«Աբսուրդի ժանրից կամ իրավական խուլիգանություն»  

«Աբսուրդի ժանրից կամ իրավական խուլիգանություն»  

Նման բնորոշումներ է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ չորս անձանց և այդ թվում իր նկատմամբ վերսկսված իրավական հետապնդմանը: Դրան չհամաձայնել ուղղակի հնարավոր չէ: Ուրիշ հարց, որ դատախազություն կոչված նիկոլական կառույցում չկա մեկը, ով համարձակություն կունենա հրապարակավ իր անհամաձայնությունը հայտնել աբսուրդային այդ ներկայացմանը: Այն, որ դա չի անի գլխավոր դատախազը, հասկանալի է. ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի երբեմնի օգնականի մտքով նման բան անցնել չի կարող: Բայց որ այդ կառույցի որևէ աշխատակցի մտքով ևս չի անցնում նման գաղափար՝ հերթական անգամ դա վկայում է ժողովրդավարության և իրավական պետության անվան ներքո Հայաստանում հաստատված միանձնյա կամ կիսաբռնապետական կառավարման մասին: Հենց այդպիսի, քանի որ «խեղճ հարիֆի» վերածված երբեմնի «դուխով» Նիկոլը չունի բռնապետականի վերածվելու համապատասխան ունակություն: Որովհետև եթե ունենար, ապա պետք է հայտարարեր, որ ինքը թքած ունի ժողովրդավարության վրա և հանուն իր իշխանության պահպանման՝ չի երկնչնի օրենքի և իրավունքի նման թիթիզ բաներն արհամարհելուց: 

2008 թվականի մարտի 1-ին ես կեսօրից մինչև կեսգիշեր եղել եմ Գր. Լուսավորչի փողոցում, բարձրացել եմ Ստ. Շահումյանի արձանի մոտ, կրկին ներքև եմ իջել՝ այդ «շրջագայությունը» կրկնելով բազմաթիվ անգամներ: 20 օր անց՝ մարտի 21-ին, հարյուրավոր անձանց հետ միասին կենդանի շղթա եմ կազմել Ազատության հրապարակից մինչև Գր. Լուսավորչի փողոցը: Մասնակցել եմ դրան հաջորդած՝ ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի կողմից կազմակերպված բազմաթիվ հանրահավաքներին: Բայց ես այսօր բավարարվածության զգացում չունեմ՝ ճիշտ այնպես, ինչպես չեմ ունեցել նախորդ անգամներ՝ երբ քրական գործեր էին հարուցվում ու մեղադրյալի աթոռին էր հայտնվում ՀՀ երկրորդ նախագահը: Որովհետև Արցախյան երկրորդ պատերազմի խայտառակ պարտությունից և Արցախի հայաթափելն օժանդակելուց հետո մարտիմեկյան 10 զոհի կամ սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ մեղադրել ինչ-որ անձանց կարող է միայն այն իշխանությունը, որը բացարձակ զուրկ է բարոյական արգելակներից: Եվ, բացի դրանից,մնացել է 20-րդ դարակեսի թատերական արվեստում ծագած աբսուրդի ժանրի կանոններում:

Բայց քանի որ մեզանում ամեն ինչ ուրիշ է, ապա եվրոպական աբսուրդային ժանրին գումարվել է զավեշտը, ինչն առկա չէ այնտեղ ու չէր էլ կարող լինել, որովհետև աբսուրդն ինքնին արդեն ինքնաբավ երևույթ է: Ինչևէ, մեզանում զավեշտի ու աբսուրդի միացությունն այն տեսարանն է, երբ աբսուրդային իրավիճակում դատախազության ներկայացուցիչը փորձում է լուրջ դեմքով հիմնավորել գոյություն չունեցող մեղադրանքը: Ինչն, ի դեպ, նոր երևույթ չէ, բայց նաև օժտված է անընդհատ շարունակվելու հատկությամբ: Վստահ եմ, որ մեկ-երկու հարյուր տարի անց, եթե մինչ այդ մենք որպես պետություն չվերանանք այս տարածաշրջանից, դեպի ուր անսասան ու համառորեն ընթանում է այս իշխանությունը, մեր պատմաբանները կզարմանան, թե ինչ էր պատահել մեր ազգին, որ ընկել էր այդ վիճակի մեջ: Ու ինչու իրավապահ համակարգն իրական մեղավոր անձին թողած՝ ընկել էր ուրիշների հետևից: Բայց նույնիսկ այս իրավիճակում ես չեմ կորցնում հույսս, որ զավեշտով հագեցած այս աբսուրդ իրավիճակը վերջ կունենա: Ու մենք, հանուն մեր նահատակ հերոսների, կտոնենք մեր հաղթանակը: Այն ապագան, դեպի ուր մեզ տանում է Բագրատ Սրբազանի կողմից առաջնորդվող «Սրբազան պայքար»-ը: