Վիճաբանություն և ծեծկռտուք Արաբկիրի թաղապետի ու քաղաքապետարանի պաշտոնյայի միջև 

Վիճաբանություն և ծեծկռտուք Արաբկիրի թաղապետի ու քաղաքապետարանի պաշտոնյայի միջև 

Երեկ քաղաքապետարանում մի քննարկման ժամանակ վիճաբանություն է սկսվել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի և քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանի միջև։ Մեզ ասացին, որ վիճաբանությունը շարունակվել է քաղաքապետարանի պատերից դուրս՝ ավտոկայանատեղիում, որտեղ բանը հասել է անգամ բռունցքներին, սկսվել է քաշքշուկ ու ծեծկռտուք երկու պաշտոնյաների միջև։ Մի տվյալով ասացին՝ վարչության պետն է հարվածել թաղապետին, մեկ այլ տեղեկությամբ՝ թաղապետն է առաջինը հարվածել վարչության պետին։

Մենք կապ հաստատեցինք Արամ Դանիելյանի հետ։ Վերջինս չհերքեց, որ նման միջադեպ է եղել իր մասնակցությամբ, բայց դա համարեց ընդամենը աշխատանքային վեճ։

«Էս պահին հարկ չեմ համարում դրա մասին խոսել, ինչ-որ տենց առանձնահատուկ բան չկա, էլի, որ խոսեմ դրա մասին։ Ծեծելու մասին խոսք չկա, ի՞նչ ծեծել։ Աշխատանքային վեճ է եղել»,-ասաց Արամ Դանիելյանը։

-Իսկ ի՞նչն է եղել այդ վեճի պատճառը, որ իրար չեք հասկացել։

-Շատ սովորական, նորմալ վիճակ է, որ մարդիկ կարող են աշխատանքային տարբեր հարցերում բանավիճեն, բայց ինչ-որ տենց առանձնահատուկ բան չկա։ Ծեծկռտուք, որ ասում եք, ուզում եք՝ գույները խտանա, բայց ինչ-որ տենց խնդիր չկա, էլի։

-Բայց մեզ ասացին, որ դուրս եք եկել ու վիճաբանությունը շարունակել ավտոկայանատեղիում, անգամ բանը հասել է բռունցքներին։

-Մարդ ենք, կարանք, ենթադրենք, վիճաբանելուց կամ բանավիճելուց մի քիչ ավելի ամեն ինչը տաք լինի։ Բայց, փառք Աստծու, գործընկերային հարաբերություններ է, աշխատում ենք, աշխատելու ենք։ 

-Նախկինում էլի՞ էր խնդիր եղել Գրիգոր Հարությունյանի հետ։

-Ընդհանրապես ոչ մեկի հետ ոչ մի ժամանակ խնդիր չի լինում։

-Ընդամենը ուզում եմ ասեք՝ վեճը ինչի՞ց է ծագել։

-Աշխատանքային ա, էլի, ես շատ եմ իմանում, տարբեր մտեցումներ կարան լինեն։ 

-Մեր տեղեկությամբ՝ Արթուր Մեսչյանի մոտ քննարկման ժամնակ է վեճը ծագել, որը հետո դրսում է շարունակվել։

-Նախ շատ շնորհակալ եմ, որ տեղեկությունը, այնուամենայնիվ, փորձում եք առաջին ձեռքից ճշտել, որը կոնկրետ ես շատ գնահատում եմ այ Ձեր դեպքում, եղբայր։ Ես հիշում եմ՝ Դուք մի անգամ էլ եք էլի տեղեկություն է եղել, զանգել եք, հարցրել եք, այ էդ Ձեր դրական վարքի համար ես ասում եմ շնորհակալություն։

-Իմ աշխատանքի բնույթն է այդպիսին։

-Չէ, բարեխիղճ եք, եղբայր, բոլորը չէ, որ բարեխղիճ են։ Իսկ էս դեպքում, ի՞նչ եմ խնդրում, առանձնապես պետք չի, էլի, ամեն մի շշուկը, օրինակ, էն որ ասում են՝ լուն դարձնել ուղտ։