Բենզալցակայաններում չուզելով են ՀԴՄ կտրոններ տրամադրում

Բենզալցակայաններում չուզելով են ՀԴՄ կտրոններ տրամադրում


Որոշ ժամանակ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին՝ առեւտուր անելիս անպայման պահանջել ՀԴՄ կտրոն։ Տնտեսվարողներին էլ հորդորեց անպայման տրամադրել դրանք։ Բայց վարչապետի կոչը կարծես թե անտեսվում է տնտեսվարողների կողմից, այն էլ՝ խոշորների։ Մասնավորապես, բենզալցակայաններից ոչ բոլորն են լիցքավորելուց հետո ՀԴՄ կտրոն տրամադրում։ Որպես վարչապետի կոչին հավատարիմ քաղաքացի՝ որոշեցինք ամեն անգամ բենզին լիցքավորելիս ուշադրություն դարձնել՝ կտրոն տրամադրո՞ւմ են, թե՞ ոչ, եւ չտրամադրելու դեպքում պահանջել այն։ Մեկ ամսվա մեր «մոնիթորինգը» ցույց տվեց, որ որոշ բենզալցակայաններ պարզապես թքած ունեն վարչապետի կոչի վրա էլ, օրենքի վրա էլ, եւ մինչեւ չես պահանջում, չեն տպում։ Ընդ որում, երբ պահանջում ես, հաճախ թարս աչքով են նայում քեզ ու մեծ դժկամությամբ, երբեմն մուննաթով են կտրոնը տրամադրում։ Այդպիսի դեպքերի մենք քանիցս ականատես ենք եղել Հայաստանում գործող երկու ամենախոշոր՝ «Ֆլեշ» եւ CPS ընկերությունների տարբեր լցակայաններում։ Դրանց մի մասը՝ Երեւանում, մի մասը մարզերում է։ Օրինակ՝ CPS-ի լցակայաններից մեկում, երբ հերթական անգամ ինքնակամ կտրոն չտրամադրելուց հետո նկատեցինք, թե «փաստորեն, մինչեւ չենք պահանջում, չեք տալիս», բենզալիցքավորողն ասաց․ «Փաստորեն»։ Նույնատիպ վիճակ է նաեւ «Մուլտի լեոն» բենզալցակայանում, որտեղ բենզինը, ի դեպ, 20 դրամով թանկ է, բայց ասում են՝ ավելի որակյալ է։ Այստեղ էլ մինչեւ չես պահանջում, չեն տրամադրում, հիմնականում ալարում են գնան տպեն-բերեն, քանի որ ՀԴՄ սարքը մի քանի մետր հեռու է գտնվում իրենցից։ «Ֆլեշի» դեպքում էլ հիմնականում ծայրամասերում կամ քաղաքից դուրս գտնվող լցակայաններում է, որ ՀԴՄ կտրոն խփելու «խասյաթ» չունեն, մտածում են՝ «ռայոնի ժողովուրդ են, կարող ենք եւ չխփել»։ Չի բացառվում, որ այլ բենզալցակայաններում եւս այս վիճակն է, այդ մասին էլ մեր ավտովարորդ ընթերցողները կվկայեն։ Եվ տնտեսվարողների կողմից այս ցինիկ, երբեմն լկտիության հասնող պահվածքի պայմաններում էլ Նիկոլ Փաշինյանը թող շարունակի ՀԴՄ-ի հույսով տնտեսական հեղափոխություն իրականացնել։