ԶԱԳՍ-ի գործակալության պետը նշանակվել է խորհրդական․ ով է նոր պետը

ԶԱԳՍ-ի գործակալության պետը նշանակվել է խորհրդական․ ով է նոր պետը

Արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը եկած-չեկած համակարգում կադրային փոփոխություններ է սկսել, սկզբում նա փոխեց Քրեակատարողական ծառայության պետին, այժմ էլ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ԶԱԳՍ )գործակալության պետ՝ է նշանակել Արտաշես Խալաթյանին։ Վերջինս սահմանադրագետ է, մամուլի հրապարակումներում նրա անունը հաճախ է հանդիպում՝ նա քանիցս մեկնաբանել է Սահմանադրական դատարանի այս կամ այն որոշումը, կարծիք հայտնել։

Գործակալության նախկին պետը՝ Անի Մխիթարյանը նշանակվել է նախարարի խորհրդական։

Արտաշես Խալաթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մասնակցել է մրցույթի, գրավոր եւ բանավոր քննությունների փուլն անցել է եւ նշանակվել գործակալության պետ։ Նա ասաց, որ պարտականություններն արդեն ստանձնել է։

«Նախորդ նախարարից բավականին լավ ժառանգություն ենք ստացել, ոլորտը գտնվում է բարեփոխումների փուլում, պետք է զարգացնենք եւ ավարտին հասցնենք բարեփոխումները»,-նշեց նա։

Խոսելով այն մասին, որ  ոլորտում հաճախ հանդիպում է «մաղարիչ» ասվածը, որ գործն առաջ գցեն, Խալաթյանն ասաց․ «Նմանատիպ դրսեւորումները կանխելու համար արդեն տեղական ԶԱԳՍ-ի մարմինները քաղաքացիական կացության ակտեր չեն գրանցում, այլ դիմումները ընդունում են եւ ուղարկում են նախարարություն, եւ մենք ենք վերջնական որոշում կայացնում։ Իրենք ընդամենը դիմումը ընդունում են եւ փոխանցում մեզ»։