Դժվար էր դարձել համագործակցությունը կառույցի ներկայիս պատասխանատուի և անձնակազմի հետ. բարերարը՝ մանկատանը չօգնելու մասին

Դժվար էր դարձել համագործակցությունը կառույցի ներկայիս պատասխանատուի և անձնակազմի հետ.   բարերարը՝  մանկատանը  չօգնելու մասին

Լուսանկարում բարերարի ընտանիքն է՝ մանկատան սանի հետ

Երեկ անդրադարձել էինք Գյումրու «Թռչունյան տուն» մանկատանը՝ ներկայացնելով իրավիճակը։  

Մի քանի ամիս է՝ մանկատան ֆինանսավորումը դադարեցված է:

Բանն այն է, որ սփյուռքահայ բարերար Հերման Հինթիրյանը, որ 16 տարի շարունակ ֆինանսավորել է Գյումրու մանկատունը, այլևս հրաժարվում է դոնոր հանդիսանալ հաստատության համար: Երեկ մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել սփյուռքում ապրող բարերարի հետ: Մեր հրապարակումից հետո Հերման Հինթիրյանն   այսօր նամակի տեսքով պարզաբանում է արել՝ նշելով, թե ինչու է դադարեցրել մանկատան ֆինանսավորումը: Հինթիրյանի գործընկեր, «Շիրակ կենտրոնի» նախագահ Վահան Թումասյանը մեզ է տրամադրել նամակը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Հարգելի՛ ընկերներ և «Թռչունյան տան» աջակիցներ։                   
Նախևառաջ ուզում եմ հայտնել իմ խորին շնորհակալությունը 16 տարի շարունակ ձեր աջակցությունը ցուցաբերելու համար: Այս տարիների ընթացքում մենք 1,600,000 դոլար ենք տրամադրել, որպեսզի հոգանք «Թռչունյան տուն» մանկատան երեխաների կարիքները և կառույցի գործունեության ծախսերը: Սրտի ցավով ենք ուզում հայտնել, որ 2019 թ. սեպտեմբերի 1-ից դադարեցնում ենք մանկատան հետագա ֆինանսավորումը: Քանզի ավելի դժվար էր դարձել համագործակցությունը կառույցի ներկայիս պատասխանատուի և անձնակազմի հետ առօրյա գործունեության մեջ անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու հարցերում:
Չնայած մանկատան մեր աջակցությունը դադարեցվում է, բայց մենք շարունակում ենք օգնել սոցիալապես անապահով երեխաներին և նրանց ընտանիքներին՝ թե՛ Գյումրիում, թե՛ Գյումրիից դուրս: Տարիների ընթացքում մենք հաստատել ենք բարեկամական կապեր տեղի այլ բարեգործական կառույցների հետ և կշարունակենք օգնել անապահով ընտանիքներին այս կառույցների օգնությամբ:

«Շիրակ կենտրոնը» տրամադրում է վառելափայտ, սնունդ, հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ այն ընտանիքներին, ովքեր ապրում են դոմիկներում: Մինչ այսօր մի շարք ընտանիքներ ապրում են այդ ժամանակավոր կացարաններում, որոնք կառուցվել են 1988 թվականի աղետալի երկրաշարժից տուժած ընտանիքների համար:

«Նոր լույսն» առաջին մենթորինգ կառույցն է Հայաստանում, որն աշխատում է մանկատան և սոցիալապես անապահով ընտանիքների դեռահաս աղջիկների հետ՝ ապահովելով նրանց կյանքի հմտություններով և մի շարք հնարավորություններով, որոնց շնորհիվ կլինեն ինքնաբավ, ինքնավստահ և զարգացած անհատներ: Կառույցը նաև ապահովում է կրթաթոշակներով, որպեսզի աղջիկները կարողանան ունենալ բարձրագույն կրթություն:
«Ամերիկյան Փարոս հիմնադրամն» իր «Դեպի առաջ» Երեխաների ցերեկային զարգացման կենտրոնի միջոցով տրամադրում է տաք սնունդ, հիգիենայի պարագաներ, դասապատրաստումներ և այլ խմբակներ այն երեխաներին, ովքեր ապրում են դոմիկներում:

Այս երկու կառույցներն էլ աշխատում են ապահովել այս ընտանիքներին բնակարաններով և մասնագիտական կրթությամբ, որպեսզի երեխաները կարողանան հետագայում աշխատանք գտնել:
S.O.A.R.-ի միջոցով մենք կկարողանանք օգնել «Թռչունյան տան» մի շարք երեխաների, երբ վերջիններս շարունակեն կրթությունը և ցանկություն հայտնեն մասնագիտություն ունենալ: 

Չնայած մեր գործունեության ոլորտը փոխվում է, այնուհանդերձ, մենք շարունակում ենք նվիրվածությամբ օգնել և բարելավել Գյումրու և Հայաստանի այլ տարածքներում ապրող երեխաների կյանքը: Իսկ այս ամենը հնարավոր կլինի միմիայն ձեր շարունակական առատաձեռն օգնությամբ:
Հարգանքով՝                                                                                             
Հերման Խնդիրեան»