Բաց նամակ ՀՀ վարչապետին

Բաց նամակ ՀՀ վարչապետին

Պարոն մեծարգո վարչապետ Ն. Փաշինյան: Ես՝ որպես ՀՀ շարքային քաղաքացի, դեռ էն գլխից գրել-ջնջելուց հեռու մարդ եմ: Բայցեւայնպես, այսօր գրիչ եմ վերցրել եւ մի քանի խնդրահարույց հարց ուղղել ձերդ մեծությանը:

Պարոն վարչապետ, խնդրում եմ հնարավորինս պարզաբանել, լուսաբանել, թե ինչպես է ստացվում, որ բոլոր այն ՀՀ քաղաքացիները, որոնք այս կամ այն քաղաքական շարժառիթներից ելնելով, հանդգնում են նույնիսկ Ձեր թանին թթու ասել… Հաշված օրերի ընթացքում հայտնի է դառնում, որ այդ նույն «կարմիր գիծ»-ը հատած ՀՀ քաղաքացիները, թեեւ հասարակության կողմից հարգված, պարկեշտ, վաստակաշատ քաղաքացիներ են` Ղարաբաղյան գոյամարտի բովով անցած հերոս զորահրամանատարներ, կամավորական ջոկատների անձնազոհ նվիրյալներ (որոնց շարքերում էր նաեւ Ղարաբաղյան հերոսամարտում նահատակված իմ եղբայրը), անվանի պետական եւ հասարակական գործիչներ, մտավորականներ եւ այլն, եւ այլն… Հանկարծ ու կախարդական փայտիկի մեկ շարժումով վերջիններս պիտակավորվում են որպես խառնակիչ-ստահակներ, նախկին իշխանություններին «գործ տվող» մնացուկներ, թիկունքից հարվածող դավաճաններ եւ այդպես շարունակ: Որի արդյունքում անհրաժեշտություն է առաջանում վերջիններիս անհապաղ բանտել, ստորացնել, կտտանքների ենթարկել, ահաբեկել։ Մինչդեռ մեդալի հակառակ կողմը հիշեցնում է, որ հերոս հաղթողներին չեն դատապարտում… Հատկապես Ղարաբաղյան գոյամարտի հերոս հաղթողներին, որոնք իրենց արյան գնով ջախջախիչ պարտության մատնեցին արյունարբու ոսոխին եւ հերոսաբար պաշտպանեցին Լեռնային Ղարաբաղի հերոս ժողովրդի անկախության իրավունքը, մեր եւ ձեր վտանգված կյանքը։

Փա՜ռք մեր նահատակված հերոս զավակներին, որոնք իրենց երիտասարդ կյանքը դրեցին հայրենիքի փրկության զոհասեղանին… սեւ սուգ հագցնելով իրենց դժբախտ մայրերին, որբ մնացած երեխաներին, որոնց խղճացողները շա՜տ ու շա՜տ են, «հաց տվողները՝ քիչ»։ Պարոն վարչապետ, վերջերս հայտնի դարձավ, որ Ձեր բարձրաստիճան թիմակիցներից մեկը, որին Դուք անմնացորդ պաշտում էիք, մեծարում, բոլորովին անսպասելի հրաժարականի դիմում ներկայացրեց Ձեզ, իր բարեկամական մեսիջն էլ հետը` «Կանգ առեք»… Նման պարագայում ամենազավեշտալի թնջուկն այն է, որ այդ նույն հարգված, Հայաստանով մեկ մեծարված պաշտոնատար այրը կայծակի արագությամբ «գահավիժեց» իր երբեմնի փառահեղ բարձունքից եւ Ձեր ամենահաս, «դզող-փչող»-ների կողմից թուքումրի արժանացավ։

Պարոն մեծարգո վարչապետ, հաշվի առնելով պատկառելի տարիքս, բարեկամաբար հորդորում եմ Ձեզ՝ այդպես քամահրական կեցվածքով, չափից ավելի ինքնավստահ, սեւ ակնոցներով մի նայեք Ձեր շուրջը կատարվող անհամաչափ վայրիվերումներին: Կամա թե ակամա՝ մի խրախուսեք մեր ժողովրդին սեւ ու սպիտակ գույների բաժանողներին, համատարած ատելություն սերմանողներին: ՀՀ քաղաքացիներին հակադիր բարիկադներում դիրքավորողներին։ Չէ՞ որ մեր ոխերիմ թշնամին, մինչեւ ատամները սպառազինված, ցանկացած պահի կարող է պատերազմ հրահրել, որի արդյունքում պատերազմ հրահրողները «յոթ գոմշի կաշի» են հագնում, իսկ ժողովուրդները` արյունահեղվում…

Պարոն վարչապետ, թող հայտնի լինի Ձեզ, որ ամբողջ իմ գիտական կյանքում ես ինձ ՀՀ արժանապատիվ քաղաքացի եմ զգացել… շնորհիվ Ձեր փառահեղ հեղափոխության հաղթանակի։ Սակայն, ցավոք սրտի, արդյունքում ստացվեց այն, ինչ ստացվեց: Ինչպես ժողովուրդն է ասում` «ունքը շինելու փոխարեն, տվինք՝ աչքն էլ հետը հանեցինք»։ Աստված տա, որ ես սխալված լինեմ: 
Ափսո՜ս, շա՜տ ափսոս, որ ճակատագրի բերումով, այս էլ որերորդ անգամ, «հայի բախտ»-ի օդում կախված հույս երազանքները, դեռ սաղմի մեջ, «Կիկոս»-ի ճակատագրին արժանացան։ Ասել է թե` «թախտից փախնենք, բախտի՞ց ուր փախնենք…»։

Լեւոն ԽԱՉԱՏՐՅԱՆ