Ինչո՞ւ է պարետատունը ձախողել իր աշխատանքը

Ինչո՞ւ է պարետատունը ձախողել իր աշխատանքը

Հասարակական և քաղաքական շրջանակները միաձայն փաստում են, որ պարետատունը ձախողել է Կորոնավիրուսի դեմ պայքարն ու չի կարողացել որևէ լուրջ կանխարգելող միջոցառում իրականացնել։ Ասվածի համատեքստում տրամաբանական հարց է առաջանում, թե ինչո՞ւ է այդպես ստացվել, ի՞նչն է պարետին և պարետատանը խանգարել բնականոն կյանքի կոչել իրենց առջև դրված խնդիրները։ Իմ համոզմամբ հարցի պատասխանը գտնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին դիտարկման առարկա դարձնել ոչ թե պարետատան աշխատանքը, այլ՝ վարչապետ Փաշինյանի գործոնը։ 

Սկզբի համար արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը թիմային խաղացող չէ և երբեք չի էլ եղել: Գրեթե բոլոր կազմակերպությունները, որոնց անդամակցել է Փաշինյանը, ներքաշված են եղել կոնֆլիկտային փոխհարաբերությունների ու ինտրիգների մեջ, իսկ նա էլ՝ մշտապես այդ ամենի կիզակետում: Միգուցե ընդդիմադիր գործիչ Փաշինյանի պարագայում սա հաղթահարելի խնդիր էր և որոշ դեպքերում նույնիսկ առավելություն, քանի որ նա կարողանում էր միայնակ ամբողջ ծանրությունը վերցնել իր վրա ու ժամանակավոր դաշնակիցների օգնությամբ հաղթահարել բոլոր խոչընդոտները: Այո՛, Փաշինյանի պայմանական թիմերը մշտապես կառուցվել են ժամանակավոր դաշնակիցների հիմքի վրա, քանի որ նրա հետ երկարաժամկետ գործընկերություն գրեթե անհնար է նախաձեռնել: 

Փաշինյանը բոլոր որոշումները կայացնում է միանձնյա ու չի կարողանում հանդուրժել որևէ միջամտություն: Ահա սա է պատճառը, որ ինքն իրեն մշտապես շրջապատել է թույլ ու վերահսկելի գործիչներով, որոնք պատրաստ են հանդուրժել կամքի ու քմահաճույքի բոլոր կամայական դրսևորումները: Բայց եթե ընդդիմադիր Փաշինյանի պարագայում սա հաղթահարելի խնդիր էր, ապա վարչապետ Փաշինյանի դեպքում՝ լուրջ ու անհաղթահարելի խնդիրներ են առաջանում: 

Պետական կառավարման համակարգն ինքնին բարդ ու բազմաշերտ դրսևորում է: Այն գործում է առանձին միավորների, ուղղահայաց ու հորիզոնական փոխհարբերությունների և փոխկապակցված մեխանիզմների հիմքի վրա, որոնց համալիր ներգործությամբ կազմակերպվում է պետության կառավարման գործը: Այսինքն համակարգը որպես այդպիսին չի կարող կառուցարկվել ու գործել մեկ մարդու անձի ու հեղինակության հաշվին, քանի որ գործ ունենք բազմավեկտոր կառույցի հետ: Հակառակ պարագայում համակարգը դատապարտված է լավագույն դեպքում անարդյունավետ գոյության, իսկ վատագույն դեպքում էլ՝ կազմաքանդման: 

Բայց ինչպես վերևում նշեցինք, Փաշինյանը թիմային խաղացող չէ, և նրա այդ առնաձնահատկությունը բնական հակասության մեջ է մտնում պետական կառավարման համակարգի բազմավեկտոր ու բազմաշերտ էության հետ: Տեսնում ենք նաև, որ վարչապետը չի էլ փորձում հաղթահարել իր այդ բարդույթը: Նույնիսկ այդ կարգավիճակում շարունակում է նույն ոգով, հանդես է գալիս որպես մեկ խաղացող, չի հանդուրժում, երբ իրեն հակադարձում են, միջամտում է բացառապես բոլոր գործընթացներին ու ամբողջ պատասխանատվությունը դնում է իր ուսերին: 

Սա լուրջ խնդիր է և ոչ միայն համակարգի արդյունավետ կառավարման տեսանկյունից: Վարչապետը նաև փաստացի խոչընդոտում է պետական ինստիտուտների կայացման գործընթացը՝ թույլ չտալով տարատեսակ կառույցներին  բնական ճանապարհով կայանալ ու ինքնադրսևորվել: Արդյունավետ կառավարում ապահովելու համար կառավարիչը պետք է օժտված լինի չափազանց կարևոր մի հատկանիշով. նա պետք է սովորի վստահել իր գործընկերներին ու ենթականերին: Հատկապես երբ խոսքը գնում է մեծ համակարգերի մասին: Փաշինյանը չի վստահում ոչ ոքի, նա սովոր է ամեն ինչ ինքնուրույն անել: Անվստահության ու էգոիզմի այս միջավայրում հնարավոր չէ լուրջ արդյունքներ արձանագրել: 

Այս և այլ բազմաթիվ պատճառների ներգործության պայմաններում ներկայումս վարչապետը թիմ չունի: Եղածն էլ թիմ չէ, այլ՝ խառնիճաղանճ բազմություն՝ անլեզու պորտֆելներ ու անբարբառ մանդատներ, ոչ ավելին: Բազմությունն այս իր հերթին տրոհված է կլանների, որոնք էլ գտնվում են մշտական դիմակայության ու դավադրությունների տիրույթում: Իրավիճակն այս իրական խնդիր է, որը բարդանում է ժամանակի հետ համընթաց: Որքան ժամանակն առաջ է գնում, այդքան էլ դրանք ավելի վտանգավոր են դառնում՝ ինչ-որ մի օր վարչապետին փաստի առջև կանգնեցնելու հեռանկարով: 

Այս պարագայում նույնպես Փաշինյանը ոչ մի էական լուծում չի փորձում փնտրել, ընդհակառակը՝ էլ ավելի է խորացնում խնդիրները: Նա չեզոքացնում է այն գործոնը, որը հետագայում՝ ամենապատասխանատու ու դժվարին իրավիճակներում, վստահաբար պետք է գալու հենց իրեն ու կառավարող ուժին:  Քաղաքական ճգնաժամի պարագայում ովքե՞ր են քաղաքական պատասխանատվություն ստանձնելու, թույլ ու հեղինակազրկված չինովնիկները, թե՞ անլեզու ու անբարբառ պատեհապաշտները: Միգուցե Փաշինյանը նորից տարվել է այն մտայնությամբ, թե բոլոր խնդիրները միշտ լուծվելու են միանձնյա ու ինքնուրույն, իր հեղինակության ու հռետորական արվեստի հաշվին: Իսկապես սա մոլորություն է, որովհետև գալու է մի պահ, երբ հեղինակությունն այդ այլևս փոշիացած է լինելու և վարչապետը հանդիպելու է մի մեծ ու անհաղթահարելի պատնեշի: Կորոնավիրուսի դեմ պայքարի անլրջացումը ասվածի լավագույն վկայությունն է, քանի որ համակարգի բնականոն աշխատանքի կազմակերպումը փոխարինվեց ֆեյսբուքյան ֆլեշմոբերով։ Սա պարտություն է և առաջին հերթին հենց պետական համակարգի պարտությունը։ 

Իմ դիտանկյունից հենց սա է պարետատան և ամբողջ համակարգի ձախողման պատճառը։ Մարդ-համակարգի կարգավիճակով Փաշինյանը կլանել է ողջ համակարգն ու իր գործոնով արգելակել դրա բնականոն աշխատանքը։