Ապրիլի 16-ին կնշվի Հայ կինոյի օրը

Ապրիլի 16-ին կնշվի Հայ կինոյի օրը

2019 թվականին, ԱԺ որոշմամբ, ապրիլի 16-ը սահմանվեց որպես Հայ կինոյի օր։ Նշանավորելով հայ կինոյի ծնունդը՝ միայն մեկ օր՝ ապրիլի 16-ին, բոլոր կինոթատրոնները կցուցադրեն հայկական հին ու նոր բազմաժանր ֆիլմեր։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնած կինոցուցադրումների հանրային արշավին միացել են մայրաքաղաքի եւ հանրապետության մի շարք քաղաքների կինոթատրոններ՝  «Մոսկվա», «Կինոպարկ», «Նաիրի», «Հայաստան», «Սինեմա Սթար» (Երեւան), «Հոկտեմբեր» (Գյումրի), «Քաջարան» (Քաջարան), «Սյունիք» (Կապան) եւ այլն։ «Կինոպարկ», «Նաիրի», «Հայաստան», «Սինեմա Սթար» կինոթատրոնները թեեւ միացել են արշավին, սակայն կցուցադրեն իրենց ընտրած ֆիլմերը։

«Մոսկվա» կինոթատրոնը կներկայացնի միայն Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից 2019-2020 թթ․ աջակցություն ստացած եւ արտադրված ֆիլմեր, մասնավորապես՝ կարճամետրաժ, որոնց հեղինակները դեբյուտանտներ են (Անգինե Իսանյան, Անժելիկա Թամարյան, Մերի Միքայելյան, Րաֆֆի Մովսիսյան, Ալեքսանդր Բաղդասարյան, Դավիթ Բաբայան)։ «Մոսկվա» կինոթատրոնում ապրիլի 16-ին, ժամը 12։00-17։00-ն կցուցադրվի հայկական 3 լիամետրաժ եւ 13 կարճամետրաժ ֆիլմ (խաղարկային, անիմացիա)։ Ի դեպ, նույն օրը, ժամը 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա նաեւ Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան, որը մեր օրերի հետ սերտ առնչություններ ունի։

Կինոարշավին միացել է նաեւ Տավուշի մարզը․ տեղի դահլիճներում կներկայացվեն հայկական ֆիլմեր (իրենց ընտրությամբ)։

Հայ կինոյի օրվա առիթով Հայաստանի ազգային կինոկենտրոնը ZOOM հարթակում կկազմակերպի «Հայ կինո․ ներկա եւ ապագա» հայաստանյան եւ սփյուռքի կինոգործիչների առցանց հանդիպում, որտեղ կքննարկվեն հայկական կինոյի առկա խնդիրները, անելիքներն ու հեռանկարները։ Մասնակիցների թվում են Ատոմ Էգոյանը (Կանադա), Անահիտ Աբադը (Իրան), Ժուլի Փարադիանը (Ֆրանսիա), Օֆելյա Հարությունյանը (Հայաստան-ԱՄՆ), Նորիկ Քեշիշյանը (Գերմանիա), Քերին Արիկիանը (ԱՄՆ-Գերմանիա), Գորյուն Ապրիկյանը (Ֆրանսիա), Նորա Մարտիրոսյանը (Ֆրանսիա) եւ այլք։