Փաստական անճշտություննե՞ր՝ խնդրեմ

Փաստական անճշտություննե՞ր՝ խնդրեմ

Գրիգոր Էմին-Տերյանն ինձ հորդորում է մատնանշել իր «Անաստաս Միկոյանը՝ ընդդեմ Վահան Տերյանի» հոդվածում տեղ գտած փաստական անճշտությունները: Խնդրեմ: Նա գրում է, որ Վահան Տերյանը եղել է Ազգությունների կոմիսար Ստալինի տեղակալը:

Ճիշտ չէ, Ազգությունների կոմիսարիատի հայկական հարցերով բաժինը գլխավորել է Վառլամ Ավանեսովը: Տերյանը եղել է վերջինիս տեղակալը: Երկրորդ, Գրիգոր Էմին-Տերյանն ասում է, որ Վահան Տերյանը մերժել է արտասահմանում բուժվելու՝ դաշնակցական Հակոբ Զավրիեւի առաջարկը, որպեսզի մնա պաշտոնին եւ շարունակի պայքարել հանուն հայ դատի: Հիմնավորապես սխալ եւ շատ կամայական մեկնաբանություն է: Նախ, երբ ծագել է Տերյանին եվրոպական որեւէ երկիր բուժման ուղարկելու գաղափարը, բանաստեղծն արդեն պետական պաշտոնից հեռացված էր: Այդ մասին կան բազմաթիվ վկայություններ, որոնք կարելի է բերել հարկ եղած դեպքում: Երկրորդ, Տերյանը, ինչպես ժամանակակիցներն են պնդում, երկյուղ ուներ, որ երկրից անլեգալ հեռանալու փորձը կարող է բացահայտվել եւ իրեն սահմանի վրա կձերբակալեն:

Այդ պատճառով էլ համաձայնել է Մոսկվայից հեռանալու, իր կարծիքով՝ ավելի անվտանգ տարբերակին: Ինչ վերաբերում է Գրիգոր Էմին-Տերյանի պնդմանը, որ ես փորձել եմ նսեմացնել Տերյանի վաստակը, ապա ասեմ, որ հայ իրականության մեջ առաջիններից մեկն եմ եղել, որ «Տերյանի քաղաքական ֆիասկոն» հոդվածում տեսակետ եմ հայտնել, որ Մոսկվայից Տերյանը ոչ թե կամավոր է հեռացել, այլ ենթարկվել է փաստացի աքսորի՝ իր ազգային հայացքների համար: Քանի որ առիթ է, ասեմ նաեւ «Թուրքահայաստանի մասին» դեկրետի վերաբերյալ իմ  տեսակետը: Դա բոլշեւիկյան իշխանությունների ժամանակավոր գործարքն էր հայ ազգային ուժերի հետ: Կան վկայություններ, որ դրան նախորդել են Թիֆլիսում Ստեփան Շահումյանի բանակցությունները ՀՅԴ ներկայացուցիչների հետ:

Ըստ երեւույթին, ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ հայկական զինված ուժերը պետք է սատարեն Ստեփան Շահումյանին՝ բոլշեւիկյան Ռուսաստանի համար պահելու Բաքուն եւ Ապշերոնի նավթաբեր շրջանը, որի դիմաց բոլշեւիկները խոստացել էին զորքերը դուրս չբերել Արեւմտյան Հայաստանի գրաված շրջաններից եւ երաշխավորել արեւմտահայության ազատ ինքնորոշման իրավունքը: Հայկական կողմը կատարել է իր հանձնառությունը՝ շուրջ 10 000 զինվոր դնելով Ստեփան Շահումյանի հրամանատարության տակ, իսկ բոլշեւիկները դրժել են խոստումը: Անաստաս Միկոյանն իր զեկուցագրում արձանագրել է այն, ինչ արդեն տեղի էր ունեցել: