Ոչ թե հատուկ կարիքներով երեխաների խնդիրներն են առաջ բերվել, այլ Աննա Հակոբյանը. Զարուհի Հովհաննիսյան

Ոչ թե հատուկ կարիքներով երեխաների խնդիրներն են առաջ բերվել, այլ Աննա Հակոբյանը. Զարուհի Հովհաննիսյան

Հանրային հեռուստաընկերության լուրերի եթերում հեռարձակված «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անակնկալը Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան սաներին» վերնագրով ռեպորտաժի վերաբերյալ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը դիմել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին, որը եզրակացություն է հրապարակել, որ Հ1-ով հեռարձակված ռեպորտաժը, որն իբրև խնդիրներ ունեցող երեխաների մասին էր, իրականում միտված է եղել Հակոբյանի գովերգմանը՝ խոցելի խմբի երեխաների հաշվին:

«Հրապարակը» զրուցել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ: 

- Քաղաքական գործիչները, հատկապես` իշխանավորները բոլոր ժամանակներում խոցելի խմբերին, մանուկներին օգտագործում են` քաղաքական նպատակներից ելնելով, դիվիդենտներ շահելու ձգտումով և այլն: Հայաստանում կոնկրետ ո՞ր խոցելի խմբերն են ամենաշատը դառնում քաղաքական գործիչների «զոհերը»:

- Ամենախոցելի խումբն, այնուամենայնիվ, երեխաներն են, հատկապես խնդիրներ ունեցող երեխաները, ովքեր գտնվում են հատուկ հաստատություններում` տարբեր պատճառներով` տեսողական, լսողական և այլն, գտնվում են պետության վերահսկողության ներքո և նրանց իրավունքների պաշտպանության համար առաջին հերթին պետությունն է պատասխանատու: Չկա ծնող, ով այդ մասին խոսի, վերահսկի իրավիճակը: Այստեղ իսկապես լուրջ վերահսկողության կարիք կա և առաջին հերթին պետությունը պարտավոր ու պատասխանատու է երեխաների պաշտպանված իրավունքների համար: Մյուս խոցելի խումբը` սոցիալապես անապահով խավն է: Նրանց վիճակից օգտվում են գրեթե բոլորը` բլոգերներից, գրանցված ու չգրանցված որոշ ԶԼՄ-ներից սկսած, մինչև քաղաքական ուժեր: Որոշակի դիվիդենտներ են հավաքում, որ` «վայ, տեսեք, օգնում են մարդկանց և այլն»: Իհարկե, դժվարին իրավիճակում հայտնված բոլոր մարդիկ են խոցելի, այդ թվում` ընտանեկան բռնության ենթարկված անձինք, կանայք, երեխաները: Սեռական փոքրամասնությունները, օրինակ, նրանց անձնական կյանքը երբեմն դառնում է հանրային քննարկման առարկա` հիմնական քաղաքական շահարկումների ենթատեքստում, երբ առաջ են բերվում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, ինչ-որ քաղաքական ուժ, որն ուզում է մյուսին քննադատել, ասում է` «այ, տեսեք, մյուս թևն ուզում է, որպեսզի նույնասեռականները օրինականացնեն իրենց ամուսնությունները, երեխաներ որդեգրեն» և այլն: Այդ շերտին էլ խոցելի են դարձնում մարդկանց վախերի հետ խաղալով: Իրականում այդ համայնքի ներկայացուցիչները չեն էլ ցանկանում իրենց մասին հանրային խոսվի: Սակայն ամեն անգամ դառնում են քաղաքական շահարկման առարկա: Տարեցները նույնպես խոցելի են, թե խնամքի կենտրոններում գտնվողները, թե տնային պայմաններում ապրողները: Ի դեպ` տարեցտարի նկատվում է, որ տարեցներին` ընտանիքի անդամները ավելի ու ավելի շատ են անտեսում, չգիտակցելով նրանց խնդիրների մասին: Այստեղ պետությունն ահռելի, հսկայական գործ ունի անելու: Շատ կարևոր են նաև հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք` ոչ միայն երեխաները, հատկապես անձինք, ովքեր ունեն հոգեկան առողջության խնդիրներ, կամ մտավոր զարգացման որոշակի հապաղումներ: Երբեմն անգամ լրատվամիջոցներն են հարցազրույցներ վերցնում նման անձանցից, պնդելով, որ տվյալ անձը համաձայնել է նկարահանվել, սակայն խնդիրն այն է, որ մարդն ունի գիտակցության հետ կապված խնդիր, արդյո՞ք անձը գիտակցել է, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ հարցազրույցը:

- Վերադառնալով այն ռեպորտաժին, որը Ձեզ մոտ անհանգստություն է առաջացրել, որտեղ գովաբանում են Աննա Հակոբյանին` հաշմանդամություն ունեցող երեխաների ֆոնին, ի՞նչն էր հատկապես գրավել Ձեր ուշադրությունն այդ ռեպորտաժում: Ի՞նչ խնդիրներ տեսաք այնտեղ:

- Առաջին հերթին այն, որ երեխաները, որոնք գտնվում են հատուկ հաստատությունում` պետական վերահսկողության ներքո, հայտնվում են նման իրավիճակում: Անձը, ով իբրև լավ բան է կազմակերպել իրենց համար, հայտնվել էր լրատվամիջոցում առավել շատ իր գովազդի շրջանակներում: Այդտեղ ավելի շատ խոսվում էր այն մասին, թե պետական գործչի կինն ինչպիսի բարի գործեր է կատարում, իսկ երեխաները այդտեղ հանդիսանում են, որպես այդպիսին, այդ գործի ֆոնային դրսևորում: Ոչ թե հատուկ կարիքներ ունեցող երեխաների կարիքներն ու խնդիրնեն են առաջ բերվում, այլ առաջ է բերվում Աննա Հակոբյանը: Երեխաները ցուցադրվում են սարսափելի խոցելի տեսքով, բաց դեմքով, իրենց ողջ խնդիրներով հանդերձ, մեկը սայլակով է, մեկը հենաշարժակով է, մյուսն ունի մկանային թուլություն և այլն: Այդ ռեպորտաժն ուներ նաև խղճահարություն առաջացնելու միտում, որպեսզի խղճի ներքո տվյալ քաղաքական գործչի ու նրա կնոջ ռեյտինգը բարձրանա:

- Եվ անընդունելին այն է, որ Հանրային հեռուստաընկերությամբ է այդ ամենն արվում:

- Այո, թեպետ բոլորը պետք է այդ կանոններին հետևեն, սակայն Հանրայինը առաջին հերթին սնվում է հանրության միջոցներով, հարկեր է հավաքում, ստանում է մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության պաշտպանության, պետության ամբողջական փաթեթը և պետք է լինի այդ ամենի կրողը: Հ1-ը իրավունք չունի նման նյութեր հրապարակելու և այդ տեսակ մանիպուլյացիաների դիմելու:

- Դե հիմա Հ1-ում աշխատում է իրենց «Հայկական ժամանակ» թերթի ողջ անձնակազմը, Աննա Հակոբյանի մտերիմները Հ1-ում իշխանական քարոզչությամբ են զբաղված: Այլ սպասելիք կա՞ նման թիմից:

- Շատ վատ է: Հանրային հեռուստաընկերությունը բոլոր օրենսդրական կարգավորումներն ունի: Թե Հանրային հեռարձակողի խորհուրդը, թե Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պետք է ուշադրություն դարձնեն հանրային միջոցներով գործող լրատվամիջոցին, սակայն այդ միտումը տեսանելի չէ:

- Իսկ Հանրայինից որևէ պարզաբանում, պատասխան, գուցե ներողություն հնչե՞ց:

- Ես ոչ մի արձագանք չեմ նկատել: