Ռեսթարթ եւ մղձավանջ

Ռեսթարթ եւ մղձավանջ

Անկախ այն բանից, թե վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմությունն ինչն է սխալ կամ ոչ այնպես անում, անկախ այն բանից, թե իշխանությունն ինչպես է ընդդիմության գործողությունների սրությամբ ու արդյունքներով միայն չափում իր հրաժարականի պահանջի ռեալությունը, անկախ նաեւ այն բանից, թե ինչպես է հանուն իշխանության կատաղի պայքարի ելել Նիկոլի ուսապարկը, ակնհայտ է մի բան․ հանրային սպասումների մեջ վարչապետի հրաժարականը, բնականաբար՝ նաեւ կառավարության հրաժարականը, այլեւս անդառնալի գործընթաց է․ վաղ թե ուշ այն լինելու է։  

Ընդսմին՝ լինելու է ոչ թե այն տուն-տունիկի եղանակով, որով 2018-ին Նիկոլն իրեն վարչապետ էր կարգում, այլ լինելու է իշխանության ղեկի մոտից նրա հեռանալով։ Ավելին՝ այս իշխանությունն ու իր առաջնորդը մեծագույն նպաստ բերած կլինեն հայոց պետությանը եւ պետականությանը, եթե բացառեն առնվազն առաջիկա տարիներին իրենց ցանկացած հավակնություն՝ իշխանության գալու։

Սակայն այսօրինակ խոհեմություն, այսքան անանձնական լայնախոհություն, այսպիսի հայրենասիրություն՝ իշխանությունից անհնար է ակնկալել։ Հակառակը, իշխանությունն ամեն ինչ անում է՝ չտեսնելու տալու համար այն օբյեկտիվ անհրաժեշտությունը, որն առկա է իր հրաժարականի պահանջի շուրջ։ Նա չի ընկալում, որ վաղուց հայտնվել է պետական-կառավարչական վակուումում եւ այլեւս լուրջ չի ընդունվում պետական տարբեր ինստիտուտների եւ հասարակության կողմից։ 

Մինչդեռ, ի հեճուկս այս ամենի, վարչապետը շարունակում է «թափանցիկ եւ հաշվետվողական» աշխատանքի իր իմիտացիան, շարունակում է «ինչ է եղել որ» ինքնաբավ կեցվածքով պաշտոնավարումը․ ահա թե ինչու աստծո ամեն օր նորանոր հրամաններ է արձակում՝ հանրությանը տեղեկախեղդ անելով, թե՝ բա չեք ասի, իր որոշմամբ պաշտոնից ազատվել է ինչ-որ մարզպետարանի ինչ-որ գլխավոր քարտուղարի ինչ-որ տեղակալ՝ մի X, նրա փոխարեն, «ղեկավարվելով․․․ տը-տը-տը-տը-տը-տը․․․», նշանակվել է Y-ը։ Պետական ապարատն «աշխատում»  է։ 

Երեկ մեծ շուքով վարչապետի աշխատակազմին ներկայացվել է առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ որպես աշխատակազմի ղեկավար, եւ վարչապետը մի քանի իմաստասիրական խորհրդածություններ է ներկայացրել այդ աննախադեպ իրադարձության առիթով, մասնավորապես՝ պետական կառավարման թեմայով։ Ըստ նրա՝ «․․․ կարող ենք արձանագրել, որ պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի, եւ այդ ռեսթարթը միանշանակ պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից»։

Սակայն  բոլոր քիչ թե շատ սթափ եւ մեր ողբերգական կացությանը համարժեք մտածող մարդկանց համար, այնպիսիների, որ նվազագույնը՝ զոմբի չեն, ռեսթարթը պետք է սկսվի ոչ թե պետական կառավարման համակարգում ինչ-ինչ ինքնանպատակ տեղափոխումներ կամ նշանակումներ անելով, այլ՝ վարչապետի ու նրա կառավարության անվերապահ հրաժարականով։ Ցանկացած այլ ռեսթարթ իմիտացիա է, որն ավելի մեծ կեղծիքով է պատելու հասարակական կյանքը եւ խորացնելու է դրանում առկա հուսալքության տրամադրությունները, ավելի անտանելի է դարձնելու անելանելիության այն մղձավանջը, որի մեջ ենք բոլորս։ Ցանկացած այլ ռեսթարթ մղձավանջի նորովի շարունակություն է։