Ինչ պետք է եղել իրենց, արել են, հիմա էլ ի՞նչ անեն․ Ներսես Շադունց

Ինչ պետք է եղել իրենց, արել են, հիմա էլ ի՞նչ անեն․ Ներսես Շադունց

Տեղ համայնքում իրավիճակը դեռևս հանգիստ է։

«Իրենք [ադրբեջանցիներն] իրենց տեղում են կանգնած, մերոնք մեր տեղում են կանգնած», - «Հրապարակի» հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

Հարցին՝ գիշերը սադրանքներ, կրակոցներ եղե՞լ են ադրբեջանական կողմից, Շադունցը պատասխանեց․ «Կոնկրետ մեր վարչական տարածքում չեն եղել։ Սահմանապահ զորքերն իրենց տեղում են կանգնած, իրենք [ադրբեջանցիները] էլ իրենց տեղում են կանգնած։ Չգիտեմ, կարող է՝ ուրիշ բան է եղել, ես չգիտեմ։ Կոնկրետ մեր վարչական տարածքում չի եղել, չէ»։

Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը դեռևս լուրջ ինժիներական աշխատանքներ չի կատարում։ «Իրենք այս պահին լուրջ ինժիներական աշխատանքներ չեն անում։ Մեր հատվածում չեն անում։ Ինչ պետք է եղել իրենց, արել են, հիմա էլ ի՞նչ անեն», - նշեց համայնքապետը։

Իսկ թե ադրեբջանիցիների հետ քաշվելու վերաբերյալ բանակցություններից ի՞նչ նորություն կա, Տեղի ղեկավարը դժվարացավ ասել։ «Չեմ կարող ասել։ Դա պետք է համապատասխան մարդականցից հարցնեք։ Տեղային բանակցություններին մենք մասնակցում ենք», - հավելեց նա։

«Տեղային բանակցություններ» ասելով՝ Շադունցը նկատի ունի վերջերս տեղի ունեցած միջադեպերով բանակցությունները՝ ադրբեջանցիների կողմից գյուղացիների անասուններ գողանալը և նմանատիպ միջադեպերը։

«Դե օրինակ՝ փոքր թեմաներ առաջանան, միջադեպեր լինեն։ Անցած անգամվա նման՝ [բնակիչների] անասունները տանեն, հետ բերեն, այդ կարգի բաներին մասնակցում ենք։ Բայց ընդհանուր առմամբ՝ ոչ։ Վերջին միջադեպերը եղել են Արավուսում գյուղացիների անասունները հետ կապված, դրանից մի քանի օր հետո էլ տրակտորիսների հետ կապված դեպքն է եղել։ Դրանից հետո էլ բան չի եղել։ Հանգիստ է, նորմալ է», - եզրափակեց նա։

Այսօր ավելի վաղ Թերթ․am-ի հետ զրույցում Տեղի համայնքապետն ասել էր, որ Տեղ համայնքում ադրբեջանցիները սահմանագծի երկայնքով ավարտել են ինժեներական աշխատանքները, եկած օրվանից ինտենսիվ սկսել են պաշտպանիչ խրամուղիների կառուցումը, բետոնից պատնեշներ են տեղադրել։ «Մեր տեսանելի հատվածում իրենք արել են այն ամենը, ինչը իրենց անհրաժետ է, այս պահին լուրջ տեխնիկական աշխատանքներ չեն արվում։ Սահմանային հեռավորությունը սկսվում է 200 մ-ից մինչև 1-2 կմ», - ասել էր նա։ Համայնքի ղեկավարը նաև նշել էր, որ ադրբեջանցիները գերիշխող դիրքերում են կանգնած՝ սարերի վրա, և որ դիտարկման հետ կապված որևէ խնդիր չունեն։