Թիրախում կրկին Մանուչարյանն է. ինչում են նրան մեղադրում

Թիրախում կրկին Մանուչարյանն է. ինչում են նրան մեղադրում

Իշխանությունների թիրախում հայտնված Հարություն Մանուչարյանը` Բերդի նախկին համայնքապետը, մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Ըստ մեղադրանքի` Մանուչարյանի որդին եռհարկանի շինություն է կառուցել, որը օրինականացվել է շինարարության ըանթացքում, և ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` համայնքին պատճառվել է ընդանենը 1 մլն 197 հազար դրամի վնաս.

« ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2017-2022թթ.-ին Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Հ. Մ.-ի որդին՝ Ա. Մ.-ն, առանց համապատասխան շինարարության թույլտվության, 2015-2016թթ. Բերդ քաղաքում կառուցել է 1088,71 քմ մակերեսով ինքնակամ շինություններ, որոնք օրինականացնելու նպատակով Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավարը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք:

 Մասնավորապես, տեղեկացված լինելով որդու՝ ինքնակամ շինություններով եռահարկ առանձնատուն կառուցելու հանգամանքի մասին, Հ. Մ.-ն միջոցներ չի ձեռնարկել դրանց շինարարությունը ժամանակին կասեցնելու, ինչպես նաև որդու նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ: Փոխարենը՝ 2017 թվականի մարտի 13-ին, որդուն հատկացրել է շինարարության թույլտվության վերաբերյալ կեղծ բովանդակությամբ պաշտոնական փաստաթուղթ, որում ձևականորեն ներառել է արդեն իսկ կառուցված բնակելի տան շինարարական աշխատանքներն իբրև ապագայում իրականացված լինելու ժամկետները և այլ տվյալներ: Այնուհետև՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին, կազմել և տրամադրել է մեկ այլ պաշտոնական կեղծ փաստաթուղթ՝ ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ, որում ներառել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե իբրև շինարարական աշխատանքները սկսվել են 2017 թվականի մայիսի 14-ին և ավարտվել 2019 թվականի հոկտեմբերի 14-ին: 

Արդյունքում՝ Ա. Մ.-ի կողմից կառուցված ինքնակամ շինությունները սահմանված կարգով չեն օրինականացվել, որի հետևանքով Բերդ համայնքի բյուջե չի մուտքագրվել քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարման ենթակա 1.197.581 ՀՀ դրամը, ինչն էական վնաս է պատճառել Բերդ համայնքի շահերին: 

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Հ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ), իսկ Ա. Մ.-ին՝ 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով  (երկու դրվագ) և 325-րդ հոդվածի 1-ին մասով»,- ասված է կոմիտեի տարածած հայտարարության մեջ: 

Փաստորեն Մանուչարյանի հացանքն այն է, որ որդուն չի տուգանել ու Բերդի բնակչությանը զրկել է 1.3 մլն դրամ գումարից: Համեմատության համար նշենք, որ պետական հիմնարկներում ավսվա կտրվածքով ավելի մեծ գումարի սուրճ ու թեյ են գնում պետական միջոցներից, քան թե Հարություն Մանուչարյանը ենթադրաբար վնաս է պատճառել Բերդ համայնքին: Փաստորեն հակակոռուպցիոն կոմիտեի «անհաշտ պայքարը» կոռուպցիայի դեմ Բերդ համայնքին 1.3 մլն դրամ, մոտ 3.5 հազար դոլարը վերդարձնելն է, թեև դեռ մեծ հարց է, արդյոք Մանուչարյանը կատարել է այն արարքը, որն իրեն վերագրվում է: Նշենք, որ ենթադրյալ վնասը` 1.3 մլն դրամը, Մանուչարյանը վճարել է պետությանը, սակայն վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկել են դատարան: Ակնհայտ է դառնում, որ խնդիր է դրված Հարություն Մանուչարյանին անպայման բանտ նստեցնել թեկուզ այսպիսի ծիծաղելի մեղադրանքով: Նշենք նաև, որ իրավապահ մարմինները այս «աննախադեպ հանցանքի» նախաքննությունից մինչ այսօր մի քանի անգամ նմանատիպ հաղորդագրություններ տարածել են` այդպես տպավորություն ստեղծելով, որ նախկին համայնքապետը ուղղակի «դարի հանցագործն» է: