Այսօր ուզում եմ մի` առաջին հայացքից անկարեւոր խնդրի մասին խոսել, որն առկա է հատկապես ընդդիմադիր դաշտում: Խոսքը վերաբերում է մեկը մյուսին հղում չանելուն։ Չափազանց հազվադեպ ենք հանդիպում, որ ընդդիմադիր գործիչներից որևէ մեկը հղում կատարի մեկ այլ ընդդիմադիր գործչի ասածին կամ պաշտպանի ընդդիմադիր գործչի տեսակետը որևէ հարցում։ Փոխարենը շատ հաճախ ենք լսում․ «ինչպես մեկ այլ առիթով ես ասել եմ», «ես դեռ տասը տարի առաջ եմ ասել», «ես դա միշտ եմ ասել», «ցավոք սրտի իմ ասածները տեղի ունեցան», «ասել եմ ու կասեմ» և այլ նմանատիպ արտահայտություններ «ես» - ի ու «իմ» - ի շուրջ։ Մինչդեռ պետք չէ վախենալ հղում անելուց` գաղափարակցին, թեկուզ այլ կուսակցությունից: Դրանով դուք չեք ստորադասվում նրան, հակառակը` ավելի եք բարձրանում և միասնությանը միտված քայլ եք կատարում։
Իշխանական հեռուստաալիքով վերջերս փորձ արեցին արհամարհել եկեղեցական կոչումը՝ աղանդավորականներին հատուկ ձևով «պարոն» անվանելով հոգևորականին։ Իհարկե, լրագրողն ու հյուրը գիտեին, որ այդպես չի կարելի դիմել բարձրաստիճան հոգևորականին, բայց քանի որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ինքնին հակաեկեղեցական կուսակցություն է, ուստի դա արվում է ակնհայտ քարոզչական նկատառումներով։ Նման անտակտ խոսքը` պետական հեռուստաալիքով, եթե ինձ վիրավորել է, ուրեմն շատերին էլ զայրացրել է: Թեեւ այդ վիրավորանքն ու զայրույթը գեներացնող չեղավ` որեւէ ակցիայի չվերածվեց։
Հարգելի եկեղեցասեր, բարեպաշտ ժողովուրդ, սկսեք փոքր-փոքր եւ խաղաղ բողոքի ակցիաներ կազմակերպել: Դա շատ կարևոր է։ Թեկուզ փոքր քանակի մարդկանցով, բայց պետք է արտահայտել դժգոհությունը և հնարավորինս լսելի դարձնել։ Իսկ ինչո՞ւ այդ պարոններն իրենց թույլ տվեցին նման արարք, որովհետև Ազգային Ժողովի ամենաբարձր ամբիոնից մեկ այլ պարոն նմանատիպ արտահայտություն էր արել՝ թիրախավորելով Վեհափառ Հայրապետին, որովհետև նրանց պետք է հաճոյանալ գլխավոր աղանդավորականին։
Բացառված չէ, որ նորից կրկնվեն նման բաներ, որովհետև ՔՊ կուսակցությունը առավելապես իր հույսը դրել է հակաեկեղեցական համայնքների, բազմագույն փոքրամասնությունների եւ աղանդավորների աջակցության վրա։
Գենադի Մնացականյան