ՀՖՖ-ն թաքնվել է ԱԱԾ-ի հետևում. «Լոկոմոտիվը» պարզաբանումներ է ներկայացնում

ՀՖՖ-ն թաքնվել է ԱԱԾ-ի հետևում. «Լոկոմոտիվը» պարզաբանումներ է ներկայացնում

Մեր ակումբի հանդեպ տեղի ունեցող գործողությունները անօրինական են, կանխամտածված և ուղղորդված։

Հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Լոկոմոտիվ Երևան» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Արմեն Քանանյանը։

Հիշեցնենք, որ ՀՖՖ- ն որոշում է կայացրել ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնությունը դադարեցնելու մասին, «Լոկոմոտիվը» և ևս մի քանի ակումբներ մեղադրվում են պայմանավորված խաղերում ներգրավված լինելու մեջ, «Լոկոմոտիվը» մրցաշարային աղյուսակում ընթանում էր առաջին հորիզոնականով։

Ակումբի գործադիր տնօրենը հերթական անգամ նշեց, որ իրենց՝ մեղադրվող կողմին, հիմքերն ու ապացույցները տրամադրելու համար ՀՖՖ-ն պահանջել է 100 հազար դրամ, որը իրենք ամեն դեպքում վճարել են, սակայն, ըստ Քանանյանի, դա անօրինական է և աննախադեպ իրադարձություն։

«Մելիքբեկյանի հետ հանդիպման ժամանակ վարչապետը նշել էր, որ հայկական սպորտից պետք է արմատախիլ արվի կոռուպցիան, մենք այդ հանգամանքով պայմանավորված՝ ուրախացել էինք, քանի որ վերջապես երկրի ղեկավարի ուշադրության կենտրոնում է լինելու հայկական ֆուտբոլը, ուստի Հայաստանում վերջապես լինելու է նաև արդար մրցակցություն, սակայն իրենք հետո իրենց անօրինականություններին հավաստիություն և վստահություն փոխանցելու համար փորձեցին թաքնվել ԱԱԾ-ի բարձր հեղինակության հետևում։ Արմեն Մելիքբեկյանը , ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը և ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը մշտապես իրենց հարցազրույցներում նշել են, թե ԱԱԾ-ից կամ Հայաստանի այլ իրավապահ մարմիններից ունեն տեղեկություններ պայմանավորված խաղերի մասին, բայց ես կասեմ, որ իրենց տրամադրած փաստաթղթերում չկա գոնե մի նախադասություն, որից կենթադրենք , որ, ասենք, ԱԱԾ-ն որևէ գործողություն է իրականացրել այս թեմայի շուրջ, ԱԱԾ-ի մասին որևէ տառ գոյություն չունի»,- ասաց Քանանյանը։

Նա պնդեց, որ փաստորեն ստացվում է, որ ցմահ որակազրկված ակումբի նախագահը կամ ինքը որևէ դրվագով կոնկրետ ինչ-որ մի բանի մեջ չեն մեղադրվում։

«Իրենք չարաչար սխալվել են, իրենք պարտվելու են, մենք հաղթելու ենք, ուղղակի սա ժամանակի հարց է, մենք մեր անմեղության վրա վստահ ենք, մենք ոչ մի խաղ կոռուպցիոն կամ անարդար ճանապարհով չենք հաղթել, հաղթանակները տարել ենք միայն ու միայն արդար ճանապարհով և մեծ դժվարությամբ»,- հավելեց Արմեն Քանանյանը։