Ով կսպասեր, որ…

Ով կսպասեր, որ…

2018-ի ապրիլյան իրադարձությունների ընթացքում որեւէ մեկս չէր պատկերացնում, թե մեկ, երկու կամ երեք տարի անց նախկինների դեմ համերաշխորեն կռիվ տվող հասարակությունը կռիվ է տալու ինքն իր մեջ, ինքն իր դեմ: Չէր սպասում, որ փշալարերի վրա բարձրացող հեղափոխության առաջնորդը կվերածվի պատերազմը տանուլ տված ապաշնորհ գլխավոր հրամանատարի: Չէր գիտակցում, որ բազմաթիվ ժողովուրդների փորձը վկայում է, որ հեղափոխությունները լավ ավարտ չեն ունենում: Եվ չէր պատկերացնում, որ երկու-երեք տարի անց համատարած կլսվի «ով կսպասեր, որ…» արտահայտությունը:

Երեկ գիշեր համացանցում «թրեւ գալով»՝ հանդիպեցի Լիբիայի ղեկավար Մուամար ալ-Քադաֆիի կողմից կյանքի կոչված «Մեծ ձեռակերտ գետ» ծրագրին եւ դրա տապալման պատմությանը: Նախորդ դարի կեսերին Սահարայի անապատում նավթ փնտրելիս արաբները հայտնաբերում են ստորգետնյա հսկայական Նուբիական ջրային ավազանը: Իսկ 80-ականներին Քադաֆին ձեռնամուխ է լինում ջրավազանից դեպի հյուսիս 4 մ տրամագծով 3000 կմ-անոց խողովակների տեղակայմանը: Աշխատանքների մեծ մասն իրականացվում է, եւ Միջերկրականի ծովափնյա քաղաքների 4 մլն բնակիչ ստանում է խմելու ջուր: Միաժամանակ, դեպի հյուսիս ձգվող խողովակաշարի երկայնքով ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակով՝ բավականին մեծ տարածքներ դարձնելով բերքատու:

Աշխատանքներն ամբողջովին պետք է ավարտվեին 2015-ին, սակայն 2011-ին սկիզբ առած «Արաբական գարուն» կոչված հեղափոխական շարժման առաջին զոհերից մեկը դարձավ Լիբիան, իսկ Քադաֆին սպանվեց: Երկրում ծավալված քաղաքացիական պատերազմի պատճառով ջրամատակարարման ենթակառուցվածքներն աստիճանաբար սկսեցին դուրս գալ շարքից եւ դանդաղորեն ավերվել: Ի դեպ, Մուամար ալ-Քադաֆին 70-ականների վերջերից Լիբիայում ձեւավորել էր անմիջական ժողովրդավարության կառավարման համակարգ եւ բազմաթիվ սոցիալական արտոնություններ էր սահմանել երկրի քաղաքացիների համար: Սակայն այդ ամենը չխանգարեց, որպեսզի, ինչպես արդեն ասվեց, Լիբիայում չծավալվեր հեղափոխություն, այնուհետեւ այն չվերածվեր քաղաքացիական պատերազմի, եւ երկիրը չընկղմվեր քաոսի մեջ:

Լիբիական օրինակը ներկայացնելն ինքնանպատակ չէ: Քանի դեռ մենք կարողանում ենք խուսափել քաղաքացիական պատերազմից, Փաշինյանը պետք է հեռանա: Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի «ով կսպասեր, որ…» արտահայտությունը չընդգրկի նորանոր բնագավառներ ու չավարտվի երկրի կործանման մահախոսականով: Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի մենք կարողանանք միավորվել եւ մեկ մարդու նման ձեռնամուխ լինել մեր հայրենիքի վերականգնման գործին: Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի մենք կարողանանք կրկին հպարտ լինել որպես հայ թե՛ մեր երկրում եւ թե՛ արտերկրում: Եվ որպեսզի կրկին ձեռք բերենք այն հարգանքը, որ առկա էր մեր նկատմամբ աշխարհի բոլոր ծայրերում: Եվ որպեսզի հայոց լեզուն շարունակի զարգանալ Հայկական լեռնաշխարհի այս փոքր անկյունում, որ ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, էլ չեմ խոսում այդ փոքր անկյունն աստիճանաբար կրկին մեծացնելու մասին:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ