Դատարանը այլ տարբերակ չունի, քան մերժել կալանավորման միջնորդությունը․ Ռոբերտ Սուքիասյանի փաստաբան

Դատարանը այլ տարբերակ չունի, քան մերժել կալանավորման միջնորդությունը․ Ռոբերտ Սուքիասյանի փաստաբան

Փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ռոբերտ Սուքիասյանի ձերբակալման իրավաչափության և կալանավորման վերաբերյալ դատական նիստն ավարտվեց: Որոշման հրապարակումը նշանակված է վաղը ժամը 12:00: Քիչ անց կներկայացնեմ այն դատավարական խնդիրը, որի պատճառով դատարանը նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարող բավարարել կալանավորման միջնորդությունը»:

Ավելի ուշ փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում գրեց․

«Այս հարցը այնքան է քննարկվել, որ արդեն ոչ իրավաբաններն էլ գիտեն, որ առանց մեղադրանք առաջադրելու հնարավոր չէ անձին կալանավորելու միջնորդություն ներկայացնել: Ամեն անգամ վարույթն իրականացնող մարմինը փորձում է հիմնավորել, որ դա հնարավոր է, բայց ամեն անգամ դատարանները հաստատում են, որ առանց մեղադրանք առաջադրելու անձին կալանավորելու միջնորդությունը ենթակա է մերժման:

Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է առանց նրան մեղադրանք առաջադրելու, և դատավոր Վաչե Մարգարյանը նույնիսկ մեծ ցանկության դեպքում այլ տարբերակ չունի, քան մերժել կալանավորման միջնորդությունը:

Մնացած անհիմն հանգամանքները ներկայացնելն այլևս անիմաստ եմ համարում»:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Երևանի Ամիրյան փողոցում կրակոցներ էին հնչել, ինչից հետո «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության էր դիմել 1979թ. ծնված ԱՄՆ մի քաղաքացի՝ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով։