«Իմ մի կյանքը 100 հայի կյանք է». Գառնիկը զոհվեց պատերազմի ավարտից 2 ժամ հետո

«Իմ մի կյանքը  100 հայի կյանք է». Գառնիկը զոհվեց պատերազմի ավարտից 2 ժամ հետո

2001 թվականի օգոստոսի 23-ին Գյումրիում,Ղանդիլյանների ընտանիքում ծնվեց Գառնիկը։ Նա սիրում էր,որ իրեն Գռնո էին ասում։ Ընկերասեր,խելացի,կատակասեր ու աշխատասեր տղա էր։ Շուտ բռնկվող էր և չէր սիրում զգացմունքները ցույց տալ։ Դպրոցում սովորում էր գերազանց։ Ինչպես նաև լավ երգում էր։Երգերից մեկն էլ բանակի ու մոր մասին է։ Հաճախում էր սպորտի՝ձյուդոյի և հասցրել էր 7 մեդալ և բազմաթիվ պատվոգրեր ունենալ։ Աշխատել է տարբեր բնագավառներում,սովորել՝ավտոդպրոցում։

2019 թվականի դեկտեմբերի 16-ին Գառնիկը զորակոչվեց հայկական բանակ։Զ ինվորական հավաքակայանում էլ աչքի էր ընկնում իր տեսակով և հեռուստադիտողներին էր փոխանցել իր բարձր տրամադրությունը։Սրտի թրթիռով սպասում էր թե երբ է հագնելու զինվորական համազգեստը։ Գառնիկը ծառայության էր անցել Ստեփանակերտի Ցոր զորամասում։ Վարորդ էր ու սիրում էր ծառայությունը։ Այստեղ ևս հասցրել էր շատ ընկերներ ունենալ։ Զինվորական երդման բացումը հենց իրեն էր վստահվել։

Պատերազմի օրերին Գառնիկը եղել է Մարտակերտում,Օմարի լեռներում, Հադրութում,Շուշիում։ Գառնիկն ուրախություն էր բերում։ Այդ օրերին էլ զանգելիս,բարձր տրամադրություն ուներ ու ընկերներն ասում էին.«Գռնոն,մեր ժպիտի հեղինակն է»։ Երբ մայրը խնդրել էր որդուն տուն վերադառնալ, նա պատասխանել էր. «իմ մի կյանքը,100 հայի կյանք է մամ։ Ոնց թողնեմ ու գամ,որ գան ու հասնեն իմ բա՞կ։ Ինձ էստեղից կամ խփված կհանեն,կամ վիրավոր»։ Գառնիկը փրկում էր շատ վիրավոր զինվորների, վտանգելով սեփական կյանքը։ Զինվորներին ապահովում էր սնունդով և անհրաժեշտ պարագաներով։ Վերջին անգամ Գառնիկը մոր հետ խոսեց նոյեմբերի 9-ին, ասելով.«Մամ հոգնած եմ գնամ քնեմ,առավոտը կզանգեմ»։

Սակայն նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը,պատերազմի ավարտից 2 ժամ հետո, Կարմիր Շուկայում անմահացավ Գառնիկը։ Նա հավերժ մնաց պատերազմում, որ իր ջերմությամբ արևոտ ու խաղաղ օրեր բերի բոլորիս։ Փառք քեզ Գառնիկ Ղանդիլյան

Անի Ավետիսյան