«Ինձ էլ նստեցնեն, մի քիչ էլ թրաշ կպահեմ, մի գործ էլ ինձ կտան»․ Սուրիկ Խաչատրյանի գործով համայնքապետերն արձագանքում են

«Ինձ էլ նստեցնեն, մի քիչ էլ թրաշ կպահեմ, մի գործ էլ ինձ կտան»․ Սուրիկ Խաչատրյանի գործով համայնքապետերն արձագանքում են

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչպես նաև, պաշտոնեական դիրքն օգտագործելով և անձանց ապօրինի կարգադրություն տալով, դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին: 

Մասնավորապես՝ նա ապօրինի կարգադրություններ է տվել Նորավանի եւ Ակների համայնքապետերին։ Առաջինի դեպքում կարգադրել է գյուղի մետաղական խողովակները հանձնել եղբորը, իսկ Ակների համայնքապետին կարգադրել է 70 հազար դրամով տարածք վաճառել Աշոտ Գեւորգյան անձին։

Նորավանի նախկին համայնքապետ Լավրենտիկ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Աշոտ Գևորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նորավանի նախկին համայնքապետ Լավրենտիկ Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ «Ես ի՞նչ եմ արել, որ այդ մեղադրանքն ընդունեմ։ Հրաման եմ կատարել, կարգադրել են՝ արել եմ։ Էն վախտ ո՞վ էր իմանում՝ կարգադրությունն ապօրինի ա։ Կարգադրել ա, էլ ո՞վ կարար խոսար, ոչ մեկ»։

Նա նշեց, որ գործով հարցաքննվել է, սակայն տեղյակ չէ՝ իր նկատմամբ ինչ խափանման միջոց է կիրառվել․«Հարցաքննվել եմ, դուրս եմ եկել։ Դատարանը թող որոշի, եթե անմեղ մարդուն կտանեն, կդատեն, թող ինձ էլ տանեն, նստեցնեն։ Երեւի ինձ էլ մի գործ կտան, մի քիչ էլ թրաշ կպահեմ, մի գործ էլ ինձ կտան էլի»։

Հարցին, թե Սուրիկ Խաչատրյանի եղբայրն այդ խողովակներն ի՞նչ է արել, պատասխանեց․ «Երեւի տարել ա մի համայնքում ոռոգման ջուր ա քաշել։ Ես ի՞նչ գործ ունեմ, որ իմանամ։ Իբր շատ ուզել եմ, որ տանեն, հլը որ իմանամ՝ ինչեր են արել»,-նշեց նախկին համայնքապետն՝ ասելով, որ այլ հարցերի չի ուզում պատասխանել։

Ակների համայնքապետ Սպարտակ Մինասյանն էլ ասաց՝ այս գործով ինքը եւս հարցաքննվել է եւ համաձայն է ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության հետ․ «Օդից հո չէին վերցնի, գրեին։ Ես ընդունել եմ, որ նման բան եմ արել։ Ուղղակի ես շատ եմ խնդրում՝ էդ հարցով բան մի արեք էլի»։

Ըստ համայնքապետի՝ Սուրիկ Խաչատրյանն անձամբ է իրենց կարգադրել տարածքը վաճառել գորիսեցի Աշոտ Գեւորգյանին։ Վերջինիս եւ Սուրիկ Խաչատրյանի կապերի մասին Մինասյանը տեղյակ չէ։

Մեր զրուցակիցը նաեւ նշեց՝ 2016 թվականին վաճառված այդ տարածքը մինչ այժմ էլ դատարակ է։