Առցանց վարպետաց դասեր՝ հայտնի երաժիշտների հետ

Առցանց վարպետաց դասեր՝ հայտնի երաժիշտների հետ

«Մնա տանը» մարտավարությունն աշխարհում մշակույթի, կրթության նոր ավանդույթներ է ձեւավորում։ Մարդկանց այսօր գուցե հոգեւոր սնունդն ավելի անհրաժեշտ է, քան իրականը, եւ արվեստագետները նոր ձեւեր են գտնում՝ հոգեւոր սնունդը մարդկանց հասցնելու համար։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նախաձեռնել է առցանց վարպետության դասերի շարք, որոնք վարում են հայտնի երաժիշտներ եւ պրոֆեսորներ։ Այս շարքի առաջին պարապմունքը վարել է Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Իգոր Պետրուշեւսկին։

Նա Եվրոպայում ջութակի լավագույն ուսուցիչներից է, ում սաները միջազգային տարբեր մրցույթների հաղթողներ են, լավագույն նվագախմբերի կատարողներ, անվանի մենակատարներ։ Մեծանուն երաժիշտը դասն անցկացրել է սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Եվա Մարկոսյանի հետ, ով վարպետության դասի ընթացքում ներկայացրել է Բախի 2-րդ պարտիտը։ Իսկ վարպետաց դասին հետեւել են մոտ 70 երաժիշտներ, որին հեռավար մասնակցել են ոչ միայն նվագախմբի անդամները, այլ նաեւ երաժշտական դպրոցների, Կոնսերվատորիայի ուսանողները, բոլոր ցանկացող երաժիշտները։ Պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ

Սմբատյանի խոսքով, առցանց վարպետաց դասերն իրենց կրթական առաքելության մասն են կազմում։ Դրանք լինելու են շարունակական. հայ երաժիշտների համար հնարավորություն են ստեղծելու՝ հանդիպել աշխարհում մեծ ճանաչում ունեցող արտիստների հետ, ծանոթանալ նրանց մասնագիտական հմտություններին, կատարողական նրբություններին։ Ըստ Սմբատյանի, պարտադրված համերգային գործունեության դադարը պետք է կարողանալ նպատակային եւ արդյունավետ օգտագործել, եւ այս նախաձեռնությունը միտված է հենց դրան։