Իշխանությունը նոր է, խնդիրն՝ ավելի նոր

Իշխանությունը նոր է, խնդիրն՝ ավելի նոր

Հանրաքվեի քարոզարշավի մեկնարկը Փաշինյանը տվեց երկու լուսանկարի համադրությամբ, որոնք հնի և նորի հակադրություն էին պարունակում իրենց մեջ: Մեկում քանդված, ջրափոսերով առլեցուն ճանապարհ էր պատկերված, մյուսում՝ անճանաչելիության աստիճանի վերանորոգված, խաս ասֆալտապատ ճանապարհ: Լուսանկարների վրա մակագրություն կար՝ մեկի վրա՝ «Ոչ», իսկ մյուսի վրա՝ «Այո»: Փաշինյանը նաև տեղեկացրել էր, որ դա ժողովրդական ինքնաբուխ քարոզչություն է, և ինքն ուղղակի հիացած է ժողովրդի տաղանդով: Առաջին հայացքից ամեն ինչ շատ բնական էր ստացվել, բայց այդ տպավորությունը կարճ տևեց, որովհետև քիչ անց Փաշինյանի այդ «գրառումով կիսվեց» ոչ անհայտ Դանիել Իոաննիսյանն ու նկատողություն արեց վարչապետին, որ աշխատանքային ժամերին նա իրավունք չունի քարոզչությամբ զբաղվելու: Խիստ զարմացած եմ: Իոաննիսյանի նկատողությունը Փաշինյանի կողմից անպատասխան մնաց, ինչը նշանակում է, որ Փաշինյանն ընդունել է սխալը: Հակառակ պարագայում նա «լայվ» կմտներ ու կհայտարարեր. «Ընչի էս երկրում մարդ կա՞, որ ինձ ասի՝ ինչ անեմ»: Ի՞նչ ասեմ՝ շնորհավորում եմ Դանիել Իոաննիսյանին, բայց մեր այսօրվա խոսակցության թեման վերաբերում է միանգամայն այլ հարցի:

Բալային համակարգ: Ով չգիտեր կամ լավ չէր պատկերացնում թե ինչ է դա, երեկ մի քանի րոպեում պատկերացրեց: Առաջ չանցնելով՝ նշեմ, որ այս «չուդը-յուդը» համակարգին նվիրված Փաշինյանի «լայվը» մի փոքրիկ նախապատմություն էլ ունի և լավ կլինի, որ բոլորս իմանանք: Ուրեմն ինձ համար կայքերն էի նայում, մեկ էլ, ասես մի տեղ հրդեհ է, բոլորը միահամուռ գրեցին՝ բա չեք ասի, Փաշինյանը «լայվ» է մտել: Հայերիս պարագայում նման կտրուկ անոնսների հետևանքը, սովորաբար, այն է լինում, որ բոլորով նետվում ենք հրդեհը մարելու: Ազգ եմ ասել… Ինչ որ է, ես էլ մյուսների հետ ղռռալով ընկա Նիկոլի էջ, որ տեսնեմ ինչ է պատահել… Պարզվեց՝ բալային համակարգից է խոսում: Այդտեղ մի քիչ հանգստացա, շունչս տեղը բերի ու սկսեցի լսել: Հիմա համ լսում եմ, համ՝ զարմանում, համ զարմանում եմ, համ՝ լսում: Տեսախցիկի մոտիկությունից աղավաղված դեմքի մասին չեմ խոսում… Լավ, մի հատ օպերատոր չկա՞ կողքի սենյակում, որ գա, նորմալ «կամերա դնի», և այսպիսի «ուժաստիկ» բաներ չլինեն եթերում:

Ճիշտն ասած՝ ողջ եթերի ընթացքում ինձ հանգիստ չէր տալիս նաև այն միտքը, թե ո՞նց կարող է երկու օր առաջ Մյունխենում ՄԽ համանախագահների, ադրբեջանցի իր գործընկերների և առհասարակ՝ կարգավորման ողջ գործընթացի «մայրիգը լացացրած» մարդը հանկարծ նստի ու խոսի բալային համակարգի մասին՝ որպես մի շատ կարևոր «բարեփոխման»: Բայց, ինչպես ասում են՝ անհնարինն ակնհայտ էր:

Եվ ուրեմն՝ բալային համակարգի մասին: Իսկապես շատ կարևոր հարց, որ այսօր հուզում է մեր ազգաբնակչության ամենալայն խավերին և հատկապես տաքսիստներին ու հասարակական տրանսպորտի վարորդներին, որոնց եկամտի միակ աղբյուրը վարորդական իրավունքն է: Նկատենք, որ մինչ թավշյա հեղափոխությունը Հայաստանում բալային համակարգ չի եղել և մեր հասարակության լայն խավերն էլ նման պրոբլեմ չեն ունեցել: Այսինքն՝ երևույթը նոր է, հասկանում ես… Եվ ուրեմն Փաշինյանը հարկ համարեց սկզբում արդարանալ, թե ինչու են նման բան բստրել: Ասաց՝ մեր նախընտրական խոստումներում դեռ ասել ենք, որ ՀՀ քաղաքացին միայն տուգանելու «մատերիալ» չէ, և պետք է փոխենք ՃՈ տուգանքների հին համակարգը: Շատ բարի, խոստացել էիք, բայց ի՞նչ եք արել: Այսօր ՀՀ քաղաքացին շարունակում է մնալ տուգանելու մատերիալ ու մի բան էլ ավելի: ՀՀ քաղաքացուն այսօր և տուգանում եք և բալեր եք նվիրում: 9 բալ հավաքած քաղաքացին (վարորդը) 6 ամսով զրկվում է մեքենա վարելու իրավունքից: Ստացվում է՝ որ նախընտրական խոստումը ոչ միայն չի կատարվել, այլև գերակատարվել է հակառակ իմաստով:

Վարչապետն ասաց՝ շատ մեծ տուգանքները նվազեցրել ենք՝ 500 հազարանոցն իջեցրել ենք 29 հազարի: Բա ինչո՞ւ պողոսները չեն ծափահարում, պարոն Փաշինյան: Հա՛ա՛ա՛, պողոսները տեսնում են, որ մանր-մունր խախտումների համար տուգանքների չափերն եք բարձրացրել: Ամրագոտին 5 հազար էր, դարձել է 10 հազար: Վարորդը, հնարավոր է, իր ողջ կյանքում 500 հազարանոց խախտում չանի, բայց քանի՞ անգամ նրան կարելի է տուգանել այնպիսի մի չնչին բանի համար, ինչպիսին պատահաբար չամրակապվելն է: Արագաչափերի մասին էլ չխոսենք, չէ՞, իմաստ չունի, որովհետև դրանք ավելացել են՝ հանվելու և «փակվելու» փոխարեն:

Ամենաուշագրավն էլ այն է, որ Փաշինյանը չմոռացավ մխիթարել լայն խավերին՝ տաքսիստներին ու հասարակական տրանսպորտի վարորդներին. «Առաջին զրկումները, մեր հաշվարկով, տեղի կունենան մարտի վերջին, ապրիլի սկզբին: Մենք այդ ժամանակ կնստենք ու կքննարկենք՝ ինչ անել, ինչպես լուծել հարցը»: Ավելորդ է, կարծում եմ հիշեցնելը, որ Փաշինյանի նշած ժամանակահատվածը համընկնում է անհասկանալի հանրաքվեի ամենաթունդ քարոզչության, բուն հանրաքվեի օրվա հետ: Իսկ այս հանգամանքը կարևոր է այնքանով, որ հայրենի կառավարությունը կարող է իր ընդունած բալային համակարգը լավ գնով ծախել հանրության վրա որպես իշխանությունների բարի կամք՝ առ ընտրազանգվածները: Ելնելով սրանից՝ կարող ենք ասել, որ Փաշինյանը գտել էր Դանիել Իոանիսյանի դրած «զապրետը» շրջանցելու ձևը և երեկ, ըստ էության, աշխատանքային ժամին քարոզչությամբ էր զբաղված:
Հ.Գ.1. Է՛, պարոն Փաշինյան, ցերեկով քո ման եկած տեղերը ես Սերժի վախտ եմ ման եկել: Ընտրություններից առաջ օրենք էին ընդունում տաքսիների վրա դեղին համար փակցնելու, հաշվիչ տեղադրելու, լիցենզիան թանկացնելու մասին, իսկ ընտրությունների նախօրյակին Սերժն իջնում էր ներքև և «քյաստմ» տալիս ամեն ինչը: Պարզ էր, չէ՞, որ դրանից հետո տաքսիստներն իրենց ազգուտակով, մերումանուկով Սերժին պետք է քվե տային:

Հ.Գ.2. Ընդամենը մեկ հարց՝ Իսկ հնարավո՞ր է, որ հանրաքվե տեղի չունենա, ու պարզվի որ այսքան բան իզուր եմ գրել: