Գիտության վիճակն այնքան վատ է, որ ոչ մի փոփոխություն դրական, ընկալելի չի լինելու

Գիտության վիճակն այնքան վատ է, որ ոչ մի փոփոխություն դրական, ընկալելի չի լինելու

«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի մի շարք վիճահարույց կետեր առնչվում են ԳԱԱ-ին եւ նրա կարգավիճակին, որը հանգիստ չի տալիս գիտական հանրությանը, մասնավորապես, օրինագծում առկա այն կետը, որ ԳԱԱ ինստիտուտները պետք է դուրս գան ակադեմիայի կազմից, ինչի առնչությամբ էլ մի քանի օր է՝ ակադեմիայի մի շարք ինստիտուտներում փակ, գաղտնի քվեարկություններ են անցկացվում՝ պարզելու՝ ինստիտուտների աշխատակիցներն ուզո՞ւմ են մնալ ԳԱԱ կազմում, թե՞ ոչ։    

ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանի դիտարկմամբ, այս քվեարկությունը չէր լինի, եթե չլիներ ԿԳՄՍ-ի կողմից հնչած այն կարծիքը, որ կան առանձին տնօրեններ, տարբեր կոլեկտիվների անդամներ, ովքեր ցանկանում են, որ ԳԱԱ-ի կազմից ինստիտուտները դուրս գան եւ անմիջականորեն ենթարկվեն կրթության եւ գիտության նախարարությանը՝ ի դեմս Գիտության պետական կոմիտեի։

Գրականության ինստիտուտի քվեարկության արդյունքները եղել են այսպես․ 48 գիտաշխատողից մասնակցել է 36-ը, որից մի քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, 2 հոգի՝ դեմ եւ 33-ը՝ կողմ, ովքեր ուզում են, որ ինստիտուտները մնան ակադեմիայի կազմում։ Կնքված արդյունքներն ուղարկվել են ակադեմիա, որից հետո, հավանաբար, կլինեն նոր ժողովներ ակադեմիայի ներսում, որի արդյունքներն էլ կուղարկվեն ԿԳՄՍ՝ ի ցույց դնելով գիտական հանրության կարծիքը։

Դեւրիկյանն ասում է՝ թեպետ օրինագծում անորոշությունը շատ է, բայց հստակ է, որ նոր օրենքի նախագծով, ինստիտուտները ԳԱԱ-ի կազմում չեն մնում, անգամ հայտնի չէ՝ դրանք գիտպետկոմի՞ն են ենթարկվելու, թե՞ տարվելու են համալսարան։ «Մեր դիրքորոշումն այն է, որ միգուցե որոշակի բարեփոխումներով, ակադեմիական ինստիտուտները, որպես մեկ միասնական ամբողջություն, հանդես գան ակադեմիայի համակարգում, եւ ժամանակի առումով փորձության դիմացած այս կառույցը շարունակի գործել։ Նախագծի մեջ հստակ է, որ «ԳԱԱ ինստիտուտներ»՝ այսպիսի հասկացություն գոյություն չունի, նոր օրինագծով ակադեմիան դառնում է ակադեմիկոսների եւ թղթակից անդամների մի ամբողջություն, այսինքն՝ ինստիտուտներն այլեւս դրա մեջ չկան, իսկ դա նույնն է, ոնց որ ստեղծագործական միությունները»,- ասում է նա ու նշում, որ դրանով ակադեմիան կզրկվի իր հավաքական միասնությունից։  

Ինչպես նկատում է Վ․ Դեւրիկյանը, այս հարցադրումները 90-ական թվականներից են գալիս, եւ որեւէ կառավարություն իր վրա պատասխանատվություն չի վերցրել այդ արմատական քայլը կատարելու․ «Սա մի գորդյան հանգույց է, որը ոչ մեկը չի համարձակվել կտրել։ Այսօրվա իշխանություններն ասում են՝ մենք քաղաքական կամք ունենք այդ գորդյան հանգույցը կտրելու, բայց դա ոչ թե համարձակություն է, այլ այս իրավիճակում չկշռադատված քայլ»։

Եթե օրենքի նախագիծը նախատեսում է նման գործընթաց սկսել, ինստիտուտների քվեարկության արդյունքները ռեալ ինչ-որ բան կփոխե՞ն։ «Ես ելնում եմ այն ելակետից, որ օրենքներն ընդունվում են, փոփոխվում, վերանայվում, օրենքի տողերը ավետարանական տողեր չեն, իսկ օրենքն անգամ առաջին ընթերցում չի անցել»,- ասում է Դեւրիկյանն ու ընդգծում, որ սա ապաքաղաքական հարց է, եւ կարեւոր չէ, թե ով է իշխող ուժը։   

Բոլոր վիճահարույց հարցերը, ըստ նրա, օրենքի նախորդ տարբերակում եւս կային։ «Նախորդ նախագծում կրթության օրենքն առանձին էր, գիտության օրենքը՝ առանձին, հիմա այդ երկուսը միացրել են իրար, ու մի լղոզված բան է ստեղծվել, որտեղ կրթության մասին  հարցերը առանց որեւէ ներքին իմաստի կապակցությամբ հաջորդում են գիտության հարցերին, հետո՝ էլի կրթության։ Ես առաջարկում եմ՝ բոլոր այն հարցերը, որ վերաբերում են գիտությանը, առանձնացնել, հանել։ Քանի որ կրթության օրենքում որոշակի կոնսենսուս կա, ապա կրթության մասին օրենքն ընդունել, իսկ գիտության մասին օրենքի քննարկումները շարունակել»,- ասում է ու ընդգծում, որ գիտության մասին օրենքում առնվազն 5-6 կետ կա, որոնց ինքն արմատականորեն համաձայն չէ, եւ այդ օրենքը եթե այսպես ընդունվի, անդառնալի հետեւանքներ կհասցնի մեր գիտությանը»,- ասում է Դեւրիկյանն ու անդրադառնում նաեւ ԲՈԿ-ի կարգավիճակին, որն իջեցված է․ «Եթե առաջ անմիջականորեն ենթարկվում էր ԿԳՄՍ-ին, հիմա ենթարկվելու է Գիտպետկոմին։ Մինչդեռ ԲՈԿ-ի ստատուսը պետք է բարձր լինի»։  

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն ասում է․ թեպետ չի կարդացել օրենքի վերջին տարբերակը, բայց ԿԳՄՍ նախարարն ԱԺ-ից արդեն հայտարարել է, որ ԲՈԿ-ը փակելու է․ «Ավել բան չգիտեմ, ո՛չ գործառութային, ո՛չ այլ մասով»։ Արդարացի համարո՞ւմ է նման որոշումը։ «Հիմնավորումները երբ կլինեն, կտեսնեմ, նոր կասեմ, պետք է մի փոքր սպասել»։

Գոգյանը կարծում է՝ գիտության վիճակն այնքան վատ է Հայաստանում, որ ոչ մի փոփոխություն էլ դրական, ընկալելի չի լինելու, լավը լինի, թե՝ վատը․ «Ընկալելի չեն լինելու որոշումները, որովհետեւ 20 տարի մեր գիտությունը գոյատեւման գործընթացով է առաջնորդվել»։ Այն, որ նախարարն ասում է, թե սա հեղափոխական փաստաթուղթ է, եւ այս քննարկումներն էլ բուռն են անցնում, որովհետեւ ունեցել ենք տասնամյակներով կարծրացած համակարգ, եւ հիմա այս օրենքը դիպչում է յուրաքանչյուր խմբի շահերին, ապա․ «Քանի որ վիճակը շատ վատ է եղել, ապա ցանկացած փոփոխության նկատմամբ ընդդիմություն է լինելու, իսկ փաստաթուղթը հեղափոխական է, թե ոչ՝ չեմ կարող գնահատել»։

Տ.գ.դ., պրոֆեսոր, ԳԱԱ իսկական եւ թղթակից անդամ Յուրի Սուվարյանն ասում է, որ օրենքի նախագծում չկա կետ, ըստ որի ինստիտուտները պետք է միացվեն բուհերին։ «Գրված է, որ ինստիտուտները պետք է առանձնացվեն եւ հզորացվեն, դառնան անկախ։ Օրենքի հիմնավորման մեջ էլ գրված է, որ ինստիտուտներն ուզում են անկախ լինել, որովհետեւ, ըստ այդ հիմնավորման, իբր թե ակադեմիայի նախագահությունը, բաժանմունքները սահմանափակում են նրանց իրավունքները»,- ասում է Սուվարյանն ու հավելում, որ դրա համար էլ ակադեմիայի ինստիտուտները կազմակերպել են փակ, գաղտնի քվեարկություններ, որտեղ այն մոտեցումն են առաջ տանում, որ ինստիտուտներն ավելի արդյունավետ կարող են գործել հենց ակադեմիայի համակարգում։ Սա է քվեարկությունների նպատակը։ Իսկ թե՛ ակադեմիայում, թե՛ ինստիտուտներում այն կարծիքին են, որ ԳԱԱ-ն ենթակա է էական բարեփոխման եւ պետք է ծառայի այսօրվա մեր երկրի տնտեսական, գիտական, կրթական, քաղաքական խնդիրների լուծմանը․ «Եթե ինստիտուտները մնան ակադեմիայի կազմում, էլի նույն խնդիրը պետք է դրվի եւ անպայման լուծվի։ Ակադեմիայի գիտնականները մինչեւ հիմա էլ աշխատում են բուհական համակարգում, այսուհետ շատ ավելի պետք է աշխատեն, պետք է բուհերի գիտնականներին ներգրավեն իրենց ծրագրերի մեջ, այս ամենը գիտակցում են մեր ինստիտուտները»։

Ինստիտուտներն ակադեմիայից առանձնացնելու հանգամանքը որպես բարեփոխում կարո՞ղ ենք դիտարկել, եւ ինչքանո՞վ դա կնպաստի ինստիտուտների հզորացմանը։  «Ինստիտուտները պետք է հզորանան եւ գործեն մեկ միասնական կառույցի համակարգում, տվյալ դեպքում՝ ակադեմիայի։ Գիտության բոլոր բնագավառներն էլ սերտորեն շաղկապված են, եւ հիմա գիտությունն աշխարհում զարգանում է միջգիտակարգային հանգույցներում, եւ մենք չպետք է շեղվենք աշխարհում ընդունված այդ մոդելից։ Եվ այն կառույցը, որ ավելի արդյունավետ կարող է նպաստել գիտության զարգացմանը, հենց ակադեմիան է, որը մենք ժառանգել ենք մեր պատմական անցյալից»։