թ. քաղաքական տարվա համար հաջորդ օրակարգային թեժ խնդիրը դառնալու է իշխանության խնդիրը: 2021-ի հունվարին իշխանության երեք հստակ հավակնորդ կա՝ Նիկոլ Փաշինյանը, Վազգեն Մանուկյանը եւ Արմեն Սարգսյանը: Ն. Փաշինյանի հետ մնացել է նրա գաղափարազուրկ թիմը, պետական նոմենկլատուրան եւ մի շարք գործարարներ, որոնք, որպես կանոն, իշխանության հետ են միշտ երթեւեկում: Վ. Մանուկյանի շրջապատը եւս ակնհայտ է՝ 17+՝ նախկինները: Ա. Սարգսյանի թիմն անհայտ է, թեպետ նրա հետ միավորվելու ազդանշաններ են հղում 17-ի հետ չմիավորված մի քանի կուսակցություններ եւ պետական նոմենկլատուրայի որոշ հատված: Իշխանության այս երեք հավակնորդներն էլ, իրականում, չունեն սոցիալական հենարան եւ հասարակական աջակցություն չեն վայելում:

Իշխանության համար մղվող պայքարը Հայաստանում միշտ էլ դաժան է եղել: Դաժան է լինելու նաեւ այժմ: Փաշինյանը իշխանության պահպանման համար գնում է նախկինների արատավոր ճանապարհով, Մանուկյանի հետ քաղաքական իշխանության են գալու նախկինները եւ ռուսամետ ուժերը, Արմեն Սարգսյանի արտաքին քաղաքական հենարանն ու պարտավորություններն անհայտ են: Այդեւայլ հանգամանքներով պայմանավորված՝ նրանք երեքն էլ Հայաստանի ներկայի եւ ապագայի համար վտանգ են ներկայացնում: Վտանգն ավելի է մեծանում, քանի որ այս երեք գործիչներն էլ իշխանության առայժմ միակ եւ իրական հավակնորդներն են, այլ դեմքեր դեռ չկան: 

2021 թվականը քաղաքական Հայաստանի համար չի լինելու ո՛չ հարաբերական խաղաղության, ո՛չ էլ երջանիկ կայունության տարի: Քաղաքական տարվա տրամաբանության համաձայն՝ նախորդ տարվա վտանգները դեռ պահպանվելու են, սակայն նոր տարին նաեւ նրանով է նոր, որ բացում է նոր հնարավորությունների, նոր նպատակների եւ նոր ճանապարհների թեպետ ծանր, բայց հուսաբեր դուռը: Ողջ դժվարությունն այն է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է ողջամտություն եւ շրջահայացություն, խիզախություն եւ քաջություն, կամք եւ կորով գտնեն իրենց մեջ՝ աշխարհաքաղաքական այս թանձր մառախուռի մեջ փնտրելու, տեսնելու, ի վերջո՝ խիզախելու՝ բացել այդ ծանր, բայց հուսաբեր դուռը: 

Բարի գալուստ 2021 թվական: