Ե՞րբ են նման միջադեպեր լինում՝ երբ իրավապահները գալիս են ԱԺ

«Հրապարակի» զրուցակիցը արդարադատության գեներալ, մայոր Թաթուլ Պետրոսյանն է:
- Այս շաբաթ Ազգային ժողովում հերթական ծեծկռտուքին և հայհոյանքների տարափին ականատես եղանք: Այս անգամ արդեն հատվեցին բոլոր հնարավոր կարմիր գծերն ու սահմանները: Արսեն Թորոսյանը ամբիոնից սեռական հայհոյանքներ տվեց, սպառնաց: Ազգային ժողովի նիստերը սկսել են չտարբերվել փողոցի ռազբորկաներից, քաղաքակիրթ երկրներում, ըստ Ձեզ, ժողովուրդն ինչպե՞ս կվարվեր նման դեպքերում:
- «Քաղաքակիրթ» բառը Հայաստանի մասին չէ արդեն շատ վաղուց: Այդ բնորոշումը էլ մեզ համար չէ: 2018 թվականին, երբ այս թիմը եկավ իշխանության, քաղաքակրթությունը մեզանից միլիոնավոր մղոններով հեռացավ: Սրանցից սպասել քաղաքակիրթ մոտեցում անգամ Ազգային ժողովում, միամտություն է: Ուշադիր եղե՞լ եք, թե հատկապես երբ են նման միջադեպեր տեղի ունենում, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչները հանդես են գալիս ինչ-որ զեկույցներով: Խոսքը` գլխավոր դատախազի, քննչական կոմիտեի նախագահի, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի մասին է: Ի դեպ` այդ խայտառակ միջադեպը հենց ՄԻՊ-ի զեկույցի օրը տեղի ունեցավ, դա մեծ արհամարհանք է ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ, այլև` իրենք իրենց նկատմամբ: Սրանք թքած ունեն բոլորի կարծիքի վրա: Անպատժելիությունը մշտապես ծնում է նորանոր հանցագործություններ: Ազգային ժողովում այս ոհմակը պարբերաբար հարձակում է գործում ընդդիմության վրա: Մի անտրուսիկ տարր կա, ոտքով հարվածում էր ընդդիմադիրներին, մեկ շաբաթ առաջ էլ Գեղամ Մանուկյանի նկատմամբ Իջևանի ներկայացուցիչ Ղալումյան սուբյեկտն իրեն նման բան թույլ տվեց, հարվածելով ընդդիմադիր պատգամավորին: Սրանց մոտ ինքնապաշտպանական բնազդը դարձել է ծայրահեղ անասնական, նրանք սարսափում են վաղվա օրվանից:
- Ինչի՞ց են սարսափում:
- Գիտակցում են, որ իրենց վերջը եկել է: Իսկ նման ոհմակային հարձակումներով փորձում են մարդկանց մեջ վախ մտցնել: Ազգային ժողովում տեղի ունեցող պարբերական բնույթ կրող հարձակումները, հարձակումներ են հայ ժողովրդի դեմ: Երեկ նաև տեղեկացանք, որ «Սրբազան» շարժման երեք աղջկա են ոստիկանություն բերման ենթարկել, առանց որևէ պատճառաբանության, առանց որևէ հիմքի: Գյումրեցի Լիլիթ Աղեկյանի նկատմամբ ևս սարսափելի, անթույլատրելի արարքներ են իրականացրել: Դեպքերը բազմաթիվ են: Սրանք անպատժելիության խոր զգացումով են ապրում, գիտակցում են, որ ինչ էլ անեն, պատասխանատվության չեն ենթարկվելու: Տեսեք, թե ինչպիսի ցինիզմով է իրեն դրսևորում արդեն Արսեն Թորոսյանը: Ժամանակին Նիկոլի հետ հակադրություն կար, սակայն հիմա այնպիսի ջանասիրությամբ է սկսել Նիկոլին պաշտպանել, հույս ունենալով, որ կրկին իրեն առողջապահության նախարար են նշանակելու: Նիկոլ ազգադավ, անհայրենիք սուբյեկտին ու իր կնոջը սրանք փորձում են շողոքորթելով՝ ամրապնդել իրենց չեղած դիրքերը:
- Հակոբ Արշակյանն էլ հայտարարեց, որ ժողովուրդն ասում է, թե Ռոբերտ Քոչարյանի հայրը թուրք է:
- Ժամանակին էլ կային նման կեղծ նարատիվներ, բայց Քոչարյանի հայրը գիտաշխատող է եղել, երկար տարիներ գյուղվարչության պետ է եղել Արցախում, մի շարք գրքերի հեղինակ է: Փորձում են վարկաբեկել մարդկանց, բայց մի սրանց ծնողներին տեսեք` Ավինյանի հայրը մարդկանց «համբալ» անվանեց, մի ոչնչություն էլ կա, որի մայրը վերջերս հարձակվեց երիտասարդների վրա, մյուսի մայրը` հայհոյում էր ցուցարարներին: Սա է իրենց ընտանիքների պատկերը: Իզուր չէ, որ մեզանում այլևս որևէ պետական ոլորտ չի գործում: Ցանկացած պետական հիմնարկի հետ գործ բռնելը հավասարազոր է դժոխքում հայտնվելուն: Ոչ մեկն իր տեղում չէ, չի հասկանում գործից: Հայտնվել են մարդիկ, ովքեր անգրագետ են ու իրենց անգրագետ բարեկամներին էլ համակարգ են լցրել: Գլխավոր դատախազը ԱԺ ամբիոնից զեկույց է ներկայացնում՝ այնպես, ինչպես ՊԵԿ նախագահը կարող էր զեկույց ներկայացնել, բայց գլխավոր դատախազի գործը իրավապահ մարմինների կորդինացիան է, նա պետք է մտածի, թե ինչու են երկրում այսքան շատացել բոլոր տեսակի հանցագործությունները: Փոխարեն այդ ամենի՝ միայն փողի մասին է խոսում, այսքան մուտք արեցինք, այսքան ելք արեցինք, այսքան արգելանք դրեցինք….. Ազգային ժողովը շոուի են վերածել, ուզում են մարդկանց համոզել, որ մեծ թվով գույք են պետություն վերադարձրել: Քննչական կոմիտեի նախագահի ելույթն էլ նման էր Ոստիկանության տեղեկատվական կենտրոնի աշխատակցի ելույթին, խոսում էր միայն թվերից, որը հանրությանը ոչինչ չի տալիս: Ցուցամոլություն են անում, իբր թե գործ են անում: Նույն բանը Կոռուպցիայի դեմ պայքարի մարմինը: Այս մարդիկ միայն մի բան գիտեն` պաշտոնն անասնական վախով պահելու համար կուրորեն պաշտպանել Փաշինյանին:
Կարծիքներ