Նրանք դարձել են Նիկոլ Փաշինյանի պրոպագանդիստը, փորձում են անգամ Եռաբլուրի ջարդերն արդարացնել
Արդեն երկու շաբաթ է Նիկոլ Փաշինյանն ու իր ուսապարկերը լծվել են իրենց արդեն նախկին թիմակից Հովիկ Աղազարյանին սևացնելու գործին: Նախ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ «խնդրել» է Աղազարյանին վայր դնել պատգամավորական մանդատը, ապա օրեր անց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն տարածեց, որ Աղազարյանին հեռացնում են կուսակցության շարքերից` «ինֆորմացիայի արտահոսքերի և բարոյական ինչ-ինչ նորմերին» չհամապատասխանելու համար: Այն բանից հետո, երբ Աղազարյանը մերժեց Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը» պարզվեց, որ նա անբարոյական է եւ մատնիչ: Իշխող թիմին պատկանող սունկ կայքերը սկսեցին նրան մեղադրել միասեռական լինելու մեջ: Սա այն նույն իշխանությունն է, որն Ազգային ժողովի ամբիոնից տրանսգենդերին հարթակ տրամադրեց, իսկ վարչապետն էլ հայտարարեց, որ տրանսգենդեր Մելինե Դալուզյանն իր անձնական պաշտպանության տակ է: Սա այն նույն իշխանությունն է, որը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար կոկորդ էր պատռում եւ հիմա միջազգային կառույցների հետ գենդերային հավասարության, խտրականության բացակայության մասին են 24 ժամ խոսում: Ստացվում է, որ մի տեղ միասեռական լինելը առավելություն է, մի տեղ` խարան ու մարդուն ողջ երկրով խայտառակելու, մանդատից զրկելու և վրեժխնդիր լինելու թեմա: Զրուցել ենք իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ:
- Հովիկ Աղազարյանի անձնական նամակները հայտնվել են քննիչի, ապա Նիկոլ Փաշինյանի սեղանին, ինչից հետո իշխանական կայքերը պատգամավորին սկսել են մեղադրել միասեռական լինելու մեջ: Արևմտյան ինտեգրացիայի ձգտող իշխանությունը նման քայլի կարո՞ղ էր գնալ:
- Այն, ինչ տեղի է ունեցել` անբարոյականություն է, մարդու անձնական կյանքը իր որոշելիքն է: Հովիկ Աղազարյանի ինտիմ կյանքը և էռոտիկ ֆանտազիաները քննարկելը անբարոյականություն է: Ով ինչ նախասիրություններ ունի, դա բացառապես իրեն է վերաբերում: ՔՊ-ականների մեջ կան նաև մարդիկ` նախկին քաղհասարակությունից, ովքեր առաջներում լեկցիաներ էին կարդում` լուրջ-լուրջ, դեմքերով, վերամբարձ տոնով, թե որքան կարևոր են մարդու իրավունքները: Կյանքը ցույց տվեց, որ ըստ նպատակահարմարության կարող են ամեն ինչ անտեսել և անել այնպես, ինչպես հրամայում է իրենց շեֆը, և եթե անգամ շեֆն ասում է` ոչնչացրեք մարդուն, նրանք պատրաստ են ոչնչացնել: Ոչ մի սկզբունք չունեն նրանք: Հաստատապես ասում եմ, որ նրանք այն արժեքների կրողը երբեք չեն եղել, որոնց մասին խոսել են, պարզապես Արևմուտքից գրանտներ են ստացել ու ձևացրել, թե ժողովրդավար են, կարևորում են մարդու իրավունքները, բայց իրականում անգամ բարոյականություն չունեն:
- Ստամբուլյան կոնվենցիա վավերացնելու համար գլուխ էին ջարդում: Այսինքն` նույնիսկ իրենց վավերացրած կոնվենցիաների գաղափարնե՞րը չեն հասկանում և կրում:
- Ես միշտ էլ կասկած եմ ունեցել, որ այս իշխանությունը Ստամբուլյան կոնվենցիան շրջանառելու է, կամ վերջնական` վավերացնելու: Անգամ նրանց ցանկության վրա եմ կասկածում: Թե նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և թե ներկաների մեջ կան մարդիկ, ովքեր ԼԳԲՏ համայնքից են: Ինձ համար ընկալելի չէ, թե ինչու են լռում նրանք, եթե լիներ գոնե ներքին ընդվզում, իրավիճակը գուցե այլ լիներ: Այսինքն` այս մարդիկ ըստ նպատակահարմարության են գործում, նրանք բոլորը հավասարապես բարոյազուրկ են ինձ համար:
- Իսկ մարդու անձնական տվյալները յուրացնելու, նամակներ կարդալու մասին ի՞նչ կասեք:
- Քննիչը բնականաբար կարող էր հասանելիություն ունենալ հեռախոսին, բայց այն պահից, երբ հեռախոսը փոխանցվում է երրորդ անձին, դա հակասահմանադրական է: Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը, իրավապահները, քննիչները իրականացրել են հակասահմանադրական գործընթաց, ինչը քրեորեն պատժելի է, բայց քանի որ մենք դատախազություն չունենք, քանի որ բոլոր ժամանակների նման գլխավոր դատախազը իշխանության քմահաճույքներն է կատարում, առաջնորդվում է ըստ իշխանության նպատակահարմարության, մենք արդարություն չենք կարող ակնկալել: Բայց ես հիշում եմ, թե Հովիկ Աղազարյանը ինչպես էր ինքնազոհաբար գովերգում վարչապետին, առանց հասկանալու, որ մի օր էլ այդ մահակը իր ուղղությամբ է գալու: Աղազարյանը վայելում է այն, ինչը արդարացնում էր ինքը: Ինչ ցանել են, հնձում են, թող մյուսներն էլ պատրաստվեն: Իրենք արժանի են դրան:
- Իրավապաշտպան կառույցները նման դեպքերում պատրաստո՞ւմ են զեկույցներ, տեղեկացնո՞ւմ են միջազգային կազմակերպություններին, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում:
- Միջազգային կառույցները չունեն այդ զեկույցների կարիքը, նրանք հետևում են բոլոր պրոցեսներին: Ողջ քաղհասարակության մասին չեմ կարող խոսել, որովհետև ոմանք դարձել են Նիկոլ Փաշինյանի պրոպագանդիստը և փորձում են անգամ Եռաբլուրի ջարդերն արդարացնել: Չեմ պատկերացնում նման պրոպագանդիստները ինչպես պետք է քննադատեն իրենց շեֆին: Ես` ինքս իմ պարտականությունն եմ համարում չշեղվել այն սկզբունքներից, որոնց համար իմ աշխատանքն եմ կատարում:
Կարծիքներ