Մարտի 1-ը քթներիս տակ է

Մարտի 1-ը քթներիս տակ է

Ցանկացած ատելության խոսք կուտակվում է` մի օր պայթելու տագնապով, իրականության մեջ գործողություն դառնալու վտանգով: Այդ ատելության խոսքը հնչում է ամեն օր երկրի ղեկավարի հարբած կամ սթափ շուրթերից: Թավիշը երկաթով է փոխարինում, քաղաքացուն վրեժի կոչ անում, սեռական բռնությամբ սպառնում, կադրերի ջարդ է ասում, ընտրության օրը` դատաստան... Դեռ չգիտենք, թե վաղը կամ մյուս օրն ինչ նոր դրսեւորումներ է ունենալու քարոզարշավի դուրս եկած իշխող կուսակցության առաջնորդի խոսքը: Նոյեմբերի 10-ին տեսակապով բունկերից գոռում էր` վրեժ: ՀՀ քաղաքացուն կոչ էր անում` վրեժ լուծել ՀՀ քաղաքացուց, որ մտել էր կառավարության շենք եւ կապիտուլյացիա ստորագրածին էր փնտրում: 

Այդ օրը, որն ատելությամբ պայթելու տագնապ ունի իր մեջ, քաղաքացիական բախումների վտանգ, հունիսի 20-ն է, 21-ն է: Ինչպես մարտի 1-ին էր սույն անձնավորության հոգին փառավորվում`տեսնելով ծեծվող ոստիկան, երբ ընդդիմություն էր, այնպես էլ հունիսի 20-ին է փառավորվելու` տեսնելով ծեծող ոստիկան, երբ իշխանություն է: Երկու դեպքում էլ ՀՀ քաղաքացին է թիրախը եղել եւ լինելու: Մեր ձեռքով մեր արյունն է թափվել, տա Աստված՝ նորից չթափվի: 
Այս ատելությունը երեք տարի է կուտակվում, իսկ վերջին յոթ ամիսներին ուռչում է ու փքվում ամեն առիթով եւ ամեն օր: Հասարակությունը կանգնած է խրամատի երկու կողմում, բաժանված է երկու բեւեռի, մեկմեկու չհանդուրժող ու ոխերիմ, թշնամի: Նույն հասարակությանը պատրաստել են դատաստանի ներկայացում ըմբոշխնելու հանդիսատեսի: Երբ են բռնելու եւ դատելու, ունեզրկելու եւ այդ ավարն իրեն բաժանելու: Վրեժի պատրաստված հասարակությունը բավարարված չէ, սպասում է քաղցն ու ծարավը հագեցնելու օրվան: Իսկ ախորժակը գրգռվում է ամեն օր: Հենց դրա համար է հեղափոխություն արել: Իսկ հեղափոխությունը շարունակվում է` թավիշը փոխելով երկաթի: Ենթադրելի է, որ արճիճ է տեղալու: 

Հասարակության վրեժի այն ծարավը, որ երեք տարիների ընթացքում չկարողացավ բավարար չափով հագեցնել իշխանությունը, այսօր ասում է` հագեցրեք ընտրատեղամասում քվեարկությամբ: Որ ընտրությունը դատաստան է լինելու: Իսկ այդ դատաստանը հասարակությունն ինչպես կտեսնի՝ ենթադրել կարելի է միայն. առայժմ գրգռվում է` ավելացնելով ատելության չափաբաժինը: 
Այնպես չէ, որ խրամատի հակառակ կողմում կանգնածները խեղճուկրակ են եւ սպիտակ դրոշ են պարզել: Պատասխանում են կոշտ, ցույց են տալիս, որ ամուր են ու վճռական եւ չեն զիջելու, ընկրկելու: Երկու կողմում էլ մենք ենք` ՀՀ քաղաքացիներ` քաղաքացիական բախման կույր մոլուցքով:

Հասարակությանը չեն հետաքրքրում դրսի թշնամին եւ պատերազմում կրած պարտությունը, նրան հուզում է ներսի «թշնամին» եւ ներքին պատերազմում տանելիք հաղթանակը:   

Երկրի ղեկավարը, որ ընտրությունների երաշխավորն է եւ անվտանգության պատասխանատուն, բռնության կոչեր է անում եւ կոշտ միջոցներ կիրառելու երկաթե մանդատ ուզում: Այս հեղափոխականը երբեք չի ընկրկելու, իշխանությունը չի զիջելու եւ խաղաղ ճանապարհով չի փոխանցելու: Բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով է կառչելու աթոռից եւ կանգ չի առնելու ո՛չ արյան, ո՛չ մահերի, ո՛չ կործանման խղճմտանքի առաջ: Չի սթափվելու, չի անսալու ողջամտության որեւէ կոչի: Գնալու է մինչեւ վերջ: Իսկ հետո մեղքը բարդելու է ժողովրդի, հատկապես ընդդիմադիր կողմի վրա, անգամ՝ Աստծու: Ինչպես արել է պատերազմից հետ, ինչպես անում է հիմա: Ասելու է` կատարվածի պատասխանատուն ես եմ, բայց մեղավորը ես չեմ: Ետ է քաշվելու, ասելով` դուք արեցիք: Թռնելու է` մեզ թողնելով մեր արյան մեջ: 

Իսկ մենք պարտավոր ենք սթափ ու ողջամիտ լինել, նույնը` մեր ուժային կառույցները: Չգնանք քաղաքացիական բախումների եւ ներքին պատերազմի: Թույլ չտանք, որ մոլագարությունը մթագնի մեր ուղեղը վերջնականապես:

Հուսիկ Արա