Ադրբեջանը եւ Թուրքիան հետաքրքրված են, որ Հայաստանում պահպանվի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը․ ռուս փորձագետներ

Ադրբեջանը եւ Թուրքիան հետաքրքրված են, որ Հայաստանում պահպանվի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը․ ռուս փորձագետներ

Հայաստանում վերջին օրերին ծավալվող իրադարձություններին արձագանքել են գրեթե բոլոր առանցքային խաղացողները, որոնք սովորաբար արձագանքում են Հարավային Կովկասում տեղի ունեցող որեեւէ գործընթացի։ Այդ արձագանքները տարբեր են բավականին իրենց բովանդակությամբ եւ արտահայտում են հիմնականում արտահայտող երկրի կամ կառույցի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, կամ ակնկալիքները, որոնք ունեն Հայաստանից։ Եթե ԱՄՆ Պետդեպում կասկածանքով են վերաբերվում այն բանին, որ Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել, ապա Ադրբեջանում եւ Անկարայում, չափազանց սինխրոն են Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ եւ օգտագործում են «ռազմական հեղաշրջում» տերմինը։ Մոսկվան անհանգստություն է հայտնել, սակայն ծավալվող իրադարձությունները համարում է Հայաստանի ներքին գործը։ Այս իրականությունը բավական ակտիվ քննարկումներ են առաջացրել ոչ միայն հայաստանյան փորձագետների շրջանում, այլ նաեւ ռուսական։ Ընդ որում, ռուս փորձագետների համար հատկապես հետաքրքրական է այն, որ մի կողմից Բաքուն եւ Անկարան լուրջ անհանգստացած են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, մյուս կողմից, բավական սինխրոնություն են ցուցաբերում նույնիսկ տեղի ունեցողի որակման առումով, օգտագործելով փաշինյանական «ռազմական հեղաշրջում» տերմինը եւ հիմնականում աջակցում են Նիկոլ Փաշինյանին։

«Ադրբեջանին պետք չէ, որ Հայաստանում այժմ լինի նոր իշխանություն։ Լավ կամ վատ՝ իհարկե դեռ հայտնի չէ, սակայն այդ նոր իշխանությունը կունենա առանձնահատուկ վերաբերմունք Ղարաբաղյան վերջին պատերազմի եւ այդ պատերազմում Հայաստանի պարտության հանդեպ եւ կսկսի դրսեւորել վերանայման կամ ռեւիզիայի ենթարկելու հռետորաբանություն։ Իսկ ում է դա պետք։ Դա իհարկե առանձնապես հնարավոր էլ չէ անել, սակայն պրոցեսը էականորեն կսկսի դոփել տեղում։ Այնտեղ Հայաստանում կսկսվեն ելույթներ, չե որ սիրում են Հայաստանում PR-վել, որովհետեւ շատ է Հայաստանում պոպուլիզմը»,- հայտարարել է ռուս քաղաքագետ, ԱՊՀ երկրների հարցերով փորձագետ Արկադի Դուբնովը Gazeta.ru-ի հետ զրույցում։

Նա նշում է, որ փետրվարի 27-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով տեղի ունենալիք, հունվարի 11-ին, Մոսկովյան եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ձեւավորված աշխատանքային խմբի երրորդ նիստը կարող է դառնալ սիմվոլիկ նշան այն բանի, որ նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունը Ղարաբաղի մասով անխափան շարունակում է կենսագործվել եւ քանի որ Փաշինյանի կառավարությունը այդ ամենը անմռունչ կենսագործում է, ապա նաեւ այդ նիստը կլինի աջակցություն ուղղված Փաշինյանի իշխանությանը։

Ռուս մեկ այլ քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշեւն էլ կարծում է, որ հայտարարությունները, որոնք տարբեր մայրաքաղաքներից հնչեցին Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների առնչությամբ, հստակորեն արձանագրում են նաեւ այն աշխարհաքաղաքական առաջնահերթությունները, որոնք այդ մայրաքաղաքներում կարեւորում են։ Այս համատեքստում, Արեշեւը արձանագրում է, որ ակնբախ է, որ Անկարան եւ Թուրքիան հետաքրքրված են հատկապես, որ Փաշինյանի իշխանությունը պահպանվի եւ նույնիսկ հանուն դրա Հայաստանում տեղի ունեցողը որակում են Փաշինյանի կիրառած «ռազմական հեղաշրջում» տերմինով։