«Հրապարակ». Անգամ կանխորոշված արդյունքի դեպքում ընդդիմությունը պարտավոր է ՄԻՊ թեկնածու առաջադրել

«Հրապարակ». Անգամ կանխորոշված արդյունքի դեպքում ընդդիմությունը պարտավոր է ՄԻՊ թեկնածու առաջադրել

Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրելու համար օրենքով սահմանված ժամկետը լրանում է այսօր: Մինչդեռ երեկ դեռ թեկնածու առաջադրելու որոշում չունեին ո՛չ ընդդիմադիրները, ո՛չ էլ իշխանությունները: 

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ խորհրդարանական ուժերը թեկնածուներ կարող են առաջադրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր մնալուց հետո տասնօրյա ժամկետում: Նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմումը ներկայացրել է  հունվարի 23-ին՝ պաշտոնավարելով ընդամենը մեկ տարի: Գրիգորյանը հրաժարվեց ՄԻՊ պաշտոնից՝ այլ պաշտոնի անցնելու պատճառաբանությամբ: Թե այդ ինչ նոր պաշտոն է, որը կարելի է փոխարինել պետության ամենապատվաբեր պաշտոնով, ոմանց պարզ չէ, թեեւ արդեն լուրեր կան, որ նա արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնին է նշանակվելու: 

Իհարկե, ՔՊ-ն այսօր կներկայացնի թեկնածու, որի անունը կուղարկեն կառավարությունից: Բայց խմբակցությունում ՄԻՊ թեկնածուի հարց դեռեւս չեն քննարկել, չնայած օրենքը խմբակցությանն է վերապահում այս պաշտոնում թեկնածու առաջադրելու լիազորությունը: Բոլորին պարզ է, որ իշխանության մեջ մեկ մարդ է որոշում՝ ով ինչ նշանակվի, իսկ Նիկոլ Փաշինյանը որոշել է վերջին պահին բացել խաղաքարտերը: 

Ընդդիմադիր երկու խմբակցությունները, մեր տեղեկություններով, չեն պատրաստվում թեկնածու առաջադրել՝ համարելով, որ ՔՊ-ի մեծամասնության պարագայում դա անիմաստ է, եւ իրենց թեկնածուի առաջադրումն իշխանությունները վերածելու են նախկին-ներկա` հավերժական թվացող դիսկուրսի, ինչպես եղավ անցած տարի, երբ «Հայաստան» խմբակցությունը ՀՌԱՀ անդամի թեկնածու առաջադրեց «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, նախկին դաշնակցական Ռուբեն Հակոբյանին, եւ այդ թեկնածության քննարկումն իշխանությունները տեղափոխեցին անձնական դաշտ: Մինչդեռ, եթե ճիշտ թեկնածու ընտրվի, եւ չներքաշվեն նախկին-ներկա դիսկուրսի մեջ, սա շատ լավ առիթ է՝ բարձր ամբիոնն օգտագործելու եւ մարդու իրավունքների խախտումներն ի ցույց դնելու համար: Ասենք, եթե ընդդիմությունը որպես այլընտրանք հասարակությանը ներկայացներ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի թեկնածությունը, միմիայն կշահեր, կամ համարժեք այլ թեկնածություն: Բայց ընդդիմադիրները կարծում են, որ որեւէ մեկը չի համաձայնի դառնալ ընդդիմության թեկնածուն՝ ակամայից դառնալով իշխանության կեղտոտ արշավանքների «զոհը» եւ վահագնալեքսանյանների թիրախը: 
Ինչեւէ, երեկ երկու ընդդիմադիր խմբակցությունից էլ մեզ հայտնեցին, թե դեռ որոշում չունեն: Մեր աղբյուրներն ասացին, որ հստակ չեն հայտնում չառաջադրելու մասին, գուցե մի կամիկաձե ինքնառաջադրվի, եւ իրենք էլ սիրով պաշտպանեն այդ թեկնածուին:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը մեզ ասաց, որ հարցը դեռեւս քննարկվում է, ու հրաժարվեց այլ հարցերի պատասխանել, անգամ սեփական տեսակետը հայտնել՝ առաջադրել-չառաջադրել հարցերի շուրջ։ «Ընթացիկ հարցերի վերաբերյալ ես կարծիք չեմ հայտնում»,- ասաց նա: Իսկ իրականությունն այն է, որ «Պատիվ ունեմ»-ում էլ է մեկ մարդ որոշում` Սերժ Սարգսյանը:

«Հայաստան» խմբակցությունից խոսեցինք Արթուր Խաչատրյանի հետ։ «Այս պահին այդ հարցին չենք անդրադարձել»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը: Հիշեցրինք, որ ժամկետը լրանում է։ «Մինչեւ վաղը ժամեր կան, բայց այս պահին դեռ չենք անդրադարձել»: Անձամբ պատգամավորը կարծում է, որ գործող մեծամասնության պարագայում նպատակահարմար չէ թեկնածուի առաջադրում, որովհետեւ «իրենք առաջնորդվելու են ոչ թե պրոֆեսիոնալ որակավորմամբ, այլ անձով, որ իրենց թիմից է, թե ոչ»: Դիտարկմանը, որ, այդուհանդերձ, ընդդիմությունը չպե՞տք է հասարակությանն այլընտրանք ներկայացնի, ի վերջո, դա է ճանապարհը, որ մարդիկ տեսնեն, թե այս իշխանության այլընտրանքն ով կամ ովքեր կարող էին լինել։ «Հա, բայց դա չի նշանակում, որ մարդուն պիտի հանես այդտեղ, որ չքվեարկի: Իմ կարծիքով, դա հավելյալ արժեք չի ստեղծում, դուք խոսում եք տեսության մասին, ես ասում եմ, որ գործնականում անհնար է»,- անդրդվելի մնաց Խաչատրյանը: Դիտարկմանը, որ նույն տրամաբանությամբ ընդդիմության՝ խորհրդարանում լինելն էլ հավելյալ արժեք չի ստեղծում․ միեւնույն է՝ իշխող մեծամասնությունն ինչ ուզում, անում է, պատասխանեց. «Նույնը չէ, որովհետեւ դու խորհրդարանում ներկայացնում ես քո այլընտրանքային մոտեցումները, իսկ սա մոտեցման խնդիր չէ, մարդու մասին է խոսքը»:

Հիշեցնենք, որ 2016 թվականին, երբ ՀՀԿ-ն Արման Թաթոյանի թեկնածությունն էր առաջադրել, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որպես այլընտրանք, ներկայացրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, ԲՀԿ-ն` Տիգրան Ուրիխանյանի: Հիմա, եթե խորհրդարանական ընդդիմությունը վախենում է քննադատությունից եւ կարծում է, որ պետք չէ ՏԻՄ ընտրություններում կամ ընտրովի պաշտոններում թեկնածու առաջադրել, որովհետեւ իշխանության հալածանքներին կենթարկվի, առնվազն պետք է դուրս գալ քաղաքական դաշտից, տեղը զիջելով այլ՝ համարձակորեն կռվի մեջ մտնող ու հալածանքներից չվախեցող ուժերին:

ՄԻ նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, ընդդիմությունն ուղղակի պարտավոր է թեկնածու առաջադրել։

«Ընդդիմությունը ցանկացած որեւէ պաշտոնում պետք է իր թեկնածուին առաջադրի, այս համոզմանն էինք մենք, երբ նախկինում խորհրդարանում ամենափոքրաթիվ խմբակցությունն էինք ներկայացնում: Թեկնածու ներկայացնելը պարտադիր է, եթե անգամ նախապես գիտես, որ 2-3 հոգի է կողմ քվեարկելու: Առաջադրումը նշանակում է, որ ոչ թե պետք է պարտադիր նշանակվի կամ ընտրվի, այլ այդ առաջադրման նպատակը` հանրությանը ծանոթացնել այլընտրանքային մոտեցումներին: Լինելով երդվյալ անկուսակցական, կարծում եմ, որ թեկնածու առաջադրելն ընդդիմության պարտականությունն է, անգամ եթե, ցավալիորեն, կանխորոշված է արդյունքը: Ի վերջո, քաղաքական պայքարը ենթադրում է, որ կարող ես պայքարել, բայց չհաղթել: Պայքարն ինքնին կարեւորագույն, հանրության համար կարեւոր խնդիր է, ու չպետք է զենքերը վայր դնել»:

Ալավերդյանի խոսքով՝ թեկնածուի առաջադրումը նաեւ հնարավորություն է հնչեցնելու պետական այս ինստիտուտի կարեւորության մասին. «Այդ դեպքում կհնչեցվեն նաեւ ինստիտուտի գլխավոր խնդիրները, փարիզյան հատուկ սկզբունքները, որոնց համաձայն՝ պետք է գործեր անկախ, յուրօրինակ հաստատությունը եւ պաշտոնյան: ՄԻՊ-ը, չեմ խորշի ասել, Հայաստանի բարձրագույն պաշտոններից մեկն է, այս պաշտոնը զբաղեցնողը չպետք է  մտածի այլ պաշտոնի տեղափոխվելու մասին։ Դա առաքելություն է»: