Բաց նամակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանին

Բաց նամակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանին

Հրապարակավ ելույթից առաջ, մեծարգո պարոն փոխնախարար Արա Խզմալյան, պետք է մշակույթի շիվերը խչմարելու փորձն ունենաք։

Ասելիքս պարզաբանելուց առաջ նախ անդրադառնամ Ձեզ հետ հեռուստազրույցի մի հատվածին. «Հայաստանի ազգային կինոկենտրոնում որոշ հաստիքներ պիտի կրճատվեն, եւ ինչ-որ աշխատակիցներ ակտիվացել են մամուլի էջերում եւ բերում են մեղադրանքների մի տեղատարափ, որը, կարծում եմ, էդքան էլ բարոյական չի, որովհետեւ, եթե չլիներ հաստիքների կրճատման խնդիրը, էդ նույն հարցերը չէին բարձրաձայնվելու, եւ դրանց մասին չէին խոսելու, ինչպես չէին խոսել տասնամյակներ շարունակ»։

Արդյոք Դուք տեղյա՞կ եք կրճատման ենթակա խմբագրական բաժնի «տասնամյակներ շարունակ» իրականացրած գործառույթներին։ Համոզված եմ՝ ոչ։ Տեղյակ չեք, որ «տասնամյակներ շարունակ» խմբագրական բաժնի «ինչ-որ աշխատակիցներ» սպառիչ եզրակացություններ են տվել սցենարների նախագծերի վերաբերյալ, եթե հարկ է եղել՝ նաեւ խմբագրել են, առավելագույնս ի մի բերել գրական ձեւն ու ոճը, ինչը վերջին տարիներին անտարբերության է մատնված. ֆիլմերի մեջ սողոսկել է սերիալային փողոցային ժարգոնը, կինոարվեստը զրկել գեղարվեստական ու գեղագիտական արժեքներից։ Էլ չեմ ասում արդեն մանկապարտեզ, դպրոց, փողոց, ընտանիք մտած հեռուստասերիալների կործանարար ազդեցությունը, երեխաների բառամթերքում գերակշռում է հենց սերիալային ժարգոնը։ Ինչեւէ։

Վերադառնանք «ինչ-որ աշխատակիցների» եզրակացություններին. ամեն տարի տասնյակից ավելի սցենարների հեղինակներին նախագծերի վերամշակման առաջարկներ են արվել, կամ էլ նպատակահարմար չի եղել ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցածրարժեք նախագծերին։ Եզրակացությունները տրվում էին ֆիլմարտադրության յուրաքանչյուր փուլի՝ նկարահանումների, մոնտաժման, ձայնագրումների, ինչպես նաեւ հետարտադրական գործընթացների վերաբերյալ։ Նույն գործառույթները պիտի որ իրականացվեին կինոկենտրոնի տնօրենի ԺՊ-ի օրոք, սակայն աստիճանաբար կրճատվեցին նախ «ինչ-որ աշխատակիցների» եզրակացությունները, որոնք մնում էին միայն թղթի վրա, եւ հետո կամաց-կամաց դրանց կարիքը չզգացվեց ու… «ինչ-որ աշխատակիցների» կրճատումը, անշուշտ, ձեռնտու եղավ կինոկենտրոնի տնօրենի ԺՊ-ին։

Արդյունքում՝ այն ֆիլմերը, որոնք սցենարից սկսած պիտի մշակման կարիք ունենային, ֆինանսավորվում էին, իսկ դրանց վերաբերյալ մեր «բարձրաձայնումները» մնում էին կինոկենտրոնի պատերի ներսում։ Վերջին ժամանակներս խմբագրական բաժնի «ինչ-որ աշխատակիցները» բացարձակապես անտեղյակ էին նոր կինոնախագծերին, եւ անձամբ ես, որպեսզի հայտերի ու դրանց ընթացքի մասին հարցնողների առջեւ անհարմար դրության մեջ չընկնեի, բաց էի անում կինոկենտրոնի կայքը, սակայն այն, ավաղ, ամփոփ տեղեկատվություն չէր պարունակում։ Վերջին անգամ իմ գործառույթներով առնչվել եմ մոտ մեկ տարի առաջ, եւ հետարտադրական փուլ անցնելուց առաջ վավերագրական լիամետրաժ ֆիլմի վերաբերյալ իմ եզրակացությունը դարձյալ մնաց թղթի վրա։ Այնտեղ ես նշել էի, որ «Երազողները» ֆիլմի (ռեժ.՝ Արեն Մալաքյան) կադրերի զգալի հատվածները վերցված են 1-2 տարի առաջ նկարահանված «Կարենը» ֆիլմից (ռեժ.՝ Վահագն Խաչատրյան)։ Այդ «բարձրաձայնումը» դարձյալ մնաց կինոկենտրոնի պատերի ներսում։ Առհասարակ, նման երեւույթն արդեն ավանդականի հակում ունի՝ նախատեսված մետրաժը լրացնելու համար ռեժիսորը կարող է դիմել, այս անգամ չարյաց փոքրագույնը՝ իր իսկ նկարահանած նախկին ֆիլմի 15, 20, 25 րոպեանոց հատվածներին։ Եվ այդ ֆիլմերը ԿԳՄՍ նախարարությունն ավարտված ու ընդունված է համարում։

Ի վերջո, «բարձրաձայնումը» ցածրաձայնեցնելու հեշտ միջոցը գտնվեց, այն է՝ նոր կինոկենտրոնի վերակազմակերպման նոր կառուցվածքում խմբագրական բաժինը կրճատվեց։ Բա հետո՞։ Ասենք, այդ «դառը կորիզից» թոթափվեց կինոկենտրոնի տնօրենի ԺՊ-ն։ Ո՞վ է իրականացնելու կինոարտադրությանն աջակցություն ցուցաբերելու համար այդքան անհրաժեշտ գործառույթները։ Ո՞վ է հետեւելու պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցների հատկացումներին։
Եվ «ինչ-որ աշխատակիցներ» ստիպված եղան կինոկենտրոնում բարձրաձայնելու փոխարեն համացանցաձայնել կամ մամուլաձայնել։ Հարգարժան պարոն փոխնախարար, հասկանալի է, Դուք բոլոր ֆիլմերը դիտելու ժամանակ չունեք եւ չէիք կարող նման բան նկատել, Դուք կարող եք ընդամենը ծանոթանալ տարեկան հաշվետվությանը, որը ներկայացվում է լավագույնս շուշաթղթված, սակայն «ինչ-որ աշխատակիցներին» ճանաչելու, հետները զրուցելու, «բարձրաձայնումները» առնվազն ցածրաձայնեցնելու հմտություն, կարողություն ու, ամենակարեւորը՝ ժամանակ պարտավոր եք ունենալ։

Սակայն ինչ եմ խորհրդաձայնում, հասկանալի է մի ուրիշ բան՝ մեկի հետ երկարուձիգ ճանապարհ գնացողն այդ ժամանակը չի էլ ունենա։

Հարգանքով՝ Ռազմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կինոկենտրոնի նախկին խմբագիր