Արամ Պաչյան. Հիշելով ժանտախտի տարվա օրագիրը

Արամ Պաչյան. Հիշելով ժանտախտի տարվա օրագիրը

Օր երրորդ

Ինչպես քո, այնպես էլ լոնդոնցիների մոտ պարտադիր տնային մեկուսացումը ստեղծարարության պատրանք է հարուցում, նրանց տների շքամուտքերին կարգված հսկիչները արվեստի, այսինքն՝ փակուղուց սերվող երեւակայության, ստի, խորամանկորեն համոզիչ մտահղացումներն առքուվաճառքի հանած դահճության զոհն են: Տներից փախուստի դիմածներն ազատությունից են մահանում՝ դրսում չգտնելով ո՛չ հաց, ո՛չ տանիք: Որոշները տուն են դառնում, իշխանությանն են հանձնում բոլոր տեսակի ազատությունները, քիմեռներին են թողնում բոլոր տեսակի արվեստները, կղզիանում են սենյակներում ու տրոհվում իրենց մարմնի ու մտքի սպառվածության մեջ: Համաճարակը ստեղծագործում է կյանքից հեռանալը` ննջարանում մահճակալին կապկպված հիվանդը մոմաբոցից լույս է խնդրում. լույսի ընդամենը փափուկ մի թարթում, որ բոցավառվի սավանը, այրվի մոխիր երազող մարմինը: Ու լույսը լսում է նրան: Ժանտախտե համբույրները փողոցներում սնունդ են հայթայթում: Oլդերսգեյթ Սթրիթում մի բնակիչ երիտասարդ կնոջ է հետապնդում, հասնում է նրան, բռնի ուժով համբուրում է ու տեղյակ պահում, որ վարակակիր է՝ «and why should not she have it as well as he?»: Բացվում են դռները, մարդը մտնում է առանձնատան հյուրասենյակ, կանգնում է սեղանի շուրջ ճաշող իրեն լավ ծանոթ ընտանիքի առջեւ: Լուռ է: Կարանտինի մեջ նրա անակնկալ հայտնությունը զարմացնում է տանտիրոջը: Մարդն ասում է, որ վարակված է, որ մեռնելու է, որ անհանգստանալ պետք չէ, եկել է հրաժեշտ տալու: Ճիչերը ուշաթափվում են: Ընտանիքը ուշաթափվում է: Ուշաթափվում է տունը: Աննկուն է միայն հրաժեշտը, իր լուռ տեղում կանգնած՝ համառելով կամակոր մանկան նման, արթուն՝ ինչպես երբեք:   

Բանաստեղծում ես - ապրիլն անձրեւում է, կանձրեւի մայիսը. դրսում մածուցիկ կաթիլներ կթափվեն, ձեռնոց ու դիմակ: «Ռիոյի» մոտ քամին շան թաթազարկով ալկոգելի դատարկ սրվակի հետ կխաղա: H.F.-ին նամակ ես գրում․ «Գրում եմ մի ժամանակի մասին, երբ պենիցիլին չկար: Քութեշը մանկության, գիմնազիայի առաջին դասարանների պատուհասն էր: Կար «Խռուկ», «Աքլորախեղդ» կոչվող հիվանդությունը՝ առավել սարսափելի, մեզ առավել ցնցվել ստիպող բան, բայց դա կապված էր գյուղի հետ, պատուհաններից այն կողմ տարածվող խավար հեռուների հետ, դեպի ուր նույնիսկ նայել չէինք կամենում, նստած լամպի մոտ»: Ներիր, սա դու չես՝ Օլեշան է՝ 20-րդ դարասկզբի օդեսաներից («քութեշ» բառի «քութ» եռահնչյունը լսելիս) սարսռող հարավցին: Ուղղակի նրա կտրածո վերհուշն այստեղ, այս հատվածում հարմար եկավ: Ահա քո նամակը - Գրում եմ մի ժամանակի մասին, երբ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չկար: Ավելին՝ գրում եմ մի ժամանակի մասին, երբ մարդիկ մահանում էին, բայց մահը չկար: Նրա՝ դեռեւս մեզ չդիպչող մահվան պատկերային ու ձայնային առասպելի հեռավոր արձագանքն էինք միայն լսում: Սենյակներում փակված՝ պատուհանից այն կողմ մենք նրան էինք որոնում՝ 21-րդ դարի բնաշխարհում առոչինչ դարձած կենդանատեսակին՝ մահվանը: Ավարտելով՝ քեզ եմ փոխանցում ըստ իս կարեւորը՝ օրվա մեջ ինչ տեսել եմ – անշուշտ, բանաստեղծաբար՝

կեսօրին պատշգամբում 
աղվեսագույն շուն տեսա,
ինքնահաչում, ինքնահրճվում էր,
հեծոյի վրա կռացած երեխեքին հարցրեցի՝
մոտերքում դեղատուն կա՞,
հեծոն թողեցին, գոռացին՝
դեղ չկա, էլ դեղ չկա, 
իջի ներքեւ, դքով ներքեւ,
կոշիկիս կպած խաղողի տերեւ տեսա,
քնելուց առաջ պատուհանից անձրեւին նայեցի՝
անձրեւն էր - հանգիստ քնեցի։

Ինչպես քո, այնպես էլ լոնդոնցիների մոտ պարտադիր տնային մեկուսացումը ստեղծարարության պատրանք է հարուցում: Դու զոհաբերում ես արձակի ու իրապատումի սահմանին քեզնից լքված ընթերցողներին, որոնց բացասվելու, մոլորեցնելու ես հրավիրում, որպեսզի հակվեն ապաճորտացմանը, մերժեն գիրդ, խռովություն բարձրացնեն, հուղարկավորեն քեզ: Ընդամենը քայլափոխ, ու նրանք կհայտնվեն արձակի տարածքում, բայց դա իրապատումի թակարդն էր՝ պատրաստված արձակի բնանյութից: Քեզ անհրաժեշտ է հետապնդել, գրելուդ անկարողությամբ, բառերիդ ավերակներով վարակել ընթերցողին, ապա, որպես անձնական հուշ, պահպանել նրա՝ հիասթափությունից ու զայրույթից փշրված հայացքը, այնպես, ինչպես հեռահաս մի անկյունում՝ արկղի մեջ բացիկ ես պահպանում, հին լուսանկար, էջերի արանքում չորացած ծաղկաթերթ, որոնց շուտով կմիանա Covid 19-ի տեղաշարժման լրացրած թերթիկը: Դու պահպանում ես եղած լինելուդ փոքրիկ կյանքը՝ քո փորձերի հարվածային խառնարանում, որպեսզի, երբ կամենաս լույս աշխարհ գա, ճիշտ նույն պահին, երբ դուրս բերես արկղը, միջից հանես բացիկները, լուսանկարները, ծալմաշ նամակները - շոշափես անցյալի փշրված հայացքը, որ գուշակել է՝ իմացության ցավն ու հրճվանքն իր հետ չես վերապրելու - Դու ետ ես դնելու արկղի մեջ տեղավորվող կյանքդ, առժամանակ հրաժարվելու ես նրանից: Որպեսզի հիշես՝ մոռացնելու ես նրան:

H.F.-ի անցյալը պարզում է միայն այն, որ մարդս՝ թամբերի առեւտրով է զբաղվել, Լինքոլնշիրում բնակվող քույր է ունեցել, ինչպես նաեւ համաճարակի բռնկման առաջին իսկ օրերին ընտանյոք հանդերձ Բեդֆորդշիր տեղափոխված ավագ եղբայր, հավատացել է Աստծուն, քաղաքաբնակի իր շրջիկ հոգին Սուրբ գրքով է կերակրել, եղել է հետաքրքրասեր եւ, անշո՜ւշտ, հետաքրքրասեր մնացել: Այսքանը: Ասկետ․ դու նրան այդպես ես ճանաչում՝ իր անձից դուրս, խստակեց, համայնավար ու գործիմաց. կաթվածահար եղած գործի պայմաններում, այնուհանդերձ՝ գործիմաց: Տանը, զօրուգիշեր վարագույրները գոց, վառվող մոմերով եռաճյուղ աշտանակի լույսի մեջ կաղնեփայտե աշխատասեղանին խոնարհված՝ իր ժամանակի օրհասը հուշագրելիս: Նրա մատյանը լսելիքի ու տեսնելիքի տարեցույց է, բարեխղճորեն կազմած հաշվետվություն, որտեղ հերթագայում, դասավորվում են վիճակագրական աղյուսակներ, փաստեր ու լեգենդներ, մեռյալների ու ողջերի զրույցներ, ճշմարտապատումներ ու ստապատումներ, ցավային հառաչանքներ ու գժվածների բղավոցներ: 

Մի տեղ H.F.-ն ափսոսանք է հայտնում, որ անկարող է փոխանցել համատառապանքի աղաղակը, Լոնդոնում կուլ գնացած մարդկային ձայները, որոնք թղթի վրա լոկ բառերով են զգեստավորվում: Ժամանակագիրը խոստովանում է նաեւ, որ համաճարակի օրերին հեշտ չէ պատմել պատմություններ, որոնք իրարից ոչնչով չեն տարբերվում: Իրողություն, որն անմիջապես մոտեցնում, վերագրում ես գրականությանը, քո դեպքում՝ արձակին: Գուցե Դեֆոն, որ ի պատիվ իրեն չի զլացել որպես գրող կրկնվել ու վերակրկնվելուն եւս բնավ դեմ չի եղել, իր examiner-ի ազնիվ փետրագրչով կավելացներ՝ (Գրականության, միլիոնավոր գրքերի համաճարակում քեզ համար հեշտ չէ խոսել աշխարհի, ուրիշի, քո կյանքի մասին, հեշտ չէ պատմություններ պատմել, ստեղծել գրքեր, որոնք ձեւով ու բովանդակությամբ եղածներից ոչնչով չեն տարբերվում: Հակառակը պնդելու սահմանումներ, արդարացումներ ճամարտակելու հրապույրներ՝ որքան ուզես, եւ դրանք նույնպես միմյանցից ոչնչով չեն տարբերվում: Մինչեւ գրականության, գրելու ու տպագրվելու վիրուսի դեմ, հետեւապես՝ մահվան դեմ, պատվաստանյութ չստեղծեն, դժբախտության ու բարեբախտության այս ցատկախաղում ամեն ինչ շարունակվելու է): 

Դեֆոյի վեպում՝ վիպարվեստ, H.F.-ի օրագրում՝ օրագրություն, հուշերում՝ հուշագրումներ, հորինումի վավերագրական մարմնում երեւակայություն փնտրելդ իզուր է: «Ժանտախտի տարվա օրագրում» համարձակվում է չքանալ ոչ միայն արվեստը, այլ նաեւ լեզուն՝ հասնելով սեփական արթնությանը համբերող՝ «գրի զրոյական աստիճանին»: Եվ այս Մեծ չքացումից հետո դու առաջին անգամ լսում ես H.F.-ի ձայնը, առնում ես նրա սենյակի մոմաբույրը, տեսնում ես թանաքոտ մատները, լուսամուտների թանզիֆե վարագույրները, աղոթարանը, դիմակը, ծրարի մեջ դրված՝ տնից դուրս գալու ու դեպի փոստատուն քայլելու նամակ-պատրվակը, որը տասնչորս օր անց ուղարկելու է եղբորը: H.F.-ն այնքան ներկա է, այնքան իրական, որ մարմնազրկելով քեզ՝ իր հավատարիմ ընթերցողին, գեղարվեստականացրել է կյանքդ, քո ներսում արհեստական, կեղծած նախադասություններ սադրելով՝ համաճարակին դիմադրելու հույսեր է ստել, իմաստավորել կիսաստրուկի ու մանր քաղքենու քո օրը: H.F.-ի ընթերցորդն այլեւս դու չես: Նա է քեզ ընթերցում: 

Արդեն հմտացել ես, կարողանում ես այնպես արտաշնչել, որ գոլորշու շերտը դիմակիդ եզրակալերից չանցնի, չշարժվի դեպի ակնոցդ, ապակիները մառախլապատելով՝ չկուրացնի lockdown-իդ տեսադաշտը, այլ մնա ու լուծվի դիմակի ու շուրթերի արանքում՝ հպումների ծով թացության մեջ: Դիմակով շնչել-արտաշնչելը - ասես ծովի մեջ մոխիրդ դատարկես: Հիմա էլ չես զարմանում, որ այն ոչ մի կերպ չի սպառվում, հույսդ կտրել ես, թե օրերից մի օր անկմանդ հատակին կհասնես: Դատարկ աճյունասափորից տխուր բան չկա: Մոխիրդ վերջանա՝ ի՞նչ ես անելու, մարդիկ կան՝ ուրիշների աղբն են հավաքում-թափում, դու՝ 37 տարվա դիմակված կյանքիդ թունավոր ածուխները: Ութ հարյուր իննսունվեց հազար անգամ փորձել ես իսկական լինել՝ առանց դիմակի ու դիմակահանդեսի: Իսկական լինելու փոխարեն՝ իսկական լինելու անմարդկային ջանքեր ես գործադրել՝ երբեք չհասկանալով, թե դա ինչ է. վերածննդից հետո ինչո՞ւ են վերածննդին վերադառնում՝ այդպես էլ տեղ չհասնելով: Քեզ շփոթում ես աշխարհի հետ, մարդկանց նմանվելու, մարդկանցից տարբերվելու հետ ես քեզ շփոթում, ուրեմն ինչպե՞ս իսկության հասնել, մանավանդ, երբ ցանկություններդ, երազանքներդ ու պատկերացումներդ քո բարեկամներն են թվում, իսկ մարմինդ՝ թշնամիդ: Մարմինդ - երեւակայությանդ ու խոհիդ հակընթաց է, մտքերդ հեղինակելով՝ ստորաբար փակության է դիմում, երկվելու հատկությունից ուժասպառ՝ ձգտում է քնել, շարունակվել անհայացք՝ ինչպես մոռացությամբ անգիտակից բժշկական դիմակը: Դու խառնվել ես, սաղին խառնել իրար, գիտես ու չգիտես, թե որ կողմում ես - Դու ո՞ւմ կողմից ես՝ երեւակայությա՞նդ, թե՞ մարմնիդ, բարեկամի՞դ, թե՞ թշնամուդ, կորոնավիրուսի՞, թե՞ պատվաստանյութի, H.F.-ի՞, թե՞ Դեֆոյի: Վերջը Դու մարդկային դեմքի՞ կողմից ես, թե՞ մարդկային դիմակի: Դու կամի՞ց ես, թե՞ Դու կամում ես: Իսկ միջեւը - լինելով միջեւներում՝ Քեզ հետ Դու ի՞նչ ես պատահեցնելու: 

Հարցեր կեղծելու սովորույթը թող: Դիմակով շնչել-արտաշնչելուն մինչ հմտանալդ՝ H.F.-ի օրագրից հավես բան էիր փոխառել. մանկությանն այնքան հարազատ բան: Նա գրում է, թե ինչ միջոցով էին լոնդոնյան հավաքույթների ժամանակ վարակակիրներ բացահայտում: Մարդուն ապակու մակերեսին արտաշնչել էին տալիս, եւ եթե նա ժանտահար էր, թանձրացած գոլորշին հրեշավոր արարածներ էր պարզում՝ կենդանի վիշապներ, խլրտացող օձեր ու սատանաներ: Երբեւէ վերցված փորձանմուշների մեջ արարչականը, որ սկսում ես կիրառել ակնոցիդ, սենյակիդ պատուհանափեղկի, թղթերիդ ճերմակության վրա: Շուրթերդ մոտեցնում ես հիշողությանդ՝ շնչում-արտաշնչում - Երեւանն է, կարանտինի երրորդ շաբաթվա մեջ, դու ընդհատակի փարթիներից մեկում ես: Քեզ հետաքրքրում է դիմակավորներից քիչ հեռվում նստած՝ բացերես մի աղջիկ: Քեզ հենց նա է հետաքրքրում, քանի որ նրա համար դու գոյություն չունես, աներեւույթ միկրոբ ես, անձեռոցիկի վրա սուրճի մեռած կաթիլ, պարզ ոչնչություն: Աղջիկը գրավում է, որովհետեւ իսկական լինելու, աչքի ընկնելու, մարմնի լեզուն փաստելու ինքնությունները փշրել, ջնջագրել է: Կարճ մազեր, սեւ շապիկ, միերանգ ջինս, թավշակտորից՝ նուրբ կոշիկներ: Աչքերը հազվադեպ է թարթում, լույսի տակ՝ այտին ու թեւին՝ ոսկեգույն աղվամազիկներ: Ու ինչ լավ է, որ նրա համար մտածվելուն, ընդհանրապես գոյություն ունենալուն անենթակա, պարզ ոչնչություն ես. դու՝ քո բազմակերպ դիմակներով, վայրկյան առաջ լույս աշխարհ եկած մանկան անտրոր հայացքով - կապ չունի - ոչնչություն ես: H.F.-ն ու աղջիկը զրուցում են, կոճապղպեղով կծվոտ լիմոնադ են խմում: Ուզում ես մոտենալ նրանց, աղջկան ասել, որ շնորհակալ ես, ու արագ հեռանալ:  

Շուրթերդ մոտեցնում ես հիշողությանդ՝ շնչում-արտաշնչում - Աճպարարը վեր է բարձրացնում ցիլինդրը՝ հայտնվում է ճագարը: Ձեզնից մի քանիսը ճչում են, մյուսները՝ պապանձվում: Իննսունականներն են, Երեւանի կրկեսում եք: Աճպարարը սովորական աճպարար է, հետեւապես՝ իսկական աճպարար: Ունի շաքարափոշու ցանով իծամորուս, որ սանրած է մազիկ-մազիկ, եւ, հավանաբար, համեղ ապխտած զաֆրանի, անանուխի ու դարչինի բույրերում: Նա խավարից ցիլինդր է ձեւել, ձեռքերը եփել է կաթի մեջ, ձեզ պարզած ժպիտը դիմակել գաղտնիքով, այնպես, որ գաղտնիքը գաղտնիք ջանա: Ճագարը սովորական ճագար է, հետեւապես՝ իսկական ճագար՝ ճերմակ, դեպի հյուսիս ձգվող աղվաբրդով, ականջներում՝ վարդագույն միջուկներ, մեջքին՝ լճակված խալ: Աճպարարը վեր է բարձրացնում ցիլինդրը՝ ճագարն անհետանում է: Ձեզնից մի քանիսը ճչում են, մյուսները՝ պապանձվում: Լռությամբ նա խոնարհվում է ի երախտիք ձեր ճիչերի ու քարացումների: Շնորհակալ է նրա համար, որ գիտեք՝ ոչ մի գաղտնիք էլ չկա, ճագարի հայտնվել-անհետանալը պարզապես ճագարի հայտնվել-անհետանալն է, խավարե ցիլինդրը, կաթի մեջ եփված ձեռքերը գաղտնիքներ չեն, ու գաղտնիք չէ ժպիտը: Նա շոյում է գլխարկը՝ կտորի խավին հակառակ, ու հեռանում: Մի օր, եթե անամոթաբար ինքնորոշեիր, թե ինչ էր արվեստը, այժմ ու 355 տարի առաջ գրված «Ժանտախտի տարվա օրագրում» զուգադիպվող իրականությունների լեզուն, համընթերցման լեզվի տարածությունում որդեգրվելու հնարավորությունը, H.F.-ին դու ցածրաձայն կխոստովանեիր՝ Արվեստը - գլխարկը կտորի խավին հակառակ շոյելու շարժումն էր: 

Օր երկրորդ 

Օր առաջին 

Լուսանկարը` Եվա Մուրադյանի

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ