Ռուսաստանի համար Հայաստանը դարձել է անդամատված երկիր
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգույի այցը Թեհրան, ապա Բաքու մեծ Մերձավոր Արեւելքում լարվածության ֆոնին բավականին խոսուն էր։ Նախ, այդ այցելությամբ Իրանի համար չափազանց զգայուն փուլում, երբ Իրան-Իսրայել առճակատման շեմը խիստ բարձր էր, Ռուսաստանը ուղերձ հղեց առ այն, որ Իրանի կողքին է։ Այս հանգամանքն, ի դեպ, հատուկ շեշտադրեց Իրանի նորընտիր նախագահ Փեզեշիքանն ընդգծելով, որ Ռուսաստանը եղել է դժվարին պահերին Իրանին աջակցող երկրների թվում։ Ռուս-Իրանական ռազմավարական համագործակցության ֆոնին, Մոսկվա-Բաքու հարաբերություններն են կայուն զարգանում՝ ի հեճուկս Երեւան-Մոսկվա սառող կամ արդեն իսկ սառեցված կապերի։ Շոյգուն Ալիեւի հետ հանդիպմանը Բաքվում խոսեց ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների հաջող զարգացման մասին, նաեւ աջակցություն հայտնեց Հայաստան-Ադրբեջան գործընթացին։ Իսկ այս ընթացքում, երբ տարածաշրջանը եռում է ու երկրներն, ըստ այդմ, դիրքավորրվում են, առաջիկա հնարավոր սցենարների շուրջ քննարկումներ ունենում եւ պայմանավորվածություններ ձեռք բերում, Հայաստանի իշխանությունը շարունակում է «աննախադեպ առաջընթաց» գրանցել, բայց ոչ թե դաշնակցային հարաբերությունները շահակից երկրների հետ խորացնելու, այլ հեծանվավարության բնագավառում։
«Հրապարակ»-ի հետ զրույցում քաղաքագետ Երվանդ Բոզոյանն օրինաչափ է համարում, որ ստեղծված պայմաններում ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան այցելել է Թեհրան ու Բաքու, բայց չի այցելել Երեւան։ Նրա խոսքով, արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանի համար Հայաստանը դարձել է անդամատված երկիր եւ իրեն դուրս է դրել տարածաշրջանային գործընթացներից։
«Հայաստանը դարձել է ԱՄՆ-ի կցորդը եւ փաստացի միակողմանի քաղաքականություն է վարում։ Օբյեկտիվորեն, վերջում վերածվելու է Թուրքիայի կցորդին, եթե այս ամենը չկանգնեցվի։ Հայաստանը Ռուսաստանից դուրս է գրել իրեն՝ որպես գործընկեր, եւ ընկալվում է՝ որպես անցումային վիճակում գտնվող երկիր, որը ցանկանում է ՌԴ գործընկերոջ կարգավիճակից դառնալ ԱՄՆ-ի գործընկեր»,-ասում է Երվանդ Բոզոյանը՝ շեշտելով, որ չնայած Ռուսաստանը դեռ փորձում է կտրուկ քայլերի չդիմել, բայց օբյեկտիվորեն, արդեն վաղուցվանից Մոսկվան Երեւանին չի դիտարկում որպես հուսալի եւ լուրջ գործընկեր։
Շոյգույի այցը Իրան, ըստ մեր զրուցակցի, երկու նպատակ ուներ։ Իրանը Չինաստան-Ռուսաստան-Իրան համակարգի առանցքային երկրներից է եւ այդ այցով Ռուսաստանը ուղիղ մեսիջ հղեց Արեւմուտքին եւ ԱՄՆ-ին, որ հնարավոր մեծ պատերազմի դեպքում Իրանը միայնակ չի մնա․«Համոզված եմ, որ արդեն այս պահին Ռուսաստանը որոշակի ռազմամթերք է մատակարարում Իրանին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանին անհրաժեշտ են հակաօդային լուրջ համակարգեր։ Համոզված եմ, որ Իրանն այդ խնդրանքով դիմել է Ռուսաստանին»։ Մյուս կողմից, ըստ մեր զրուցակցի, Ռուսաստանը մեկ այլ մեսիջ փոխանցեց, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը շահագրգռված չեն հակամարտության սրացմամբ եւ գլոբալ պատերազմով։ Միացյալ Նահանգներին եւս այս փուլում, ըստ մեր զրուցակցի, գլբոալ պատերազմ պետք չէ, բայց բացառված չէ, որ Իսրայելն իր քայլերով ստիպի ԱՄՆ-ին՝ մտնել խաղի մեջ, որովհետեւ ի տարբերություն Իրաքի, Իրանի պարագայում Իսրայելը միայնակ չի կարող գործել։
Եթե այդուհանդերձ, տարածաշրջանում իրադարձությունները դուրս գան վերահսկողությունից, ի՞նչ վիճակում կարող է հայտնվել Հայաստանը։ Ըստ քաղաքագետի, այսպես շարունակվելու դեպքում Երեւանը կարող է հույս դնել միայն «պատմական բախտի վրա», որովհետեւ Փաշինյանի իշխանությունը վաղուց Հայաստանը սուբյեկտից դարձրել է օբյեկտ, որից ոչիինչ կախված չէ։ Առավելագույնը, որ այսօր ունի Երեւանը, դիտորդի կարգավիճակն է, բայց տվյալ իրավիճակում հնարավոր սցենարները ուղղակիորեն առնչվելու են հենց Հայաստանին:
Կարծիքներ