Խաղացանկը պետք է որոշի, թե ուր ենք գնում, իսկ թատրոնի ղեկավարությունը՝ թե ինչպես ենք գնում

Խաղացանկը պետք է որոշի, թե ուր ենք գնում, իսկ թատրոնի ղեկավարությունը՝ թե ինչպես ենք գնում

Գյումրու երկաթուղային կայարանի մոտ գտնվող Սեւյան ակումբը, որը տարիներ շարունակ ՀՀ երկրորդ քաղաքի մշակութային զարգացման կարեւոր կենտրոնն է եղել, երկրաշարժից հետո այլեւս օգտագործման ենթակա չէր։ Այս տարվա գարնանը, սակայն, շենքն անհատույց օգտագործման տրվեց «Բալետ-2021» հիմնադրամին, որի ջանքերով 2021-ին այստեղ կգործի Կատարողական արվեստի Խառատյան փորձարարական կենտրոնը։  

«Բալետ-2021» հիմնադրամի նախագահ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանն ընդգծում է՝ ստեղծում են ոչ միայն բալետային դպրոց, այլեւ կատարողական արվեստի կենտրոն, որտեղ կգործի այսօրվա մտածելակերպի եւ մակարդակի կատարողական արվեստի դպրոց։ Այն ընձեռելու է նաեւ բաց դասերի հնարավորություն, որպեսզի, ինչպես Խառատյանն է ընդգծում, ցանկացած մարդ գա եւ բալետի միջոցով հասկանա, թե ինքն ով է։

«Բալետից բացի, կուսուցանվեն նաեւ ծիսական պարեր, որոնց միջոցով մենք կբացահայտենք մեր արխետիպը, թե հայն ինչով է տարբերվում մյուս ազգերից, եւ որն է հայի խառնվածքը, ինչու է ծնվել այս խաչմերուկի վրա, ինչն է նրա առանձնահատկությունը, որը կարտահայտվի նաեւ շարժուձեւի, նոր գաղափարների միջոցով։ Մենք պետք է հասկանանք, թե որն է մեր առաքելությունը համաշխարհային այս ընտանիքի մեջ, եւ ինչպես պետք է ներկայանանք աշխարհին։ Կենտրոնի գաղափարը դա պետք է լինի։ Ուսուցիչները կլինեն դրսից։ Կենտրոնն ինչ-որ ձեւով պետք է նաեւ միջազգայնանա, պետք է ստեղծել Հայաստանից Գյումրի, Գյումրիից դեպի աշխարհ եւ աշխարհից դեպի Գյումրի ու Գյումրիից Հայաստան կապը»։

Գյումրին պատահական չէ ընտրվել, որովհետեւ իր մեջ ունի այդ պոտենցիալը։ «Գյումրեցիների պոտենցիալը շատ մեծ է, գյումրեցի երեխաների հետ անցկացրել ենք 5 դասընթացներ, ու այդ հանդիպումների ընթացքում տեսնում ես, որ այդ երեխաները պատրաստի կադրեր են, ուղղակի իրենց պետք է ինֆորմացիա տալ, մարզել, ու իրենք կդառնան հրաշալի «գործիքներ»՝ արտահայտելու մեր ազգային էությունը, տեսակը»։

Կենտրոնն արդեն սկսել է գործունեությունը։ Խառատյանն ասում է, որ իրեն վստահվել է Հայաստանում ներկայացնել Երիտասարդական Ամերիկայի «Գրան պրի» (Youth American Grand Prix) մրցույթը եւ Հայաստանը դարձնել 11-րդ երկիրը, որը հյուրընկալում է նշյալ միջազգային տարածաշրջանային մրցույթը:  

Ինչ վերաբերում է շենքային պայմաններին, ապա ժամանակի ընթացքում պարզվեց, որ բավականին անելիքներ կան շենքի հետ կապված․ տանիք չունի, եւ շատ մեծ ներդրումներ են պահանջվում այն ամրացնելու, վերականգնելու ու համապատասխան տեխնիկայով հագեցնելու համար, որովհետեւ ունի 500 տեղանոց մեծ դահլիճ։ Այդ նպատակով «Բալետ-2021» հիմնադրամը խոսել եւ պայմանավորվածություններ է ձեռք բերել «Իմ քայլը» հիմնադրամի, Համահայկական հիմնադրամի, Համաշխարհային բանկի, ինչպես նաեւ քաղշինկոմիտեի եւ մշակույթի նախարարության հետ, բայց գործընթացը դանդաղում է, որովհետեւ մասնավորն ուզում է նախեւառաջ տեսնել կառավարության մասնակցությունը, կառավարությունն էլ ուզում է վստահ լինել, որ կա նաեւ մասնավորի աջակցությունը։ Հիմնադրամն այժմ աշխատում է քաղաքաշինության կոմիտեի հետ, որպեսզի այս ծրագիրը ներառվի Գյումրու քաղաքաշինության զարգացման ծրագրում, քանի որ նախատեսում են շենքի հարակից տարածքում հիմնել այգի, որն այսօր ծանրաբեռնված է տարբեր կառույցներով․ «Հիմա այդ պրոցեսի մեջ ենք, որպեսզի պետությունն օգնի այդ տարածքը բեռնաթափել, հաջորդիվ ակնկալում ենք պետության աջակցությունն ինֆրաստրուկտուրաների հետ կապված»։

Շենքը հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձանների ցանկում է, հանդիսանում է հանրային գույք եւ հիմնադրամին տրամադրվել է անհատույց օգտագործման։ «Այսինքն՝ շենքը վերականգնելուց հետո էլ լինելու է համայնքային գույք եւ պատկանելու է Գյումրի քաղաքին։ Ու հենց այստեղ է, որ պետության մասնակցությունը շատ տրամաբանական է։ Գյումրին հանդիսանալու է մի շատ կարեւոր հանգույց՝ աշխարհին հիշեցնելու մեր գոյության, արժեքների ու նաեւ խնդիրների մասին»,- ասում է Խառատյանն ու հավելում, որ ծրագրի իրականացման համար տրված է 5 տարի։

Ինչ վերաբերում է օպերային թատրոնի խնդիրներին․ բալետի արտիստները վերջերս բարձրաձայնեցին բալետում առկա խնդիրները եւ պահանջեցին բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանի հրաժարականը, ինչը, ըստ էության, թատրոնի տնօրինությունը բավարարեց եւ կրճատեց այդ հաստիքը։ Ռուդոլֆ Խառատյանի կարծիքով՝ օպերային թատրոնի ներսում խնդիրները միշտ լինելու են, քանի դեռ չկա խաղացանկ․ «Որովհետեւ խաղացանկը պետք է որոշի, թե ուր ենք գնում, իսկ թատրոնի ղեկավարությունը, գեղխորհուրդը պետք է որոշի, թե ինչպես ենք գնում, ո՛ր ներկայացումներով։ Մինչեւ չունենանք մեր տեսլականը, թե ուր ենք գնում, ով ուզում է թատրոնը ղեկավարի, այդ թվում՝ Կոնստանտին Օրբելյանը, ինքը չի կարող կոլեկտիվը հավաքել։ Թատրոնի տնօրենը կամ գեղարվեստական ղեկավարը պետք է թատրոնում աշխատող բոլոր կոլեկտիվներից իմանա, թե ով ուր է տանում իր կոլեկտիվը։ Օրինակ՝ Վիլեն Գալստյանին պետք է հարցնել, թե ուր է տանում բալետը եւ ինչու է կրճատել ամբողջ խաղացանկը։ Միայն ես 30 անուն նոր ներկայացումներ եմ բեմադրել թատրոնում, որը հանվել է խաղացանկից։ Կոլեկտիվը չգիտի ինչ անի, որովհետեւ չգիտի իր պատասխանատվության սահմանները, թատրոնի ղեկավարությունն էլ չունի այդ հարցերի պատասխանները, դրա համար Արմեն Գրիգորյանն այս պատմության մեջ փոքր մի դետալ էր, որն ինքն իրենով թատրոնի խնդիրներն ի հայտ բերեց»։

Բալետային նոր սերնդի ռեսուրսը, ըստ նրա, թատրոնը չի կարողանում լիարժեք օգտագործել․ «Շատ լավ ռեսուրս ունենք, բայց՝ չաշխատած։ Նա, ով ուզում է կայանալ, այստեղ ձեւ չունի կայանալու։ Կան երիտասարդներ, որոնց պետք է հետաքրքրել, աշխատեցնել, տանել քո հետեւից ու ցույց տալ, թե համաշխարհային բալետում համաշխարհային միտքը դեպի ուր է զարգանում, ինչ է կատարվում։ Մենք այսօր կտրված ենք աշխարհից ու նայում ենք, թե Ռուսաստանում ինչ է կատարվում, Ռուսաստանն էլ նայում է, թե դրսում ինչ է կատարվում։ Մենք չենք կարողանում հասկանալ, թե ոնց պետք է զարգացնենք ազգայինը, դրա կողքին՝ նաեւ եվրոպականը, էքսպերիմենտալը։ Բալետը՝ որպես այդպիսին, ազգային չէ, բայց բալետի միջոցով կարելի է խոսել ազգային ոգու մասին․ սա է տարբերությունը։ Բայց այսօր մեր թատրոնը «Չիպոլինո» է բեմադրում, որը կարելի էր ունենալ, եթե ունենայինք մեծ ու հարուստ խաղացանկ։ Մինչդեռ այսօր այնպիսի գործեր են ծնվում աշխարհում, բայց մերոնք դրա մասին չգիտեն, ու չենք կարողանում ռեալիզացնել մեր տեղի ռեսուրսները, ինչի համար շատ եմ ցավում։ Եվ լինի դա Արմեն Գրիգորյանը, Վիլեն Գալստյանը, թե Կոնստանտին Օրբելյանը, նրանք պատասխանատվություն չեն կրում։ Կարծում եմ՝ եթե հասկանային, գոնե կցավեին եւ գործով ցույց կտային, թե ուր ենք գնում, որն է մեր առաքելությունը։ Տխուր է, որ ունենալով այդ ռեսուրսը՝ մենք ոչ մի տեղ չենք գնում եւ ոչ մի արժեք չենք ներկայացնում»։