Դայակները «հակա» են, բայց լռելյայն

Դայակները «հակա» են, բայց լռելյայն

Մեզ է դիմել մայրաքաղաքի մանկապարտեզներից մեկում դայակ աշխատող մի կին, ով պատվաստումներին դեմ է, չի ուզում, բայց ստիպում են։ Այլընտրանքն ամսվա մեջ 2 անգամ, 30 հազար դրամով ՊՇՌ թեստ հանձնելն է՝ իր 60 հազար դրամանոց աշխատավարձից։ Մեկ այլ բողոքող հայտարարեց, որ ինքը գաղափարական հակավակցինական է, եւ խոստացավ դիմանալ «մինչեւ սով»։

Ինչպես պարզվեց մեր հարցումներից՝ վիճակը մանկապարտեզներում իսկապես լուրջ է։ Պատահականության սկզբունքով զանգահարեցինք մայրաքաղաքի թիվ 67 մանկապարտեզ։ Հեռախոսին պատասխանած աշխատակիցը հայտնեց, որ տնօրեն Վարդուհի Գեւորգյանը տեղում չէ, եւ ասաց. «Ես՝ որպես անհատ աշխատող, հրաժարվում եմ պատվաստումից։ Աշխատակիցների հիմնական մասը չի ուզում»։

Աշխատակցուհին ասաց, որ ստանում է 90 հազար դրամ աշխատավարձ, որից 30 հազարը պետք է տրամադրի թեստին, եւ դա այն դեպքում, որ չի ուզում պատվաստվել․ «Դա դեռ ես եմ այդքան ստանում, էստեղ մարդիկ կան, որ ստանում են 45 հազար, 30 հազար, տարբեր․․․ 29 հազար, դեռ հազար դրամ էլ պետք է տան, որ գնան ձրի աշխատեն։ Բացի դա, մենք պետք է օր կորցնենք, որ կարողանանք նաեւ դուրս գալ աշխատավայրից։ Մենք ինչպե՞ս ենք երեխաներին թողնելու ու գնալու»։

Թիվ 70 մանկապարտեզի տնօրեն Ռիտա Մայիլյանին հարցրինք՝ պատվաստումների առումով իրենց մոտ ի՞նչ իրավիճակ է, կո՞ղմ են, դե՞մ, ի՞նչ տրամադրություններ կան։ Տնօրենն ասաց․ «Որպես այդպիսին, զրույց ունեցել ենք, բայց դա յուրաքանչյուրի անձնական կարծիքն է, եւ հավաքական կարծիք այս պահին չեմ կարող հայտնել»։ Այս մանկապարտեզում դայակների միջին աշխատավարձը 70 հազար դրամ է։

Թիվ 79 մանկապարտեզի տնօրենն ասաց, որ աշխատակիցների հետ չի խոսել։ «Բայց կան կամավոր, որ մարդիկ գնում են, պատվաստվում են՝ իրենց ապահովության համար, հատկապես տարիքային խնդիր ունեցողները։ Կան, որ վաղուց են պատվաստվել»։ Տնօրենը հավաստիացրեց, որ այս պահին դեռեւս այդ կարգից բողոքող աշխատակիցներ չունեն։ 

Թիվ 60 մանկապարտեզի տնօրեն Լիլիթ Բաղդասարյանն էլ ասաց՝ դեռ չեն քննարկել, մի մասը կամաց-կամաց պատվաստվում է։ Հարցրինք․ այսինքն՝ սկզբունքային «հակա»-ներ չունե՞ք։ Տնօրենն էլ, թե․ «Միգուցե հակա են, բայց քանի որ հարցը չի բարձրաձայնվել գլոբալ մասշտաբով, իրենք իրենց «հակա» լինելն անգամ լուռ պահում են»։ Չունե՞ն աշխատակիցներ, որոնք հայտարարում են, որ չեն պատվաստվի, թեստ էլ չեն ներկայացնի։ Տնօրենն ասաց․ «Ոչ, ինձ մոտ դեռ նման արտահայտություն անող չի եղել»։

Թիվ 59 մանկապարտեզի տնօրեն Անուշ Գեւորգյանին հարցրինք՝ ի՞նչ տրամադրություններ կան իրենց մոտ։ «Մենք այդ հարցին առայժմ չենք անդրադարձել, երբ ժամանակը գա, կմտածենք»։

Մալաթիայի թիվ 78 մանկապարտեզից հեռախոսին պատասխանած աշխատակիցը, լսելով մեր հարցերը, հեռախոսազրույցի կեսից  սկսեց «չլսել»՝ կապը լավ չէ, չեմ լսում, հեռախոսը խնդիր ունի։