Չարենցավանում մեկ տարի է՝ ռենտգեն բաժանմունք չեն կարողանում բացել, բայց մեկ տարում Մարտունու ԲԿ պիտի կառուցեն (տեսանյութ)

Չարենցավանում մեկ տարի է՝ ռենտգեն բաժանմունք չեն կարողանում բացել, բայց մեկ տարում Մարտունու ԲԿ պիտի կառուցեն (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստին առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցեց մի նախագիծ, որով 7.4 մլն դոլարի վարկ են վերցնում Վերակառուցման և զարգացման բանկից, որպեսզի դրանով ավարտին հասցնեն Մարտունու բժշկական կենտրոնի և Վայոց Ձորի մարզային հիվանդանոցի կառուցումը։

Երբ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե երբ են ուզում ավարտել Մարտունու հիվանդանոցի կառուցման աշխատանքները, Ավանեսյանն ասաց. «Կարծեմ` 2022 թվականի սկզբին»։

Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Hraparak.am-ը նկատեց, որ մեկ տարի է՝ Չարենցավանի ԲԿ-ում չեն կարողանում մի հասարակ ռենտգեն բաժանմունքի հարց լուծել, բայց խոսում են մեկ տարում Մարտունու հիվանդանոցը կառուցելու մասին, հիմա ի՞նչ հույս ունենանք, որ մեկ տարում հսկայական հիվանդանոց կկառուցեն։

Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Տեսեք, ընդհանրապես բժշկական կենտրոնի կառուցումը մի քանի փուլից է բաղկացած։ Եվ, առաջնորդվելով պետական գնումների մասին օրենքով, երբեմն մրցույթների և այլնի հետ հարցեր են ծագում։ Ես տեղյակ չեմ, թե կոնկրետ ինչ խնդիրներ են ծագել, կամ ինչն է պատճառը եղել երկար գործընթացի, բայց վստահեցնում եմ, որ շինարարության կազմակերպման և վերազինման գործընթացը մի քանի փուլից բաղկացած գործընթաց է։ Այդ փուլերի բավականին երկար մասը և´ Մարտունու ԲԿ-ի, և՛ Վայոց Ձորի կենտրոնի մասով մենք արդեն հաղթահարել ենք, և շինարարությունը գտնվում է ընթացքի մեջ»։

-Եթե տեղյակ չեք, հուսով եմ՝ կտեղեկանաք, ուղղակի ուզում եմ նկատել, որ գործող իշխանությունների օրոք պարբերաբար նման խնդիրներ առաջանում են, այդ թվում՝ առողջապահության ոլորտում, երբ քովիդի պիկի ժամանակ հայտարարվեց, որ Նորքի ինֆեկցիոնում 3-4 օրում մոդուլներ կկառուցվեն, 10-15 օր էր անցել՝ դեռ չէին կառուցվել։ Նույնկերպ Չարենցավանի ԲԿ-ում ռենտգեն բաժանմունք պիտի կառուցվեր` էլի քովիդի պիկի ժամանակ, մինչև հիմա դեռ կառուցում են, և էլի այսպիսի օրինակներ կարելի է թվարկել։

-Վստահ չեմ, որ Դուք ճիշտ ժամկետ եք նշում, անհնար է՝ 2-3 օր նշված լինի։

-3-4 օր էր հայտարարվել, կարող եք ստուգել։

-Առողջապահության նախարարությունն իր կատարողականներն այս տարիներին կատարել է բավականին բարձր ցուցանիշներով և ուտիլիզացրել է այն ֆինանսական միջոցները, որոնք մեզ տրամադրել է, և´ կառուցվել են բժշկական կենտրոններ, և՛ հագեցվել են նոր սարքավորումներով։

Մանրամասն՝ տեսանյութում