«Յուքոմը» դատական հայց է ներկայացրել Եսայան եղբայրների դեմ

«Յուքոմը» դատական հայց է ներկայացրել Եսայան եղբայրների դեմ

«Յուքոմ» ընկերությունը դատական հայց է ներկայացրել «ԹԻՄ» ՍՊԸ-ի դեմ, որի սեփականատերերը «Յուքոմում» նախկինում մասնաբաժին ունեցող Եսայան եղբայրներն են։

Ինչպես «Դատալեքս» դատական-տեղեկատվական կայքից տեղեկացանք՝ բջջային օպերատորը պահանջ է ներկայացրել դատարան՝ անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելու վերաբերյալ։

Ըստ հայցի՝ հայցվորի ներկայացուցչի կողմից հայցադիմում է ներկայացվել  ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ պատասխանողի՝ անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելու, այն է՝ «Թիմ» ՍՊ ընկերությանը «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման գործարքի կնքման շուրջ բանակցություններ վարելը և «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման բանակցող գործարքը կնքելն արգելելու պահանջների վերաբերյալ:

Դատարանը վերադարձրել է հայցադիմումը՝ այնտեղ տեղ գտած վրիպումների պատճառով։

Նշենք, որ «Յուքոմից» առանձնանալուց հետո Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները ստեղծեցին «Թիմ» ընկերությունը, և վարկային միջոցներ ներգրավելով՝ նոր օպերատոր ստեղծեցին Հայաստանում։ Դեռ նոր ստեղծված՝ նրանք հայտարարեցին, որ բանակցություններ են վարում «Բիլայն» ընկերության հետ՝ այն գնելու համար։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը թույլատրեց այդ գործարքը։ Մեր տեղեկություններով, «Յուքոմի» հաջորդ հայցը ուղղված է լինելու ՏՄՊՊՀ-ի դեմ, որը շտապել է թույլատրելով այդ գործարքը եւ դրանով ոտնահարել է իրենց շահերը։