ԵՄ-ն մտադիր է վերականգնել Քաբուլում իր դիվանագիտական առաքելության գործունեությունը

ԵՄ-ն մտադիր է վերականգնել Քաբուլում իր դիվանագիտական առաքելության գործունեությունը

ԵՄ-ն մեկ ամսվա ընթացքում մտադիր է վերականգնել Քաբուլում իր դիվանագիտական առաքելության գործունեությունը։ Այս մասին գրում է Financial Times հեղինակավոր պարբերականն իր դիվանագիտական աղբյուրներին հղում տալով։ Վերջնական որոշումը, սակայն կկայացվի՝ ելակետ ընդունելով անվտանգության հետ կապված հարցերը։ Հրապարակման մեջ նշվում է, որ սեպտեմբերին Բրյուսելից պատվիրակություն է մեկնել Աֆղանստան, որը զբաղվել է այդ երկրում իրական իրավիճակի գնահատմամբ։

Պարբերականը նշում է, որ Եվրամիությունը հետաքրքրված է Աֆղանստանում իր դիվանագիտական առաքելության գործունեության վերականգնմամբ, քանի որ այն թույլ կտա ավելի արդյունավետ կերպով իրականացնել մարդասիրական օգնության տրամադրում եւ տարհանում։

Վերջին ամսվա ընթացքում էլ եվրոպացի բարձր ներկայացուցիչները փորձել են պայմանավորվել ու ընդհանուր հայտարարի գալ թալիբական շարժման հետ այն հարցի հետ կապված, որ դիվանագիտական առաքելության անվտանգությունը կամ պետք է ապահովեն մասնավոր պահնորդական ընկերությունները, կամ ԵՄ անդամ երկրների անվտանգության ծառայությունների աշխատակիցները, սակայն թալիբները հրաժարվել են գնալ զիջումների, հայտարարելով, որ դիվանագիտական առաքելության շենքը պահպանվելու է միայն ու միայն թալիբների կողմից։

ԵՄ Արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Նաբիլա Մասրալին հայտարարել է, որ ներկայումս փորձ է արվում պայմանավորվել տեղում նվազագույն ներկայություն ունենալու հետ, սակայն այլ մանրամասներ չի հայտնել, անվտանգության նկատառումներից ելնելով, շեշտելով հանդերձ, որ դա չի կարող նշանակել, որ Եվրամիությունը ճանաչում է «Թալիբանի» ձեւավորած կառավարությունը։