Քառօրյայի մասնակիցը առողջական ծանր խնդիրներ ունի

Քառօրյայի մասնակիցը առողջական ծանր խնդիրներ ունի

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, 46-ամյա Ալբերտ Մարտոյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն, ինչպես ինքը մեզ հետ զրույցում ասաց, դրանք չեն լուծվում։ Վարդենիսցի պայմանագրային զինծառայողի վերջույթները քառօրյա պատերազմի օրերին ձնահոսքի հետեւանքով ցրտահարվել են։ Բանը հասել է նրան, որ ոտնաթաթերն ու կրունկներն անդամահատել են, սակայն դրանով Մարտոյանի խնդիրները ոչ թե ավարտվել, այլ ավելի են բարդացել։ Այժմ գերաճի հետեւանքով ոտքերը պետք է ավելի վերեւից կտրեն, բայց, Մարտոյանի պնդմամբ, որեւէ մեկը չի ստանձնում այդ գործը․

«Քառօրյա պատերազմի օրերին ձյան հոսքի զավալից ցրտահարվել եմ՝ 3-րդ, 4-րդ աստիճանի, իմ ոտնաթաթերն ու կրունկներն անդամահատել են։ Առայսօր պետությունն ինձ ո՛չ կոշիկ է տվել, ո՛չ մի այլ բան, Ամերիկայից մի բարերար տղա կա, ինքն ա ինձ օգնել, երեւանցի տղա ա, ինքն ա ինձ տալիս օրթոպեդիկ կոշիկները։ Էսօրվա դրությամբ հերթը հասել ա ոտքերիս, գերաճ ա տվել, պետք է ոտքերս անդամահատեն, պետք է կտրեն։ Դիմում եմ հիվանդանոց՝ «Էրեբունի» ԲԿ, «Էրեբունի» հիվանդանոցն իր վրա վիզ չի վերցնում, ասում եմ՝ ո՞նց անենք, որ գերաճը կտրենք, էս 3 տարի ես պայքարել եմ ոտքերիս համար, իրենք վիզ չեն վերցնում։ Սրանից մի շաբաթ առաջ պառկել եմ տանը, ոտքերս ուռած վիճակով, թարախակալվել էր, գնացել եմ Վարդենիսի կայազորային հոսպիտալ, հրամանատարը եկել ա, ոտքիս էդ տակի մասի թարախները մաքրել ա, ասաց՝ անհապաղ գնա Երեւան։ Անհապաղ Երեւան գնացել եմ, ում դիմում եմ, պատասխանատվությունն իր վրա չի վերցնում, իրար վրա են գցում։ Դա ա իմ խնդիրը»։

Մարտոյանի խոսքով՝ առողջական խնդիրը լուծելու 2 տարբերակ կա․ հերթական՝ թվով 2-րդ պլաստիկ վիրահատությունը, ինչի մասին բժիշկները չեն էլ ցանկանում խոսել, կամ էլ անդամահատում, ինչը նույնպես չեն ցանկանում անել։ Մարտոյանը դիմել է նաեւ մարզպետ Գնել Սանոսյանին, սակայն վերջինս «ձեռքերը լվացել՝ ղրաղ է կանգնել»․

«Եթե կարելի ա գերաճը կտրեն, անիմաստ ոտքս չանդամահատեն։ Մեկ-մեկ վերականգնողական կենտրոնն ա ինձ տեր կանգնում։ Դիմել եմ մարզպետին, մարզպետ ձեռներ լվացե՝ քաշվե ղրաղ կանգնե, քաղաքապետը՝ նույնպես, գյուղապետը՝ նույնպես, ում դիմում եմ, ամենը մերժում են։ Թե ինչի համար են մերժում, ես չեմ կարա ասեմ։ «Էրեբունին» գլուխը տակ չի տալիս, ասում է՝ մենք քեզ կոնկրետ բան չկռնանք ասենք։ Կա՛մ պետք ա անդամահատեն, կա՛մ 2-րդ անգամ պլաստիկ վիրահատություն անեն, բայց իրենք վախենում են պլաստիկ վիրահատությունից։ Հենց հիմա իմ ոտքերը թարախի մեջ ա, ցավեր ունեմ։ Ես ընկել եմ սրա-նրա հետեւից, կոնկրետ դիագնոզ չեն տալիս։ Ես մենակ «Էրեբունի» եմ եկել, «Գրիգոր Լուսավորիչին» չեմ վստահում, որովհետեւ մի անգամ թոքաբորբ էի ընկել, ինձ մի օր պառկացրին, հանին դուրս շպրտին»։

Պայմանագրային զինծառայողն այժմ հենակներով է տեղաշարժվում, մշտապես ցավեր ունի։ «Գաս, ի՞նչ անես»,- պատասխանել են Մարտոյանին։ «2 հենակով կռնամ քելեմ, վախտ կա՝ մի հենակով, վախտ կա՝ 2 հենակով եմ։ Ինձ պլաստիկ վիրաբույժն ասում ա՝ ավելի լավ ա անդամահատվես, պրծնես։ Ինձ ասաց՝ մեր բաժնի վարիչը որ արձակուրդից գա, դու արի։ Գնացի, դեռ արձակուրդից չէր եկել, հետո զանգում եմ իրեն, ասում եմ՝ ես ի՞նչ անեմ, նորություն կա՞, որ ես հելնեմ գամ, ասում է՝ գաս ի՞նչ անես։ Այ, ըտենց խաբում են ինձ, ոչ մեկ ոչ մի հարցով ինձ չի օգնում, ախպեր։ Ինձ չեն ասել, որ հնարավոր լինի բուժել, էդ բառն ինձ չեն ասել»։

Զարմանալի է պաշտպանության նախարարության կեցվածքը։ Հարցին, թե պաշտպանության նախարարությունում տեղյա՞կ են, ի՞նչ են ասում, Մարտոյանն ասաց, որ չեն պատասխանում իր զանգերին, անջատում են, որովհետեւ իր խնդրով ԶԼՄ-ներին է դիմել․ «Զանգում եմ բուժվարչության պետի առաջին տեղակալին, չի վերցնում հեռախոսը։ Ինձ ճանաչում են, չեն վերցնում հեռախոսը, որովհետեւ ես մի քանի անգամ դիմել եմ լրատվամիջոցի, դրա համար հեռախոսը չեն վերցնում։ Ես քեզ պարզ ասեմ՝ ինձ անտեսում են»։
Հասկանալու համար, թե ինչու Մարտոյանին չեն վիրահատում, եւ ինչպիսի բուժում կարող է լինել, կապվեցինք «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանի հետ, սակայն նա ասաց, որ չի կարող որեւէ տեղեկություն փոխանցել, եթե հիվանդն իրենց մոտ պառկած չէ, միայն Մարտոյանի՝ հիվանդանոց այցելելու պարագայում կարող է պարզաբանում տալ․

«Եթե հիվանդը գալիս է, մենք կա՛մ հոսպիտալացնում ենք, կա՛մ գալիս է ընդունարանից հրաժարվում, թողնում գնում է, մենք ամբուլատոր ծառայություն չունենք, հիվանդը կարող է գալ-հետազոտվել, թողնել գնալ։ Ինքը թող մոտենա հիվանդանոց, այդ ժամանակ կփորձեմ հասկանալ, թե ով է եւ ինչ հարցով։ Թող ինքը մոտենա հիվանդանոց»,- պատասխանեց Հունանյանը։

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նախարարությունում խնդրի մասին տեղյակ են, սակայն ինքը մեզ միայն մեկ օր հետո կարող է տեղեկություններ փոխանցել։