Հայ-թուրքական «կարգավորում»․ սպասելիքներ՝ ասիմետրիայի ֆոնին

Հայ-թուրքական «կարգավորում»․ սպասելիքներ՝ ասիմետրիայի ֆոնին

jam-news.net-ը գրել է.

2020 թ-ի 44-օրյա պատերազմի աննախադեպ կորուստները Ղարաբաղում Հայաստանի համար դարձան մի փուլի սկիզբ, որը բնորոշվում է անորոշությամբ և անվտանգության ոլորտի խնդիրներով։

Բախվելով պարտության դաժան իրականությանը՝ Հայաստանը փորձեց հարմարվել նոր իրականությանն ու հետպատերազմյան նոր ռազմավարություն ստեղծել, որը կօգնի չնախատեսված խնդիրների լուծման հարցում։

Այս ֆոնին նա որոշել է վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ հարևանի հետ հարաբերությունները «կարգավորելու» նպատակով։

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը նոր քաղաքականություն չէ, և անգամ նոր ձեռքբերում չէ։ Երկու նպատակները՝ սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումն, ի վերջո, միայն նվազագույն հիմքն են հարևանների համար։

Ավելին՝ փակ սահմաններն ու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը մեծ շեղում է։

Կարգավորումը հաշտեցում չէ, և ոչ էլ մերձեցում, թեև կարող է հիմք ծառայել ավելի հավակնոտ նպատակների համար, որոնք տարածվում են սերնդեսերունդ։

Սակայն Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական բանակցությունների նոր փուլը զարմանալի արագ ստացվեց։ Բեկումը տեղի ունեցավ 2012 թ-ի դեկտեմբերի կեսերին, հայ և թուրք առաջնորդների դրական ուղերձների և հայտարարությունների տարափից հետո։

Այն ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան «հատուկ բանագնաց» կնշանակի, որը լիազորված կլինի բանակցություններ վարել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ։

Գրեթե մեկ շաբաթ անց երկու կողմի հատուկ բանագնացների նշանակումը դարձավ քաղաքական նոր հարաբերությունների սկիզբ։

«Առանց նախապայմանների»

Չավուշօղլուի հայտարարությունը Հայաստանում ընկալվեց որպես Թուրքիայի քաղաքական նոր կամքի խոստումնալից նշան, որն ուզում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։

Սակայն Հայաստանի դիրքորոշումը նախկինի պես կենտրոնացած է «առանց նախապայմանների» պահանջի վրա։ Այդ քաղաքականության էությունն այն է, որ չեղարկվի ցանկացած ուղիղ կապ կարգավորման և այլ գործոնների, օրինակ՝ Հայոց ցեղասպանության և Ղարաբաղյան հակամարտության միջև։

Այս տեսակետից «առանց նախապայմանների» հայկական քաղաքականությունն առաջարկում է կենտրոնանալ Թուրքիայի հետ երկկողմանի հարաբերությունների վրա։

Այն նաև բացառում է պահանջներն ու պայմանները, որոնք կարելի էր ներկայացնել Թուրքիային, որոնք, առաջին հերթին, վերաբերում են Թուրքիայից Հայոց ցեղասպանության ճանաչման ակնկալիքներին։

Հաշվի առնելով հարաբերությունների վերսկսման այս չափավոր մոտեցումը՝ Հայաստանն ակնկալում է նույնը Թուրքիայի կողմից։ Իսկ դա նշանակում է, որ վերջին պահին Թուրքիայի ներկայացրած ցանկացած պահանջ կարող է տապալել գործընթացը երկու երկրների միջև։

«Դասեր քաղվել են»

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերջին փուլը բնորոշվում է հետպատերազմյան նոր իրականությամբ։ Եվ երկու կողմերն էլ հաշվի են առնում այն մի քանի դասերը, որոնք քաղել են նախորդ փուլից 2009 թ-ին։

Այն ժամանակ այդ փուլն ավարտվեց Ցյուրիխում երկու արձանագրությունների ստորագրմամբ, սակայն անհաջողության մատնվեց Ադրբեջանի ուշացած բացասական արձագանքից հետո։

Այս անգամ առավել ակնհայտ տարբերություններից մեկը դիվանագիտական գործընթացի մեկնարկն է, որը հիմնված է հատուկ ներկայացուցիչների անմիջական անձնական հանդիպումների վրա։

2009 թ-ին երկարատև գաղտնի դիվանագիտություն էր ընթանում Շվեյցարիայի աջակցությամբ, որի արդյունքը եղան հայ-թուրքական արձանագրությունները։ Իսկ այս անգամ շատ քիչ էին նախնական շփումները կամ գաղտնի հանդիպումները հայ և թուրք պաշտոնատար անձանց միջև։

Սրա հետ կապված երկրորդ տարբերությունն այն է, որ այժմ հիմնական ուշադրությունը դարձվում է գործնական և ավելի համեստ միջոցներին, որոնց շուրջ պայմանավորվածություն կարող է ձեռք բերվել առանց խորհրդարանի վավերացման։ Հենց դա էր քաղաքական խոչընդոտ նախորդ արձանագրությունների համար։

Իրավիճակի առանցքային առանձնահատկությունները
Այս փուլում մի շարք առանցքային տարբերություններ կան, որոնք դուրս են հետպատերազմյան նոր իրականության շրջանակից։

Հիմնականներից մեկը Հայաստանի և Թուրքիայի միջև նոր տարբերությունն է։

Հայաստանը, չնայած աննախադեպ պարտությանն ու պետականության հետագա թուլացմանը, այնուամենայնիվ, կարողացավ վերապրել երկրի պատմության մեջ ամենալուրջ մարտահրավերներից մեկը։

Փաշինյանի կառավարությունը վերընտրվեց 2021 թ-ի հունիսի արտահերթ ընտրություններում, նոր մանդատ ստացավ և պահպանեց խորհրդարանական մեծամասնությունը։ Արդյունքում՝ Հայաստանի կայունության հեռանկարները զգալիորեն բարելավվեցին։

Թուրքիայում Էրդողանի կառավարությունն այժմ զգալիորեն թուլանում է։ Այն բախվել է վարկանիշի լուրջ անկման և տնտեսական ճգնաժամի։

Այս համատեքստում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի կառավարության համար կարող է հազվադեպ հաղթանակ լինել արտաքին քաղաքականությունում և «պետական իմաստության» դրսևորման հնարավորություն։

Հայաստանի և Թուրքիայի միջև ասիմետրիան արտահայտվում է նաև նրանով, թե ինչպես են ներկայացված կողմերը։

Հաաստանի հետ բանակցությունների համար Թուրքիան նշանակել է փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչին՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպանին։

Հայկական կողմն ընտրել է երիտասարդ խորհրդարանականի՝ դիվանագիտությունում, ինչպես նաև բանակցություններ վարելու գործում ոչ մեծ կամ զրոյական փորձով, Հայաստանի խորհրդարանի 31-ամյա փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին։

Հայաստանի ընտրությունը հատկանշական է նրանով, որ այն չունի ինստիտուցիոնալ հիշողություն և չունի բանակցողներ, որոնք աշխատել են նախորդ կառավարությունում։ Եվ սա թուլություն է նրա համեմատ, որ Թուրքիան կարող է հենվել իր բազմամյա ավանդույթների և Հայաստանի հետ նախորդ բանակցությունների փորձի վրա։

Սակայն դիվանագիտական այս անհամապատասխանությունն ունի նաև առավելություն։

Մասնավորապես, կարգավորման գործընթացը կառավարում են ոչ թե արհեստավարժ դիվանագետները, այլ թելադրում է երկու երկրների քաղաքական ղեկավարությունը։

Սա նշանակում է, որ Թուրքայի մոտեցումն անգամ հատուկ բանագնացի առկայության պարագայում մեծ մասամբ որոշելու է անձամբ նախագահ Էրդողանը։ Իսկ երկրի արտգործնախարարը ստանում է ենթակա դեր, ԱԳՆ-ն միայն կատարող է, բայց Հայաստանի վերաբերյալ քաղաքականություն չի որոշում։

Իսկ Հայաստանի հատուկ ներկայացուցիչը դիվանագետ չէ և ուղղակի շփում ունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Այն, որ Ռուբինյանը վարչապետի վստահված անձն է, նրան իշխանություն և ինքնավարություն է տալիս Թուրքիայի հետ աշխատանքում։ Իսկ դա, իր հերթին, մարտավարական առավելություն է ստեղծում ճկունության առումով և արձագանքի արագություն, որոնք պետք է օգնեն հաղթահարել Քըլըչի դիվանագիտական մեծ փորձի առավելությունը։

Արտաքին խաղացողների դերը

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին պաշտոնական հանդիպման անցկացման վայրը նույնպես խորհրդանշական է։ Այն անցկացվել է Մոսկվայում 2022 թ․ հունվարի 14-ին և արտացոլել Ռուսաստանի գերակայությունն այս գործընթացում։

Ռուսաստանն ավարտեց 2020 թ-ի պատերազմը՝ հրադադար պարտադրելով և իր խաղաղապահ զորքերը տեղակայելով։ Նա նաև ղեկավարում է տարածաշրջանային առևտրի և տրանսպորտի վերականգնման գործընթացը։

Մոսկվայում հանդիպման անցկացումն ապահովում է ռուսական աջակցությունն, ինչպես նաև ընդգծում նրա շահագրգռվածությունը հաջողության հասնելու հարցում։

Սակայն ամենակարևոր արտաքին խաղացողն, այնուամենայնիվ, Ռուսաստանը չէ։ Չէ՞ որ Ադրբեջանը հաջողությամբ տապալեց հայ-թուրքական արձանագրությունները 2009 թ-ին։

Եվ հենց նա է առանցքային դեր խաղում Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում։ Թուրքիան Ադրբեջանին համարում է սեփական «կարմիր գիծ», որը նրա շահերին չվնասելն է։

Կան նաև այլ կարևոր արտաքին գործոններ։

Որպես շարժիչ ուժ, որը մոտիվացնում է Թուրքիային, կարելի է անվանել ՆԱՏՕ-ի շրջանակում երկրի մեկուսացման հնարավոր մեղմացումն ու ավանդական դաշնակից ԱՄՆ-ից օտարացման հաղթահարումը։

Ավելին՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը նաև համապատասխանում է Իսրայելի և ԱՄԷ-ի հետ Թուրքիայի հավակնոտ հաշտեցմանը և կարևոր դիվանագիտական դիվիդենդներ է ենթադրում Եվրամիությունից։

Ի՞նչ է լինելու

Հայաստանի և Թուրքիայի միջև կայանալիք դիվանագիտական բանակցությունների համատեքստում երկու հիմնական ռիսկ կա։

Առաջինը․ բանակցությունները խոցելի են Հայաստանի և Ադրբեջանի միջև պահպանվող լարվածության պատճառով։ Ադրբեջանական ուժերը հարձակվում և ներխուժում են Հայաստանի տարածք, ձերբակալում խաղաղ բնակիչներին և գերեվարում։

Երկրորդ ռիսկը կապված է Թուրքիայում կայանալիք ընտրությունների և թուրքական քաղաքականությունում առկա լուրջ ճգնաժամի հետ, ինչը կարգավորման հեռանկարներն էլ ավելի կախյալ է դարձնում երկրի ներքաղաքական իրավիճակից։

Այնուամենայնիվ, չնայած բարդ հեռանկարներին, գոյություն ունի արդարացված լավատեսություն։ Կարգավորումը կարող է բացառիկ դրական շարժ լինել ոչ անվտանգ և ռիսկի ենթարկվող տարածաշրջանում։

Ռիչարդ Կիրակոսյանը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (Regional Studies Center)՝ Երևանում անկախ վերլուծական կենտրոնի տնօրենն է։