Այս պայմաններում ես չեմ կարող աշխատել

Այս պայմաններում ես չեմ կարող աշխատել

Նախօրեին ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց, այն հիմնավորելով մի քանի պատճառներով, մասնավորապես, որ կրթության եւ գիտության ոլորտում բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ, ինչը առաջ է բերել հակասություններ (https://hraparak.am/post/8052808e261c9833c17a0e9ce4c28bdb): Գոգյանի գրառմանը հաջորդիվ արձագանքեց նաեւ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը` բերելով իր փաստարկները (https://hraparak.am/post/c0f3ee7ecd978f8e0f4e93e5d13472e5): 

Մեզ հետ զրույցում, Սմբատ Գոգյանը նախ ցանկացավ անդրադառնալ Դիանա Գալոյանի գրառմանը. 

-Դիանա Գալոյանը իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է, որ հաստատված մասնագիտական խորհրդի աշխատակարգը հակասում է կառավարության որոշմանը: Ես դեռ 2020թ-ի հունվարին` իմ մամլո ասուլիսի ժամանակ, բարձրաձայնել եմ դրա մասին, որ հենց այդ կառավարության որոշումն է հակասում օրենքին, հետեւաբար դրանից բխող բոլոր իրավական ակտերը նույնպես հակասելու են: Դրա համար մենք նախօրոք օրենքի փոփոխության նախագիծ էինք մշակել, որպեսզի այդ ամեն ինչը կարգավորենք եւ մեր բոլոր քայլերը լինեն պինդ ու ամուր, սակայն երբ ուղարկեցինք նախարարություն, այն այդպես էլ ընթացք չստացավ: Իսկ այն դիտարկմանը, որ 6 ամիս դադարեցվել էին խորհուրդների աշխատանքները, դա կատարյալ սուտ է, մասնագիտական խորհուրդները միշտ շարունակել են աշխատել եւ դրա ապացույցն այն է, որ եթե նայենք տնտեսագիտություն առարկայից, ապա 2018թ-ին պաշտպանություն չի եղել միայն օգոստոս, սեպտեմբեր ամիսներին, ինչը պայմանավորված է միայն ակադեմիական արձակուրդով, իսկ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար ամսիներին պաշտպանություններ եղել են: Եթե խորհուրդները փակված լինեին, ապա ինչպե՞ս էին պաշտպանելու: Այսինքն նա ստում է: Կարող եմ միայն հավելել, որ 2020թ-ի հունվարից, երբ խորհուրդների կազմերը վերանայեցինք, Դիանա Գալոյանին հանեցինք այն հայտերի ցուցակից, որտեղ նրան առաջարկել էին զուտ այն պատճառով, որ իր դոկտորական ատենախոսությունում կան փոխառնված նյութեր` թարգմանություններ եւ արտագրություններ, ինչը նրան դուր չէր եկել: Ի դեպ, առաջին անգամ ՀՊՏՀ-ն հայտ էր ներկայացրել միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ խորհուրդ ունենալու համար, բայց մենք հայտը մերժեցինք, որից հետո նա շատ կոպիտ գրություն ուղղեց մեզ` անգամ գլխագիր չդնելով նամակի մեջ, բայց մեր պատասխանը հստակ էր` խորհրդի կազմում կան անձինք, որոնց ատենախոսությունները փոխառնված են եւ հստակ նշեցինք, որ օրինակ Թադեւոս Ավետիսյանի թեկնածուական ատենախոսությունը գրեթե ամբողջությամբ թարգմանված է ռուսալեզու մեկ այլ ատենախոսությունից, որը պաշտպանվել էր ավելի շուտ: Դրան մենք ոչ մի արձագանք չենք ստացել եւ նույնիսկ տեղյակ չենք, արդյոք ՀՊՏՀ-ն ստուգե՞լ է այդ փաստերը, թե՞ ոչ: 

-Գալոյանն անդրադարձել էր նաեւ իր գիտական աշխատանքին, նշելով որ հանձնաժողովը տվել է իր եզրակացությունը՝ որակելով այն որպես լուրջ գիտական ներդրում տնտեսագիտության մեջ: Սրա մասին ի՞նչ կասեք: 

-Եթե չեմ սխալվում, այդ հանձնաժողովի կազմում 6 հոգի էին ներառվել, որոնցից մեկը հրաժարվել էր, մեկը բանասիրական գիտությունների դոկտոր էր, որն ուղղակի ասել էր, որ կանոնակարգային խախտումներ տեղի չեն ունեցել գործընթացի ընթացքում: Մեկը` տեխնիկական գիտությունների դոկտոր էր եւ միջազգային տնտեսագիտության մասնագետ չէր, մնացած 3-ից մեկն էր միջազգային տնտեսագիտության մասնագետ, որն էլ այդ տխրահռչակ Թադեւոսյան Ավետիսն էր, որը փաստորեն գիտնական չէ, գիտական աստիճան չունի, հետեւաբար այդ հանձնաժողովը մասնագիտական կարծիք տալու իրավունք էլ չունի, եւ նման հարց դրված էլ չէր: ճիշտ այնպես, եթե հարցնեն իմ քիթը մեծ է, թե չէ, իսկ պատասխանը լինի այն, որ աչքերը հո՞ լավն են: Այսինքն այդ կարգի գնահատական տալը այնքան էլ ճիշտ չէ: Հետո այդ հանձնաժողովը պարզապես չէր կարող միջազգային տնտեսագիտության վերաբերյալ կարծիք տալ, որովհետեւ հանձնաժողովի անդամներից ոչ մեկը միջազգային տնտեսագիտության մասով գիտնական չէ, միայն մեկն ունի արտագրած ատենախոսություն:

- Նախօրեին, Ձեր ֆեյսբուքյան էջում 3 կետով նշեցիք ԲՈԿ-ից հեռանալու Ձեր պատճառների մասին, նշելով որ «գրագողերը սպասում են կառույցի փակվելուն»։ Ո՞ւմ նկատի ունեիք` Դիանա Գալոյանի՞ն:   

- Այո, որովհետեւ կոնկրետ իր դեպքում եղան խնդիրներ, իսկ Ռուբեն Հայրապետյանի դեպքում, ըստ էության, նա ընդունեց իր սխալը եւ դիմում գրեց հեռացավ: Շատ եմ ցավում, որ դրանից հետո սկսեց աղմուկ բարձրացնել, որովհետեւ արտագրություն կար, որը հերքել անհնար է: Ես Ռուբենի հետ «Քվանտ» վարժարանում դասավանդել եմ նույն աշակերտներին եւ նրա հետ որեւէ խնդիր չունեմ, բայց նույնիսկ, եթե եղած խնդիրը ես ֆիքսել եմ, մյուս դեպքում նույն ձեւով առկա է խնդիր, որը, սակայն տվյալ մարդու կողմից չի ընդունվում: Դա ինձ համար արդեն արժեքային խնդիր է առաջ բերում: Հավելեմ նաեւ` այդ հանձնաժողովը, որ Դիանա Գալոյանի աշխատանքը նայել էր, կազմվել է ԿԳՄՍՆ-ում եւ այդ հանձնաժողովի կազմի ձեւավորման գլխավոր պատասխանատուն փոխնախարար Գրիշա Թամրազյանն է, որը, բոլորը գիտեն, մտերիմ հարաբերությունների մեջ է Դիանա Գալոյանի հետ: 

-Իսկ նախարարության հետ Ձեր հակասություններն ինչո՞ւմ են կայանում, Ձեր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էիք, որ «կրթության եւ գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ եւ ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են»: Մասնավորապես ո՞ւմ նկատի ունեք` փոխնախարար Գրիշա Թամրազյանի՞ն, թե՞ նախարար Արայիկ Հարությունյանին:  

- Տեսեք, Գրիշա Թամրազյանը հիմնականում այնպես է անում, որ «մալբռի» համակարգով մեր բոլոր փաստաթղթաշրջանառությունը, նախաձեռնությունները, մտադրությունները բլոկավորվեն եւ մենք չենք կարողանում ոչ մի ձեւ դրական արդյունքի հասնել:

- Ավելի կոնկրետ ինչո՞վ եւ ինչպե՞ս է խոչընդոտում: 

- Կա ԲՈԿ-ի կողմից ընդունելի հանդեսների ցուցակ, 2019թ-ի ցուցակը հաստատելուց հետո ես գրություն գրեցի նախարարին, առաջարկելով, որ Գիտության կոմիտեն ռեյտինգավորի Հայաստանում եղած բոլոր գիտական հանդեսները, դասավորի մի քանի կատեգորիայի, դիֆերենցված չափանիշներ դնենք, նախարարը ընդունեց դա եւ իր հրամանով ստեղծվեց հանձնաժողով, որը չափանիշներ մշակեց, հետո գնահատող հանձնաժողով ստեղծվեց: Նախարարի հրամանում ասվում էր` 2019թ-ի նոյեմբերի 30-ին ամփոփել աշխատանքը եւ ներկայացնել հաշվետվություն: Հանձնաժողովը չամփոփեց իր աշխատաքները եւ ես դեկտեմբերին նախարարություն գրություն գրեցի` խնդրելով քննարկում կազմակերպել, որպեսզի հասկանանք մեր քայլերը, որովհետեւ հունվարի 1-ից ԲՈԿ-ը պետք է թարմացներ գիտական հանդեսների ցանկը: Գրությունը գնաց «մալբռի» համակարգով, հունվարին հետ եկավ առանց պատասխանի, ես էլի ուղարկեցի գրություն եւ հիմա համակարգը ցույց է տալիս, որ ապրիլի 20-ից այդ գրությունը փոխնախարարի «մալբռի» համակարգում նստած է եւ ոչ մի գործողություն չի արվել: Իսկ դա ինստիտուցիոնալ ճգնաժամի նշան է, այս պայմաններում ես չեմ կարող աշխատել, որովհետեւ գաղափարներ ունեմ, որոնք կյանքի կոչել չի լինում: 

-Իսկ «մալբռի» համակարգից դուրս, անձամբ նախարարի հետ առիթ չե՞ք ունեցել խոսելու այս խնդիրների ու խոչընդոտների մասին եւ հասկանալ իր դիրքորոշումը եւս: Կամ միգուեցե նախարարի կողմից կա որոշակի հովանավորչություն, դրա համար խնդիրները լուծում չեն ստանում: 

- Չեմ կարծում, որ օրինակ նախարարի կողմից կա որեւէ հովանավորչություն Դիանա Գալոյանի հանդեպ: Ինձ թվում է, ուղղակի նրան ճիշտ տեղյակ չեն պահում, թե խնդիրն ինչում է: Ամեն դեպքում, ես ուզում եմ այդպես հավատալ: ԲՈԿ-ը ԿԳՄՍՆ-ից հեռու է գտնվում եւ չեմ բացառում, որ նախարարության միջանցքներում` իմ շուրջ, սխալ իմիջ են ձեւավորում: 

-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն հանգամանքը, որ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում ԲՈԿ-ը չկարեւորվեց եւ նախարարն էլ ԱԺ ամբիոնից հայտարարեց դրա փակվելու մասին: 

-Հենց դա էլ ինձ համար մեծ հարված էր, որովհետեւ սեպտեմբերին, երբ օրենքի նախագծում ԲՈԿ-ը չկար, պատճառաբանեցին, որ տեխնիկական խնդիր է եւ նոյեմբերի նախագծում արդեն այն կար, ասեմ ավելին` հունվարի կեսերին ինձ ասեցին, որ օրենքի մեջ ԲՈԿ-ի հատվածը ինչպես որ ես եմ պատկերացնում` ուղարկեմ, որպեսզի դնեն օրենքի նախագծի մեջ, բայց հանկարծ փետրվարի 24-ին Ազգային ժողովի դահլիճում նստած լսում եմ, որ կա որոշում կառույցի չլինելու մասին, որի մասին ինձ երբեւէ ոչ մի խոսք չի ասվել եւ ընդհանրապես ԲՈԿ-ի ինստիտուցիոնալ խնդիրների մասին չեն էլ զրուցել: Ես ընդունում եմ, որ միգուցե ԲՈԿ-ը պետք է փակվի եւ դա ճիշտ աշխատանքի արդյունք պետք է լինի, որպեսզի այն չլինի, բայց այսօրվա դրությամբ ԲՈԿ-ի փոխարեն ո՞վ եւ ի՞նչ հարց է լուծելու այս համակարգում` ես չեմ պատկերացնում, որովհետեւ բուհերը, իմանալով, որ իրենց կազմում ունեն գրագողներ, խորհուրդ ստեղծելու հայտ են ուղարկում: Եթե մենք չլինենք, արդյո՞ք նրանք ավելի պարտաճանաչ ու ազնիվ կլինեն, ես դրա լուծումը չեմ տեսնում: