Երեկվա դեպքից հետո տղերքը ուզում էին դիրքերից իջնեին․ բա երեխեքին ուզում են հանեն տնից

Երեկվա դեպքից հետո տղերքը ուզում էին դիրքերից իջնեին․ բա երեխեքին ուզում են հանեն տնից

Երեկ մեզ վախեցնում էին, թե կբերենք, ուժ կգործադրենք։ Էդ ի՞նչ ուժ պիտի գործադրեն մեր վրա։ Եթե էսքան մարդը թուրքի դեմ չի հանձնվել, զենք չի հանձնել, ստեղ՝ ներսի թուրքի դեմ պիտի հանձնվենք, հա՞։ Եթե ուժ գործադրեն, հանեն, ուրեմն թուրքից լա՞վն են։ Ի՞նչ, պիտի մտնեն մեր երեխեքին ուժ գործադրվելով հանե՞ն։ Էդ պիտի մեր դիակների վրով անցնեն, որ կարենան տենց բան անեն, ուրիշ տարբերակ չկա։ Այս մասին քիչ առաջ ՊՆ նախկին շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ իր ելությում ասաց ակցիայի մասնակիցներից մի տղամարդ։

Նշենք, որ շուրջ 150 ընտանիք տևական ժամանակ է ապրում է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին շենքում, սակայն նախորդ տարի պարզ դարձավ, որ կառավարությունը շենքը տվել  է Պետական եկամուտների կոմիտեին։ Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ արդեն 5 օր է՝ դիտավորյալ լույսերն անջատել են, որպեսզի իրենց ստիպված հեռանան։

«Ստեղ մենք ընտանիք ենք, բոլորս մեկի համար ենք ապրում, մեկը՝ բոլորի։ Բնակիչների 90 տոկոսը զինվորականներ ենք, կամավորականներ, կեսն էլ հենց հիմա դիրքերում են։ Էն տղերքը, որ հիմա դիրքերում են, իրենց ընտանիքների պատասխանատուները հիմա մենք ենք։ Օրինակ երեկ դիրքերից տղերքը էս ամեն ինչը լսելուց հետո ուզում էին գային, իրենց կնանիքին ու երեխեքին տեր կանգնեն, էդ մենք չենք թողել, որ գան։ Որ հիմա էդ տղերքը զենքերը թողեին, գային հասնեին ստեղ, ասելու էին՝ դե դասալքություն են արել, ազգի դավաճան են, էս են, էն են։ Կտանեին ու կդատեին, բա որ տենց է, հիմա ո՞նց են ուզում էս մարդկանց երեխեքին տներից հանեն։ ՊՆ-ում էլ են տեղյակ, բոլոր տեղերում էլ լավ էլ տեղյակ են։ Նպատակը էն ա, որ ինչ-որ մեկը փող ունի, ուզում է բիզնես անի, ստեղ բիզնես անեն, կլուբներ սարքեն։Բա էս ժողովուրդը ի՞նչ անի, ով կարող է ասել»,- հավելեց նա։