«Հայրենասերներն» ընդդեմ ԼԳԲՏ-ի․ Վրաստանի իշխող կուսակցությունը հանրահավաք կանի
Վրաստանի իշխող կուսակցությունը հանրահավաք է նշանակել՝ ի պաշտպանություն «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի։ Այն կանցկացվի ապրիլի 29-ին՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելու նախօրեին։
«Մենք կոչ ենք անում ձեզ՝ մեր երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել հեղափոխությունը Վրաստանում սև փողերով, մերժել ուղղափառ եկեղեցու վրա հարձակումները, ԼԳԲՏ քարոզչությունը, թմրանյութերի քարոզչությունը, վարկաբեկող պետական ինստիտուտները, արմատականությունը և ֆինանսավորման բևեռացումը։
Մենք չենք կարող թույլ տալ, որ քաղաքականապես և բարոյապես սնանկացած քաղաքական փոքրամասնությունը շահարկի և խոսի ժողովրդի անունից։ Մենք բոլորին ցույց կտանք, թե որտեղ է կանգնած վրաց ժողովրդի ճնշող մեծամասնությունը, ովքեր գնահատում են ճշմարտությունն ու իսկական եվրոպական արժեքները, գնահատում են մեր ավանդական ազգային արժեքները»,- ասված է ուղերձում։
Նշվում է նաև, որ «Վրացական երազանքի» վարկանիշը գերազանցել է 60%-ը, իսկ ընդդիմությանը՝ ընդամենը 12%-ը։ Նշվում է նաև, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքի ակցիաները քիչ են՝ առավելագույնը 9500 մարդ, և ընդհանրապես երկիրը սատարում է իշխող կուսակցության բոլոր նախաձեռնությունները։
Հայտարարությունն ավարտվում է հետևյալ խոսքերով. «Եկեք ոչ ասենք սև փողերին և ասենք այո թափանցիկությանը, իսկական եվրոպական ճանապարհին, անկախ և ինքնիշխան Վրաստանին»:
«Ոչ ռուսական օրենքին» կարգախոսով ընդդեմ «Վրացական երազանքի» նախաձեռնած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ բողոքի ցույցերը մեկնարկել են ապրիլի 15-ին։ Այդ օրը խորհրդարանական իրավական հարցերի հանձնաժողովը սկսեց օրինագծի քննարկումը։
Անցած ամբողջ շաբաթվա ընթացքում ցուցարարները փակել էին Ռուսթավելի պողոտան, որտեղ գտնվում է երկրի խորհրդարանը։
Օրինագիծը ապրիլի 17-ին առաջին ընթերցմամբ պաշտպանել են 83 պատգամավորներ՝ այդ օրն ընթացող զանգվածային ցույցերի ֆոնին, հատուկ ջոկատայինները ցրել են ցուցարարներին խորհրդարանի մուտքերից, նաև ոստիկաններ են տուժել։
Նախագծի համաձայն՝ ՀԿ-ները և լրատվամիջոցները, որոնք իրենց եկամուտների 20%-ից ավելին ստանում են օտարերկրյա պետությունից, պետք է գրանցվեն օտար ուժերի շահերն արտահայտող կազմակերպությունների ռեեստրում։
Օրինագիծը լարել է հարաբերությունները Բրյուսելի հետ։ «Ուզում եմ հստակ ասել. այս օրինագիծը քվեարկվել է խորհրդարանում, այն չի մոտեցնում Վրաստանին ԵՄ-ին: Ճիշտ հակառակը... Մենք հիասթափված ենք, որ ներկայիս կառավարությունը նման որոշում է ընդունել»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Իշխող կուսակցությունն ասում է, որ միջազգային կազմակերպությունների և ԱՄՆ-ի՝ իրենց հասցեին հնչող քննադատությունները որևէ հիմք չունեն։
Կարծիքներ