Չի բացառվում, որ նման սցենարի դեպքում Թուրքիան Հայաստանի տարածքով զորքեր, ռազմական տեխնիկա փոխադրի

Չի բացառվում, որ նման սցենարի դեպքում Թուրքիան Հայաստանի տարածքով զորքեր, ռազմական տեխնիկա փոխադրի

Հարցազրույց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ

- Իրանում ի՞նչ է տեղի ունենում: Արեւմտյան լրատվամիջոցները հաղորդում են, որ հսկայական վնաս է հասցվել Իրանի ռազմարդյունաբերությանը:

- Ըստ երեւույթին, ոչ միայն վնաս են տվել, այլ նաեւ դրա պատճառով երկրաշարժ է տեղի ունեցել Խոյում, որովհետեւ այնտեղ ստորգետնյա զենքի պահեստներ են եղել: Խոյն ադրբեջանաբնակ քաղաք է, եւ նշեմ, որ Իրանը հրաժարվել է ընդունել Թուրքիայի օգնությունը ՝ տուժածներին օգնություն ցույց տալու համար: Տեղեկությունները շատ տարբեր են, ըստ մեկի՝ Սպահանում դրոնների արտադրության գործարանն է վնասվել, ըստ իրանցիների` վնասներն աննշան են: Տարբեր տեղեկություններ կան, որ ոչ միայն իսրայելական դրոններ են օգտագործվել: Ակնհայտորեն, դա Իսրայելի կողմից է իրականացվել` Միացյալ Նահանգների օգնությամբ: Եվ սա կարելի է դիտարկել տարբեր տեսանկյուններից, մի կողմից՝ դա զգուշացում է Իրանին եւ նաեւ ճնշման միջոց` Միացյալ Նահանգների պայմաններն ընդունելու համար․ միջուկային ծրագրի մասին է խոսքը:

- Իսկ Ռուսաստանին զենք մատակարարելը տեղ ունի՞ այստեղ:

- Դա նույնպես դիտարկվում է որպես պատճառներից մեկը, բայց դա երկրորդական պատճառ է:

- Իրանը պատասխան քայլերի կդիմի՞, հնարավո՞ր է, որ տարածաշրջանը դառնա ակտիվ պատերազմի թատերաբեմ:

- Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է եւ սխալ է: Կարող ենք փորձել ինչ-որ ձեւի գնահատել իրավիճակը: Ես կարծում եմ, որ տվյալ պահին Իրանը շատ լուրջ պատասխան գործողությունների չի գնա, համենայնդեպս հայտարարեցին` պատասխանը կլինի, բայց ժամանակի ընթացքում եւ ոչ բացահայտ․ մոտավորապես նման արտահայտություն եղավ: Ես կարծում եմ, որ Իրանը թույլ դիրքերում է, ամբողջովին շրջափակված, ռազմական տեխնոլոգիաների առումով Իրանի հնարավորություններն ավելի թույլ են: Հետեւաբար, տրամաբանական կլինի, որ ակտիվ քայլեր չձեռնարկի, որովհետեւ թույլի կարգավիճակում՝ հզոր ուժերի հետ համեմատած, ինչպիսին են Միացյալ Նահանգները եւ Իսրայելը...

- Իրանին ուղղված հարվածներն ինչպե՞ս կազդեն տարածաշրջանի վրա՝ մասնավորապես Հայաստանի ու Արցախի տեսանկյունից:

- Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ին, Իսրայելին եւ Բրիտանիային շատ ձեռնտու կլիներ, որ Իրան-Ադրբեջան բախում տեղի ունենար: Դա լեգիտիմ պատճառ կլիներ Իրանի դեմ ավելի լուրջ ռմբահարումներ իրականացնելու՝ հատկապես միջուկային օբյեկտների եւ հակահրթիռային համակարգերի դեմ: Հավանական չեմ համարում, որ Իրանում ռազմական ներխուժում տեղի ունենա, խնդիրն այդ օբյեկտների ոչնչացումն է: Ադրբեջանի դեմ ռազմական գործողությունները կլինեին պատճառ` Թուրքիային ներգրավել այդ գործընթացի մեջ եւ մեծ տարածաշրջանային բախում հրահրել: Իմ կարծիքով, Իրանը դրանից մտահոգված է, Ռուսաստանին եւս ձեռնտու չէ դա, եւ իրենք փորձելու են խուսափել դրանից: Իսկ ինչ վերաբերում է, թե մեզ վրա դա ինչպես կազդի: Շատ վատ ձեւով կարող է ազդել, չի բացառվում, որ նման սցենարի դեպքում Թուրքիան Հայաստանի տարածքով զորքեր, ռազմական տեխնիկա փոխադրի Սյունիքով եւ վերահսկողություն հաստատի՝ իհարկե, Ադրբեջանի ձեռքով: Նման պատերազմի դեպքում այս սցենարը հավանական է: 

- Անդրադառնանք Բերձորի միջանցքի փակմանը: Միջանցքի փակումով համաշխարհային խաղացողներն ի՞նչ գործընթաց են փորձում առաջ տանել:

- Հիմնական խնդիրը՝ միջանցքը փակելու միջոցով հումանիտար ճգնաժամ ստեղծել Արցախում եւ Արցախը հայաթափել: Ստեղծել իրավիճակ, երբ կարճ ժամանակով այդ միջանցքը բացեն, հայերն այնտեղից դուրս գան, եւ հայերի դուրս գալու դեպքում ռուսական խաղաղապահներն այնտեղ անելիք չեն ունենա, եւ դե յուրե Ադրբեջանի տարածքից ռուսական ռազմուժի դուրսբերում տեղի կունենա: Հաջորդ փուլում, բնականաբար, արդեն պատկերացնում եք, թե ինչ հոգեբանական մթնոլորտ կլինի Հայաստանում` Հայաստանի բնակչությունը կտեսնի, որ ռուսական զորքերը չեն կարողանում պաշտպանել մեզ, արդեն կթեքվեն դեպի արեւմտյան որեւէ սցենարի եւ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս կմղեն: Հետո արդեն Իրանի հյուսիսից նաեւ անջատողական ավելի լուրջ գործողություններ կկազմակերպվեն՝ Իրանը փլուզելու համար: Այսինքն՝ Ռուսաստան-Իրան, այդ երկու հիմնական ուժերն են, որոնց դեմ գործողություններ կարող են իրականացվել Արեւմուտքի կողմից:

- Այսինքն, տարածաշրջանը վերածվելու է պատերազմի թատերաբեմի՞, դրանից հնարավոր չի՞ լինելու խուսափել:

- Ոչ ոք չի կարող ասել` դա կլինի, թե չի լինի: Ես չեմ կարող ասել, դա սցենարներից մեկն է, որից, բնականաբար, պետք է խուսափել մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմի՝ ինչ-որ ձեւի հանգուցալուծումը: Ես կարծում եմ, մեր տարածաշրջանում իրավիճակը կարող է փոխվել այդ պարագայում դեպի դրականը:

- Հայաստանի իշխանությունները դեպի ո՞ւր են տանում Հայաստանը:

- Շատ դժվար հարց եք տալիս: Հարց է՝ Հայաստանում իշխանություն կա՞, թե՞ չկա, որպես այդպիսին, եւ որեւէ քաղաքականություն վարո՞ւմ է, թե՞ չի վարում: Համենայնդեպս, այն անձը, որը քաղաքականություն է վարում, կարծես թե հակված է, որ ընդհանրապես Արցախի հարցը վերջնականապես լուծվի, եւ նաեւ աշխարհաքաղաքական օրիենտացիան փոխի դեպի Թուրքիա: Համենայնդեպս, ՔՊ-ի պատգամավորներն ուղղակիորեն նման հայտարարություններ են անում, ինչն առաջ անհավանական երեւույթ կարող էր համարվել: Հիմա դա, Օվերտոնի պատուհանի սկզբունքով, դառնում է հավանական։

- Այսինքն, ամեն ինչ սցենարով գնո՞ւմ է:

- Ես չեմ կարծում՝ ամեն ինչ սցենարով է գնում: Տարբեր սցենարներ գոյություն ունեն, տարբեր ուժային կենտրոնների կողմից մշակված, ինչ-որ ձեւի այս սցենարները գնում են, եւ այնպես չէ, որ միայն ինչ-որ մի կենտրոնի հաշվարկով է ամբողջությամբ գնում: