Ալիևի հույսը Նիկոլն էր․․․

Ալիևի հույսը Նիկոլն էր․․․

Արմեն Աշոտյանը երկու դրվագ պատմեց իր և Սերժ Սարգսյանի մասնավոր զրույցից։ Կանգ կառնեմ երկրորդ դրվագի վրա, որովհետև երկրի անվտանգության հարցը բոլոր հարցերից ամենակարևորն է։ Երկրորդ դրվագում Աշոտյանը  պարզապես արձանագրեց փաստը և բաց թողեց եզրակացությունների դաշտը՝ թողնելով այն հանրությանը։ Փաստորեն իր ներկայացրածը նման էր նրան , որ հացը ծամեն ու դնեն բերանդ։ Քեզ մնում է միայն  կուլ տալը։ Այսինքն այդտեղ « ուղեղ աշխատեցնելու» էլ բան չի մնում։ Լույսի պես պարզ երևում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հետ է Ալիևը հույսը կապել։ Այստեղից բխում է, որ Ալիևը  ինչ-ինչ ուժերի հետ մեծապես աջակցել է, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության գա։ Ներկայացնում եմ այս հատվածը․ 
«Երկրորդ փաստը պատմեմ: Սերժ Սարգսյանին հարցրել եմ, թե 2017-2018 թվականներին արցախյան հարցով բանակցային ի՞նչ մթնոլորտ էր: Մի բան ասաց, որն ինձ շատ զարմացրեց: Ասաց շատ պարզ բան, որ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ, երբ ուզում են շարունակել բանակցությունները, Ալիեւն ասում էր. եկեք հիմա չշտապենք, սպասենք, մինչեւ Սարգսյանը ընտրվի վարչապետ, հետո շարունակենք բանակցությունները: Հիմա, երբ հետին թվով եմ նայում այս ինֆորմացիային, լիքը-լիքը հարցեր են առաջանում: Այսինքն, երբ Ալիեւը 2017-2018 թվականներին լավով չէր ուզում բանակցել, ասում էր՝ Սերժը դեռ թող ընտրվի, ուրեմն գիտեր, որ խնդիրներ կարող են առաջանալ: Որտեղի՞ց գիտեր, ո՞ւմ աջակցությամբ, ո՞ւմ ներքին խաղերով: Սրանք հարցեր են, որ այս պահին թողնում եմ բաց»։ 

Ալիևը վստահ է եղել, որ Սերժ Սարգսյանը բանակցող չի լինելու։ Բերելու են այլ բանակցող։ Ոչ թե գալու է, այլ բերելու են։ Ու այդ բանակցողն ասելու է, որ բանակցություն սկսում է 0 կետից։ Այսինքն ջուրն է նետվելու բանակցության ձեռքբերումների ողջ ռեսուրսը, և ինքը անելու է այն, ինչ թելադրելու են իրեն իշխանության բերողները։ Այնպես որ Ալիևը մեր երկրի այսօրվա խայտառակ  վիճակի համար պարտական է Նիկոլ Փաշինյանին, ով նախկիններին մատնաշելով՝ փորձում է մաքրել ադրբեջանական ոտնահետքերը ու նրանց միջոցով պահել իր աթոռը, որպեսզի Ադրբեջանին հասցնի վերջնական նիրվանայի բարձրագույն վիճակին։