Երբ կհասնի Հայաստան Կապիկի ծաղիկ վիրուսը

Երբ կհասնի Հայաստան Կապիկի ծաղիկ վիրուսը

Առողջապահության Համաշխարհային կազմակերպության կողմից 2019 թվականին հայտարարած համավարակը՝ կորոնավիրուսը  այս ողջ ընթացքում հայտնաբերվել է 422 հազար 939 մարդու մոտ, առողջացածների թիվը  412 հազար 240 է, մահվան ելքերը՝ 8 հազար 624։ Դեռ այս վիրուսը ամբողջությամբ չհաղթահարած, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սկսել է խոսել նոր վիրուսի մասին` մայիսի 13-ից 21-ն ընկած ժամանակահատվածում աշխարհում հայտնաբերվել է Կապիկի ծաղիկ վարակի 92 դեպք։

Hraparak.am-ը թեմայի շուրջ զրուցել է համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի հետ:

- Երեկվա դրությամբ ԱՀԿ-ն արձանագրել է 92 դեպք՝  12 երկրում,  որտեղ վարակը մինչ այդ չի եղել։ Երկրները հիմնականում եվրոպական տարածաշրջանի երկրներ են՝ Մեծ Բրիտանիան ահազանգեց առաջին դեպքերի մասին, այնուհետև՝ Իսպանիան, Պորտուգալիան, Իտալիան, Կանադան, Ֆրանսիան, Շվեցարիան, Շվեդիան, Գերմանիան, այսօր նաև Ավստրիան արձանագրեց։ Իսկ բնորոշ գոտիներն են՝ Կենտրոնական և ծայրամասային աֆրիկյան երկրները։ Սրանք են հիմնականում այն շրջանները, որտեղ արձանագրվել է Կապիկի ծաղիկը։ Վիրուսը հայտնի է 1950-ականների վերջից, 70-ականներին մարդկանց շրջանում գրանցվել են առաջին դեպքերը, և դրանից հետո հատուկենտ դեպքեր են գրանցվել։ 2003 թվականին Միացյալ Նահանգներում է վերջին անգամ եղել բռնկման դեպք, որը պայմանավորված էր Աֆրիկայից կրծողների ներկրմամբ։ Մարդուց մարդ փոխանցում համենայնդեպս այդ ժամանակ չի գրանցվել։ Վիրուսն ունի երկու տարբերակ՝ Կենտրոնական աֆրիկյան և Արևմտյան աֆրիկյան։ Վերջին այս շտամերը, որոնք տարածվում են Արևմտյան աֆրիկյան տարբերակն է, որն ավելի թեթև ընթացք ունի, քան Կենտրոնական աֆրիկյան տարբերակը։ Ամեն դեպքում վիրուսի մահաբերությունը կարող է հասնել մինչև 10 տոկոս։

- Ի՞նչ ախտանշաններ ունի վիրուսը։

- Սկսվում է գլխացավով, ջերմության բարձրացումով, որին հետո միանում է ցանը։ Ցանը սկսվում է գլխից, անցնում իրանին և ավշային հանգույցների մեծացում։ Դրան գումարած գոտկատեղի շրջանի ցավեր, մկանացավեր, ախորժակի կորուստ։

- Ինչպե՞ս է տարածվում վարակը։

-Վարակի փոխանցման ուղիների հետ կապված ունենք մեկ պլյուս` այն է, որ օդակաթիլային այդպիսի ինտենսիվ փոխանցում, ոնց որ ուներ կորոնավիրուսը, Կապիկի ծաղիկը չունի։ Փոխանցվում է երկարատև սերտ շփման միջոցով։ Շատ վարակման դեպքեր եղել են համասեռամոլ տղամարդկանց շրջանում, և այդ հետազոտությունը շարունակվում է, որն էլ  այստեղ ռիսկի գործոնն  է։

- Իսկ տարիքային որ խումբն է ռիսկային գոտում գտնվում։

- Երիտասարդ տղամարդիկ են հիմնականում ախտահարված։

- Հայաստանը դրան պատրաստվո՞ւմ է։

- Այսօր ստացա Առողջապահության նախարարի հրամանը՝ բուժհաստատությունները բերել պատշաճ պատրաստվածության, մեկուսարաններ ունենալ, արագ արձագանքել, բուժաշխատողների կրթում իրականացնել, որպեսզի դեպք բաց չթողնվի։

- Իսկ ո՞ր հիվանդանոցներն են վերապրոֆիլավորվելու այս ախտանիշներով հիվանդներին ընդունելու համար։

- Բոլոր, որովհետև այդ նույն հիվանդները կարող են դիմել տարբեր բուժհաստատություններ։ Եվ անխտիր բոլոր բուժհաստատությունները պետք է լինեն պատրաստված հիվանդին առաջնային տարբերակում իրականացնելու։ Կապված դեպքերի թվից՝  երևի թե ինֆեկցիոն հիվանդանոցը առաջնային կզբաղվի այդ հիվանդներով։  Ես չեմ կարծում համենայն դեպս, որ մենք պետք է այդ տիպի բում ունենանք, բայց ոչ ոք ոչ մի բանից ապահովագրված չի։

-Իսկ բուժանձնակազմի ընտրությունը՝ նույն կովիդով մասնագիտացված ու արհեստավարժ թիմե՞րը կաշխատեն։

- Չեմ կարող ասել, դա պետք է որոշվի արդեն ըստ ընթացքի այսպես ասած։

- Երբ սպասել Հայաստանում Կապիկի ծաղիկ վիրուսին, կա՞ որևէ ժամանակացույց դրա հետ կապված։

- Սա կախված է բազմաթիվ հանգամանքներից, ճիշտն ասած, կախված է և մեր շփումներից։ Օրինակ, Ռուսաստանը նշել է, որ առաջիկայում չի սպասում դեպքերի արձանագրում, բայց ունեն արդեն թեստ համակարգ՝ ախտորոշման համար։

- Իսկ Հայաստանն ունի այդ թեստ համակարգը։

- Ռուսներն իրենք են մշակել իրենց համար այդ թեստ համակարգը, մենք երևի թե պետք է ներկրենք դրսից։

- Դիմակներ կրելու անհրաժեշտություն լինելո՞ւ է։

- Այստեղ պատկերը մի փոքր այլ է՝ սերտ երկարատև շփումը հիվանդի հետ, նրա հետ համատեղ ապրելը, անձնական իրեր միասին օգտագործելը։ Թե վիրուսը ինչպես կդրսևորի իրեն հետագայում, արդեն ընթացիկ կասվի դրա մասին։

-  Ինչ կանխարգելիչ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի կանխվի վիրուսի` մեր երկիր մտնելը և տարածվելը։

- Այո, միանշանակ պետք է լինի սահմաններում հսկողության խստացում, որպեսզի ախտանշաններ ունեցող հիվանդներին միանգամից մեկուսացնեն։ Իսկ ներսում իրազեկում` առաջին կլինիկական նշանների վերաբերյալ, սա  շատ կարևոր է, որպեսզի տեղյակ լինեն և չխուսափեն բժշկի դիմելուց։ Եվ ինֆեկցիոն պատրաստվածություն, այսինքն՝ մեկուսարաններ, անհատական պաշտպանիչ միջոցների կիրառում, որովհետև էլի ռիսկային մնում է բուժանձնակազմը, քանի որ առաջին շփումը և սերտ շփումը դա բուժանձնակազմինն է։

- Կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանում ավարտվել է Կովիդի տարածումը, քանի որ թվեր չեն հրապարակվում։

- Հայաստանում, այո, այս պահի դրությամբ բավականին լավ համաճարակային իրավիճակ ունենք։ Բայց այսօր արդեն ԱՀԿ-ի նախագահը ահազանգել է, որ 70 երկիր Կովիդի առումով արձանագրում է աճ։ Այսինքն, Կովիդը այնպես չի, որ վերացել է, մենք դրա մասին չպետք է մոռանանք։ Համենայնդեպս պատվաստումները կովիդի դեմ դեռ մնում են արդիական։