Ինչ խնդիրներ ունեն Գորիսում ժամանակավոր բնակվող արցախցիները

Ինչ խնդիրներ ունեն Գորիսում ժամանակավոր բնակվող արցախցիները

Դեկտեմբերի 12-ից սկսած՝ մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարինտակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն եւ Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ձմեռվա այս ցուրտ պայմաններում 1100 մարդ մնացել է ճանապարհներին, այդ թվում ՝ 270 երեխա, որոնք զրկվել են իրենց ընտանիքներին միանալու հնարավորությունից: Առկա իրավիճակը ոչ միայն մարդասիրական ճգնաժամ է, այլ նաեւ երեխաների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի խախտում։

Սյունիքի մարզպետարանում այս օրերին շարունակում է գործել Հայաստան-Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետեւանքով առաջացող խնդիրների լուծման նպատակով ստեղծված օպերատիվ շտաբը, որի ղեկավար Էդգար Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Գորիսում ժամանակավոր բնակվող արցախցիների հիմնական խնդիրը կեցության ու սննդի հարցն է, որն ամբողջությամբ Սյունիքի մարզպետարանը հոգում է եւ շարունակելու է դա անել: «Բոլորին տեղավորել ենք հյուրանոցներում, հյուրանոցներից դուրս ոչ մեկի չենք տեղավորել, նկատի ունեմ` վարչական շենքերում, դպրոցներում կամ մանկապարտեզներում: Մեզ դիմած բոլոր արցախցիները Գորիս համայնքի հյուրանոցներում են, իսկ հյուրանոցների թիվը 10-ից ավելի է»:

Թե կոնկրետ ինչքան մեծահասակ եւ որքան դպրոցահասակ արցախցիներ են հյուրընկալել Սյունիքում, Էդգար Մարտիրոսյանն ասում է, որ ճիշտ կլինի՝ այդ թիվը հրապարակի Արցախի Հանրապետությունը, որովհետեւ. «Եթե ես հիմա թիվ հրապարակեմ, հրապարակելու եմ այն մարդկանց թիվը, որոնց մենք ենք տեղավորել, բայց ես վստահ եմ, որ ՀՀ-ում գտնվող արցախցիների թիվն ավելին է, քան մեզ դիմած արցախցիների թիվը»: 

Ինչ վերաբերում է այդ երեխաների կրթության իրավունքի իրացմանը, ապա, ըստ նրա, հենց այդ հարցերով է այսօր Գորիս եկել ԿԳՄՍ նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով մի շարք հանդիպումներ է ունեցել: 

Ինչպես տեղեկացանք, նախարարը Գորիսի պետական դրամատիկական թատրոնում հանդիպել է Հայաստան-Արցախ ճանապարհի փակման հետեւանքով Հայաստանում գտնվող դպրոցահասակ երեխաների հետ ու նրանց հորդորել՝ հաճախել տեղի դպրոցներ։ «Հայաստանյան բոլոր դպրոցների դռները բաց են ձեզ համար. հաճախեք մոտակա դպրոցներ, վստահ եմ՝ ձեզ սիրով կընդունեն։ Համապատասխան դասարաններում մասնակցեք դասերին, որպեսզի հետագայում բաց թողնված ուսումնական նյութն ավելի հեշտությամբ լրացնեք»,- դիմելով երեխաներին՝ նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ճանապարհի փակման հետեւանքով այս պահին Հայաստանում է մնացել արցախցի շուրջ 300 երեխա, որոնց մեծ մասը Հայաստան էր եկել տարբեր ծրագրերի, միջոցառումների եւ մրցույթների մասնակցելու նպատակով։

Կրթական ծրագրին մասնակցելու նպատակով «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակում Արցախում անգլերեն եւ հասարակագիտություն դասավանդող երկու ուսուցիչներ եւս մնացել են Գորիսում։ Արցախի ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյուրջինյանի ղեկավարությամբ «Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով Երեւան ժամանած երեխաների խումբը նույնպես արդեն մոտ 10 օր չի կարողանում տուն վերադառնալ։

Մյուս խումբը Երեւան էր եկել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կազմակերպած ռոբոտատեխնիկայի մրցույթին մասնակցելու նպատակով։ Գորիսում է գտնվում նաեւ Ստեփանակերտի «Ասպարեզ» պարային ստուդիայի խումբը, որի ղեկավար Լարի Ավանեսյանի պատմելով՝ վերադառնում են Թբիլիսիում կայացած մրցույթից։

Արցախի Ուշուի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Գրիգորյանը երկու մարզիկների հետ դեկտեմբերի 1-ից դուրս է եկել Արցախից։ Նրանք Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել են Ինդոնեզիայում տեղի ունեցած պատանիների եւ երիտասարդների աշխարհի առաջնությանը, որտեղ արցախցի մարզիկ Արթուր Վարդանյանը նվաճել է բրոնզե մեդալ։ Մրցաշարն ավարտվել է դեկտեմբերի 11-ին, եւ մարզիչն ու մարզիկներն այժմ Գորիսում սպասում են ճանապարհի բացմանը։