Պաշտոնական Երեւանի դիրքորոշումը՝ թշնամական թեզերին համահունչ

Պաշտոնական Երեւանի դիրքորոշումը՝ թշնամական թեզերին համահունչ

Կառավարության հետ հերթական խորհրդարանական հարցուպատասխանը, ավելի ճիշտ՝ վարչապետի տրամախոսությունն ԱԺ-ի ամբիոնից, եկավ լրացնելու վերջին ամիսներին թշնամու շահերից անթաքույց բխող հայտարարությունների շարքն ու սահմանելու նոր աննախադեպ գլուխգործոցներ։ Խոսքը նախեւառաջ Կովսականի եւ Որոտանի շրջանների՝ բանավոր փոխըմբռնմամբ հանձնման, ավելի ճիշտ՝ դրանք չհանձնելու դեպքում հնարավոր աղետալի սցենարի՝ Նիկոլ Փաշինյանի պնդումների մասին է։

Կառավարության, Անվտան-գության խորհրդի մի շարք նիստերում, խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ վարչապետը բազմիցս ասել է, թե սահմանների ճշգրտման գործընթացը որքան Ադրբեջանին է անհրաժեշտ, այնքան էլ Հայաստանին։ Նա առիթը բաց չի թողնում՝ ցուցադրելու իր պատրաստակամությունը՝ սկսելու սահմանազատման գործընթացն արեւելյան հարեւանի հետ, միայն թե աչք է փակում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը միակողմանիորեն արդեն սկսել է սահմանազատումը՝ իրեն իրավունք վերապահելով ուժով վերցնելու այն, ինչ համարում է իրենը։

Ցավալիորեն, ոչ միայն Ալիեւը, այլեւ Փաշինյանն է սահմանապահ որոշ բնակավայրեր եւ ավտոճանապարհներ համարում ադրբեջանական, հիմնավորում է դրանց ոչհայկականությունը, ընդհուպ՝ ծաղրում հայերեն տեղանուններ, օրինակ՝ Սանասար ասող գործիչներին։ Այս տրամաբանությամբ՝ շուտով կառավարության նիստում Փաշինյանը կարող է խոսել Բասարգեչարի (իրականում՝ Վարդենիս) կամ Դարալագյազի (իրականում՝ Վայոց Ձոր)՝ վիճելի տարածքներ լինելու մասին, ավելին՝ պնդել, որ դրանց զիջմամբ կկանխվի հերթական արհավիրքը։

Սահմանազատման գործընթացի անխուսափելիության մասին Փաշինյանի թեզը եւս ուղղակիորեն համապատասխանում է Ալիեւի դիրքորոշմանը։ Ադրբեջանի նախագահը պնդում է, թե երկու երկրների միջեւ տեղի է ունենում սահմանների հստակեցման գործընթաց, եւ իրենք դուրս են եկել իրենց բնական սահմաններ՝ դեպի Սեւ լիճ ու Վերին Շորժա։

Եթե Ալիեւը հող է նախապատրաստում Հայաստանի ինքնիշխան տարածքից այլեւս երբեք դուրս չգալու համար եւ այն անվանում է սահմանազատում, Փաշինյանը Սյունիքում եւ Գեղարքունիքում մի քանի կիլոմետրով թշնամական զորքի անարգել առաջխաղացումը, ապա դուրսբերման պայմանների քննարկումը համարում է սահմանների ճշգրտման գործընթաց։ Այդպիսով Փաշինյանը ոչ թե դատապարտում է մեր սահմանների անխախտելիության ոտնահարումը, այլեւ հավասարության նշան է դնում մեր եւ թշնամու հետաքրքրությունների միջեւ՝ հիմնավորելով, թե իբր սահմանազատումը հավասարապես պետք է երկուսիս էլ։

Նույնատիպ սառնասիրտ, որեւէ սկանդինավյան երկրի ղեկավարին բնորոշ՝ այլ պետության գործերին չմիջամտելու տոնայնությամբ Փաշինյանը ոչ միայն պատերազմից առաջ, այլեւ անգամ մեր ցավալի պարտությունից հետո էր հայտարարում, թե արցախյան հիմնահարցի հանգուցալուծումը պետք է բավարարի նաեւ Ադրբեջանի ժողովրդին։

Ֆրանսիայի նախագահը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը, Հայաստանում ԱՄՆ դեսպանը եւ այլք շարունակաբար խոսում են Արցախի կարգավիճակի կարեւորության մասին, իսկ Փաշինյանը պարտությունից շաբաթներ անց շտապում էր հայտարարել, թե կարեւոր է նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լուծում գտնելը։

Անցած տասն ամսում Փաշինյանը հարյուրավոր անգամ խոսել է հաղորդակցությունների բացման մասին, ավելի ճիշտ՝ հիմնավորել, թե իբր Հայաստանի տարածքով Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային կապի հաստատումը հավասարապես ձեռնտու է նաեւ մեզ, քանի որ մենք էլ ցամաքային ճանապարհներով ստանալու ենք մատչելիություն դեպի Իրան եւ Ռուսաստան։

Իրականությունն այն է, որ Ադրբեջանը Հորադիզից երկաթգիծ է կառուցում, որը Հայաստանի տարածքով անցնելու է դեպի Նախիջեւան, իսկ Իրանի հետ մեր միակ միջպետական ավտոճանապարհի փաստացի հսկողությունն այս պահին իրականացնում է թշնամին՝ իրեն իրավունք վերապահելով իրանցի բեռնափոխադրողներին կանգնեցնելու, անձնագիր ստուգելու, գումար գանձելու, ընդհուպ՝ ձերբակալելու։ Փաշինյանը, հավանաբար, այսպես էլ պատկերացնում է ապաշրջափակումն ու հաղորդակցությունների բացումը։

Դավիթ Սարգսյան