Անցնող տարվա քաղաքաշինական միտումները

Անցնող տարվա քաղաքաշինական միտումները

Անցնող տարվա քաղաքաշինական խնդիրների մասին խոսել ենք ճարտարապետ, պրոֆեսոր Կարեն Բալյանի հետ։  


Ուրբանիզացված Գյումրի

2019-ը հեղափոխությունից հետո առաջին ամբողջական տարին էր, եւ այդ առումով կարելի է խոսել՝ շրջադարձ կա՞ր, թե՞ ոչ։ Ընդհանրապես, քաղաքաշինությունը եւ ճարտարապետությունը իներցիոն մասնագիտություններ են, եւ անմիջապես փոփոխություններ տեսնելն այնքան էլ հեշտ չէ, բայց այստեղ շատ կարեւոր են միտումները, նույնիսկ խոսքերի, դեկլարացիաների մակարդակում, որոնք կարող են շատ մեծ նշանակություն ունենալ։ Հնից ավելի շատ բան է մնացել, քան մի նոր բան առաջ կգար։ Այդ նորի մեջ՝ դրական իմաստով, նախեւառաջ կառանձնացնեի այն, ինչ տեսա Գյումրիում ուրբանիզացիայի հարցում՝ փողոցների, միջավայրի ձեւափոխման հետ կապված։ Գյումրին քանի որ կայացած քաղաք է եւ հստակ իր ուրույն դեմքն ունի, քաղաքաշինական մոտեցումն էլ պետք է լինի շատ պրոֆեսիոնալ ու նուրբ։ Անցնող տարում մի քանի փողոց, այսպես ասած, կարգի բերվեցին, դարձան հետիոտն՝ վերադարձնելով Գյումրիին 60-ական թվականների ավանդույթը։ Հետո Գյումրիում մի կարեւոր նախագծի մեկնարկ տրվեց․ պետք է ստեղծվի պարարվեստի կենտրոն՝ հին մշակույթի պալատի շենքում, որ կիսաքանդ վիճակում էր։ Դրա նախագիծն արել է կանադահայ շնորհալի մի ճարտարապետ՝ «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի հետ միասին։ Կարեւոր միտում կա՝ շարժում դեպի առաջ, դեպի մոդեռնիզացում, որը տեղի ունեցավ քաղաքի կենտրոնական հատվածում։ Ամեն դեպքում, պետք է շատ զգույշ լինել Գյումրիում, որպեսզի ամեն ինչ լինի չափի մեջ, եւ քաղաքը պահպանի իր ամբողջական վիճակը։

Կանաչն ասֆալտապատվում է

Երեւանի դեպքում կառանձնացնեի կանաչապատման եւ այդ չարաբաստիկ սրճարանների խնդիրը։ Մի կողմից՝ տարեսկզբին տեսանք, որ Օպերայի շենքն ուզում են ազատագրել այդ ավելորդ եւ հիմնականում անճաշակ կառույցներից, հատկապես այն, ինչ Սայաթ-Նովա փողոցի կողմից է երեւում, բայց այդ գործընթացը շուտ դադարեց, որը, ցավոք, սպասելի էր։ Դրան զուգահեռ, շարունակվում է նաեւ կանաչապատ տարածքներում շինարարությունը, որն ինձ շատ է մտահոգում, հատկապես՝ Օղակաձեւ զբոսայգում, որտեղ ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ, ընդամենը մի փոքրիկ կիսաքանդ կառույց քանդվեց, այն էլ՝ չօգտագործվող, փոխարենը կառուցվեցին մեծ ծավալի կառույցներ։ Այսինքն՝ կանաչը բետոնապատվում եւ ասֆալտապատվում է, իսկ սա անթույլատրելի է, հատկապես այն էկոլոգիական վիճակի ֆոնին, որն օրեցօր վատթարանում է Երեւանում։ Եվ վարչապետի այն կոչը, որ պետք է ծառատունկ լինի, անչափ կարեւոր է, որին բոլորս ինչ-որ ձեւով պետք է մասնակից լինենք։ Երեւանի ամբողջ լանջերը հատվեցին եւ կառուցապատվեցին, իսկ քաղաքի նոր՝ 2800-ամյակի այգին կառուցվեց ծառերի հատման հաշվին, որը նոնսենս էր։ 

Վատ բիզնես պրոյեկտներ

Երեւանն ի սկզբանե իդեալական քաղաք էր նախագծված, բայց պետք է ասեմ՝ այն, ինչ արվեց 99-ից այս կողմ, խաթարեց այդ իդեալական քաղաքի ամբողջ գաղափարը, ինչը տուրիզմի համար հակառակ նշանակությունն ունի, որովհետեւ ոչ մեկին չի կարող հրապուրել այն պատկերը, որ այսօր ստեղծվել է։ Երեւանն այսօր ունի վատ ժամանակակից ճարտարապետություն։ Այդ բարձրահարկ կառույցները ոչ միայն ցածրորակ են, այլեւ քաղաքաշինական առումով՝ անհաջող։ Դրանք նաեւ շատ վատ ճարտարապետություն ունեն։ Երեւանում այսօր այն ճարտարապետությունն է լավը, որը ցածրահարկ է, եւ նա է վատը, որը բարձրահարկ է։ Հասկանալի է, որ բիզնեսին ձեռնտու է, որպեսզի հարկերը լինեն շատ, բայց այսօր ակնհայտ է, որ քաղաքի ամենակենտրոնում՝ այդ բնակելի տներում ապրելը, որտեղ չկա օդ, արեւ ու կանաչ, հենց բիզնեսի տեսակետից արդեն բացթողում է։ Կարծում եմ՝ դրանք հաճախ վատ բիզնես պրոյեկտներ են, որոնք չգիտեմ թե ինչով են գայթակղվել, բայց արդեն փաստ են եւ իրականություն։ Իսկ այդ ամենից չի շահել առաջին հերթին բնակչությունը։ Մենք կորցրինք Երեւանի հմայքը, դեմքը եւ ստացանք բոլորիս համար օտար մի քաղաք։ Անցած տարի քննարկվեց նաեւ Կոնդի հարցը, որը մեզ համար կարեւոր խնդիր է, եթե կարողանանք գտնել լուծումը եւ պահպանենք Կոնդը, ուրեմն մի բան կլինի, կարող ենք շարժվել առաջ, բայց եթե Կոնդն էլ վերացվի մի բարձրահարկ շինարարությամբ, ուրեմն մենք մեր պատմության հետ հաշիվները կմաքրենք։ 

Քաղաքի ճաշակը

Մի ակտուալ խնդիր եւս՝ քաղաքի վատ ճաշակը, հենց, օրինակ, Հանրապետության հրապարակի ամանորյա այս ձեւավորումը, որի մեջ վատ մանկական բան կա՝ մեծ ինֆանտիլիզմ։ Լավ ճաշակը հիմնականում ներսում է, եւ ես հաճախ լավ ճաշակ տեսնում եմ ինտերիերներում, բայց դրանք անհատական խնդիրներ են, մի ճարտարապետ, դիզայներ, սեփականատեր գտնում են իրար եւ ստեղծում ճաշակով միջավայր։ Մինչդեռ ես ամեն օր տեսնում եմ Օղակաձեւ այգու միջավայրում պաթոսով կառուցված ռեստորանները, որ անկանոն տեղակայված են մեկը մյուսի նկատմամբ։ Էլ չեմ ասում այն պաթոսը, երբ դասական ոճով են ձեւավորվում դրանք, որն արդեն վատ ճաշակի լավագույն օրինակն է։

Նախագծերի հեղինակները թաքնվում են

Հուշարձանների խնդիրը, ցավոք, մնում է չլուծված, եւ այստեղ եւս չեմ տեսնում որեւէ միտում, բեկում։ Նախ՝ մոդեռնիստական այն 7 կառույցները, որ առաջադրվել էին որպես նորահայտ հուշարձաններ, այդպես էլ կառավարության որոշմամբ չհաստատվեցին։ Իսկ հուշարձանների ցանկը, որ 2000-ականների սկզբներին, այսպես ասած, «հատվեց», եւ արդյունքում եղան այդ համատարած քանդումները, չվերանայվեց։ Ճիշտ է, 2019-ին մեծ կառույցներ չքանդվեցին, բայց, այնուամենայնիվ, ոչ մի բան չարվեց դրանց պահպանման օգտին, վառ օրինակ՝ Արամի 23-ը։ Իսկ Գրապալատի շենքի պահով կարող եմ ասել, որ այդտեղ Մնջախաղի թատրոն ստեղծելու գաղափարը վատը չէ, որովհետեւ արդեն կա մի թատրոն՝ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը, հիմա ինչո՞ւ չլինի մյուսը։ Այստեղ հարցն այն է, թե ինչպես պետք է դա արվի։ Պետք չէ ընկնել այն հարցի հետեւից, թե հուշարձանների ցուցակում կա՞ շենքը, թե՞ ոչ․ դա մեզ օգուտ չի տա։ Պետք է նորմալ նախագիծ լինի, թեպետ ես ծանոթ չեմ ներկայիս նախագծին։ Բայց մի հետաքրքիր բան եմ նկատել այս բոլոր նախագծերի դեպքում, որ հեղինակները թաքնվում են, մենք նրանց չգիտենք, եւ սա նորից գալիս է այն խնդրին, որ մասնագիտությունն իր հասարակական նշանակությունը կորցրել է։ Քաղաքաշինության, ճարտարապետության հարցերում ճեղքում է անհրաժեշտ․ թարմ շունչ, արդիականություն, պրոֆեսիոնալիզմ, գեղեցկություն, ճաշակ, չափի զգացում։ Հուսանք` դրա ծիլերը գալիք տարում կտեսնենք։