Մեծ հաշվով, այս ամենի հեղինակը ժողովուրդն է

Մեծ հաշվով, այս ամենի հեղինակը ժողովուրդն է

Թե ինչ կատարվեց Հայաստանում 2018-ին, գաղտնիք չէ, քանզի ամենը կատարվեց ժողովրդի իմացությամբ ու նրա անմիջական մասնակցությամբ: Այլ բան է, որ այդ ամենը հստակ իրականացվում էր Արեւմուտքի (հատկապես սորոսական կառույցների) կողմից կազմակերպված հստակ ծրագրի համաձայն, որը տարիների նախապատրաստական շրջան էր անցել եւ շատ նման էր Խորհրդային Միության փլուզման ծրագրին, որից ժամանակին բացարձակապես տեղյակ չէր ԽՍՀՄ ժողովուրդը, քանզի դրա՝ ժողովրդին տեսանելի մասը տասնյակ տարիների ընթացքում սուպեր հանճարեղորեն էր մշակված։ Այլ խոսքով՝ ամեն ինչ կառուցված էր Խորհրդային Միության հիմնական թերությունների սպեկտրի ցուցադրման եւ դրանց՝ արեւմտյան արժեքների հետ հակադրության ֆոնին, ինչպես նաեւ արժեքային փոխակերպման արդյունքում սպասվելիք շքեղ կյանքի գայթակղությունների քարոզով: 

Ահա, այսպես գայթակղելով Խորհրդային Միության ժողովրդին, քանդեցին ԽՍՀՄ-ը, նույնկերպ ոգեւորեցին ու խելքահան արեցին նաեւ Հայաստանի ժողովրդին: Մեր միամիտ ժողովուրդը տիեզերական ցնծությամբ գնաց այդ քայլին եւ սարսափելի մեծամասնությամբ քվե տվեց սորոսական ուժերին ու մինչ այսօր չի կարողանում եւ չի էլ կարողանալու ազատվել դրանցից ու փրկել կործանվող Արցախը եւ Հայաստանը: Ի՜նչ ժողովրդավարություն, ի՜նչ նախկիններ, ի՜նչ թալան, ի՜նչ կոռուպցիա... սրանք, ժողովրդի լեզվով ասած, ընդամենը կտեր էին, որոնցով մթագնեցին նույնիսկ խելացի, մտածող, վերլուծող մարդկանց ուղեղները, թոզ փչեցին աչքերին եւ ընտրության անվան տակ գեղեցիկ սարքեցին այն, ինչ Արեւմուտքին էր պետք: Մեր ժողովուրդն այնքան միամիտ է, որ չէր էլ նկատում, թե ինչպես է ողջ Արեւմուտքը՝ առանց թաքցնելու, մշտապես բարձրաձայնում ու պաշտպանում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: 2018-ին արդեն ժողովրդի ուղեղները հանճարեղորեն լվացին, եւ անգամ այն գործիչների ու մտավորականների ընդվզումը, ովքեր պարզորոշ հասկանում էին այս ամենի խորքը եւ բարձրաձայնում, տեղեկացնում էին ժողովրդին, անտեսվեց: 

Ասողին լսող է պետք: Եթե ուրիշ ոչինչ, ապա նոր ձեւավորված իշխանության առաջին եւ ցանկացած քայլը պարզորոշ վկայում էր, թե ուր են տանում մեր երկու հայկական պետություններին։ Պարզ էր, որ լավ տեղ չեն տանում: Ցավալիորեն, մի մասն այսօր էլ չի տեսնում, թե ինչպես խաղաղության կեղծ լոզունգների անվան տակ Արցախն ամբողջությամբ եւ Հայաստանի կարեւոր ստրատեգիական տարածքներն ուղղակի նվիրում են Ադրբեջանին: Դա անում են չափազանց վարպետորեն, որպեսզի ժողովուրդը չտեսնի դրա խորքը, եւ արդեն եկել է այն պահը, երբ նույն ժողովուրդը, որին հարյուրավոր ամբիոններից տարբեր կերպ բացատրվել է, որ կատարվողը դավաճանություն է՝ դա Արցախի ամբողջական եւ Հայաստանի մասնակի հանձնումն է Ադրբեջանին, սակայն նա չի ցանկանում լսել։ Փոխանակ օր առաջ գիտակցեն այս չարաբաստիկ կործանման վտանգն ու դուրս գան պայքարելու դրա դեմ, ժողովրդի մի փոքր մասն է միայն դուրս գալիս պայքարի, մեծամասնությունն անհաղորդ է, զբաղված իր առօրյայով եւ թքած ունի, թե ինչ կլինի Արցախի եւ Հայաստանի հետ...  

Փաստացի, առաջիկա 5-6 օրվա ընթացքում Ադրբեջանին պետք է հանձնվեն չափազանց որոշիչ ստրատեգիական բնակավայրեր, որին ժողովուրդը վերաբերվում է շատ նորմալ՝ կարծես դա այդպես էլ պետք է լիներ: Քանի որ Ադրբեջանն ինչպես ուզում, այդպես էլ լինում է, սպասենք, թե բնակավայրերի որ հերթական փունջը երբ կհանձնվի, քանզի, միեւնույն է՝ ժողովուրդը որեւէ դժգոհություն չի արտահայտելու, անգամ եթե հերթը հասնի իր բնակավայրերին: Մեր ժողովուրդը հաշտվել է հայրենիքը մաս-մաս հանձնելու ապագայի հետ, մնում է միայն բնորոշել, թե ժողովրդի նման պահվածքն ինչ անուն ունի...

Դավաճաններ, դավաճան իշխանություն... միշտ եղել են ու կլինեն։ Նման բաների մեր պատմության ընթացքում մեր նախնիները շատ են ականատես եղել, սակայն «դավաճան ժողովուրդ» հասկացության երբեւէ չեն հանդիպել ոչ մի ժամանակներում եւ ոչ մի ժողովրդի պատմության ընթացքում...

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ