«Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում»

«Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում»

Կա՞ հայրենիքի նկատմամբ սիրո ավելի վեհ ու անգերազանցելի  տող, քան Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում…» անձեռ քանդակագործությունը։ Շատերն են ասում՝ պիտի միավորվել գաղափարի շուրջ, իսկ ես միշտ այն կարծիքին եմ, որ  երբ հայրենիքը վտանգի մեջ է, պիտի միավորվել հայրենիքի, ազգային  սիրո շուրջ։ Այդ ինչպե՞ս է եղել, որ Չարենցը մի ամբողջ ազգ է միավորել, խոնարհեցրել  «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում…» քանդակի առաջ, իսկ այսօր վեհ բառին հակառակ մի անձ կարողացել է այդ սերը մեզնից առնել ու ամեն ինչ խոնարհեցնել սեփական աթոռի առաջ։ Մարտիրոս Սարյանը գրում է․

«Բացի Սուրբ Մեսրոպի ու Սահակի աղոթքներից, որ մանկության հեռավոր տարիներին ժառանգել եմ ծնողներիցս, դպրոցում չեմ սիրել բանաստեղծություն անգիր անել։ 
... Բայց, ահա՛, չեմ հիշում, թե երբ եմ առաջին անգամ լսել կամ կարդացել «Ես իմ անուշ Հայաստանին»։ Երբեք բերանացի չեմ սովորել, պարզապես գիտցել եմ։ Ինձ թվում է, թե Սահակի ու Մեսրոպի աղոթքների հետ էլ բերել եմ։ 
Դա մեր այսօրվա աղոթքն է։ Աղոթք, որ կարելի է թե՛ մտքում հյուսել, թե՛ մրմնջալ շշուկով, թե՛ արտասանել բարձրաձայն։ 
Այսպիսի մի երկ աշխարհ բերելու համար պետք էր ամենաքիչը կիսաաստված լինել»։
Վիլյամ Սարոյանին լսենք․«Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում…»: Անոր չհանդիպած՝ գիտէի արդէն իր այս քերթուածը: Սկսած էի արտասանել Ամերիկայի մեջ: Ամէն մէկ բառը բացատրել տուած էի ու գրեթէ գոց սորված: Զայն մինչեւ այսօր կը նկատեմ մեր երկրին, մեր հողին, մեր պատմութեան նուիրուած ամէնէն գեղեցիկ երգը: Գովաբանման աղօթքը, «Հայր Մեր» -ին նմանվող աղօթք մը»:
Արևն ի՞նչ համ ունի, երբ Չարենցը գրում է արևահամ։ Դա միայն հայը գիտի։ Իր հողը, քարը, միրգը, շորը, ամեն, ամեն ինչ արևի համ ունի․․․ Երբ այդ արևահամը չես զգում, հողին տարածք ես ասում, խաչքարին՝ զիբիլ՝ հոգեբանորեն հեշտ է լինում հողից, տարածքից, եկեղեցուց , խաչքարից, նույնիսկ արևից հրաժարվելը։ Արևի հոտը պիտի զգալ ամեն ինչի մեջ, եթե մեջդ է արևը, հայրենիքի հանդեպ սերը։ Այս առումով, երբ մեր հայրենիքը մաս- մաս հանձնվում է, չեմ հասկանում այն մարդկանց, որոնք ասում են՝ ու՞մ, ինչի՞ շուրջ համախմբվենք։ 
Համախմբվեք հայրենիքի նկատմամբ սիրո շուրջ։ Ուրիշ բան պետք չէ․
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։